ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԻՄ ՉԻՆ ԻՆԸ ԵՐԵՎԻ ԹՐԱՄՓԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ ՀԱՍՑՆԻ

05.09.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄ ՉԻՆ ԻՆԸ ԵՐԵՎԻ ԹՐԱՄՓԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ ՀԱՍՑՆԻ


Այս վերջին հանգստյան օրերը գերթեժ իրադարձությունների առումով ռեկորդային դարձան: Թվարկենք  դրանցից մի քանիսը: 
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՐԵԹԵ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Ամերիկյան իշխանությունները, ըստ էության, ուժային մեթոդով կալանքի տակ առան Սան-Ֆրանցիսկոյի ռուսական հյուպատեսարանը, ինչը ոչ միայն դիվանագիտական անձեռնմխելիության կանոնների, այլ նաեւ՝ այդ ուղղությամբ ժամանակին ստորագրված ռուս-ամերիկյան  փաստաթղթի ուղղակի ոտնահարում էր: Բնական է, Մոսկվայից ստացվեց ամենակոշտ արձագանքը: Սակայն այս պատմությունը համաշխարհային թիվ 1 սենսացիան չդարձավ, հաշվի առնելով, որ հազիվ էին կրքերը սկսել թեժանալ, երբ Վաշինգտոնի համար առավել քան տհաճ լուր  ստացվեց. Հյուսիսային Կորեան, որ մինչ այս հրթիռներ էր արձակում, հիմա էլ ջերմամիջուկային զենքի հաջող փորձարկում է իրականացրել...
Այս ամենին դեռ կանդրադառնանք: Մինչ այդ, ընդգծենք այս օրերի ամենակարեւոր իրադարձություններից եւս մեկը: Այսպես, կիրակի օրը սիրիական բանակը, ճեղքելով «Իսլամական պետություն» խմբավորման պաշտպանությունը, լուրջ առաջընթաց ունեցավ Դեր-Զոր քաղաքի ուղղությամբ իրականացվող հարձակողական օպերացիայում: Հիշեցնենք, Դեր-Զորը, որի վերահսկողությունը մնում է սիրիական պետության ձեռքին, արդեն ավելի քան 4 տարի շրջապատված վիճակում է, այն էլ՝ գտնվելով ԻՊ-ի գրաված տարածքների ամենախորը թիկունքում: Քաղաքը, այնուամենայնիվ, կարողացավ դիմանալ, եւ ահա սիրիական բանակը հարձակման ընթացքում երեկ երեկոյան գործնականում ճեղքեց այդ քառամյա օղակը: 
Այս փաստը էական է նաեւ նրանով, որ Դեր-Զորը դարձել է ԻՊ-ի նկատմամբ սիրիական բանակի հաղթանակի հիմնական խորհրդանիշ: Այսինքն, քաղաքի ազատագրումը գործնականում կնշանակի նաեւ Սիրիայում ԻՊ-ի վերջը: Չէ, դրանով դեռ պատերազմը չի ավարտվի, սակայն ԻՊ-ի ոչնչացումից հետո մյուս գրոհային կառույցների հարցը կդառնա կարճ ժամանակի խնդիր:
Մի խոսքով, նախագահ Ասադը կանգնած է մեծ հաղթանակի շեմին, ընդ որում, պարտվողները ոչ միայն տարաբնույթ մեծ ու փոքր խմբավորումներն են, այլ, թերեւս գրոհայիններից էլ առաջ, Վաշինգտոնը: Նաեւ նկատենք, որ առաջին պլանում Ասադի եւ սիրիական բանակի անունն է, սակայն հասկանալի է, որ հաղթանակը նրանցից էլ առաջ Մոսկվայինն է, ապա՝ Թեհրանինը: Եվ մարտադաշտն էլ միայն Սիրիան չէր, այլ՝ ողջ Մերձավոր Արեւելքը: Ավելին, այս հարթակում բախումն ինդիկատորի դեր ունի այն մեծ պայքարում, որն ԱՄՆ-ի դեմ մղում է Մոսկվան՝ Չինաստանի հետ դաշինքով: 
Այսպիսով, պատահակա՞ն էր, որ Հս.Կորեան իրականացրեց ջերմամիջուկային զենքի փորձարկում հենց այն պահին, երբ սիրիական բանակը տվեց իր թերեւս ամենավճռական հարձակման մեկնարկը: Եթե անգամ մի պահ ընդունենք, որ այդ իրադարձությունները իրար հետ կապված չեն, էլի բան չի փոխվում: Կրկնենք, Դեր-Զորի ապաշրջափակումը սիրիական պատերազմում ունի մոտավորապես նույն իմաստային նշանակությունը, ինչ Բեռլինի գրավումը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Սա ԱՄՆ-ի համար լուրջ պարտություն է, բայց Վաշինգտոնը չկարողացավ ոչնչով միջամտել, քանի որ ստիպված էր լիովին կենտրոնանալ հյուսիսկորեական խնդրի վրա: Ընդ որում, որ այդ փաստից Վաշինգտոնում առավել քան նյարդայնացել էին, դժվար չէր նկատել: Մի կողմից Պենտագոնի ղեկավարը սկսեց խոսել այն մասին, թե իրենք կարող են ոչնչացնել ողջ Հյուսիսային Կորեան, մյուս կողմից՝ նախագահ Թրամփը չբացառեց մինչեւ իսկ միջուկային զենքի գործադրման հնարավորությունը: 

ԹՐԱՄՓՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԾՈՒՂԱԿԸ ԳՑԵՑ
Չնայած, հենց նման հայտարարություններով էր, որ Թրամփն ինքն իրեն բավականին լուրջ ծուղակի մեջ գցեց: Կիմ Չին Ինի ամեն մի հերթական քայլին ի պատասխան Թրամփը խոստանում էր ամենավճռական միջոցներին դիմել: Բայց արդյունքում միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Փհենյանի հրթիռները արդեն սկսեցին թռչել Ճապոնիայի վրայով, փորձարկում են ջերմամիջուկային զնեք, որը նախնական գնահատականներով մոտ 6 անգամ հզոր է Հիրոսիմայի վրա գցված ռումբից: Կարճ ասած, Կիմ Չին Ինը գնալով ուժեղացնում է իր գործնական քայլերը, որին ի պատասխան, Թրամփը դեռ միայն ավելի բարձր է գոռում՝ չանելով ոչ մի ռեալ քայլ: Եվ եթե միջուկային զենքի փորձարկումից հետո եւս Թրամփը բավարարվի միայն իր ավանդական գոռգոռոցներով, դա խոստանում է նրան վերջնականապես հեղինակազրկել նախ ասիական տարածաշրջանի հիմնական դաշնակիցների` Հվ. Կորեայի եւ Ճապոնիայի աչքերում. համենայնդեպս՝ երկուսն էլ արդեն իսկ փորձում են ակտիվ շփումների մեջ մտնել Մոսկվայի հետ: 
Բայց ամբողջ հարցն այն է, թե այս իրավիճակում ի՞նչ ռեալ քայլ կարող է կատարել Թրամփը: Բոլորն են հասկանում, որ Հյուսիսային Կորեան ո՛չ Լիբիա է, ո՛չ էլ` Իրաք: ԱՄՆ-ն, իհարկե, մեծ ջանքերի գնով միգուցեեւ կարողանա այս երկիրը նվաճել: Սակայն դեռ տարիներ առաջ են մասնագիտական հաշվարկներ արվել. Հյուսիսային Կորեան գրավելու համար Վաշինգտոնը պետք է սպասի միայն իր բանակի կազմից առնվազն 100-200 հազար մարդու կորստի ¥հաշվի չառնելով միջուկային գործոնը¤: Մինչեւ մի քանի միլիոն մարդ կարող են կորցնել Հարավային Կորեան ու Ճապոնիան: 
Հաջորդը. Փհենյանի դեմ հարձակումն ու դրա հետեւանքները խոստանում են այնպիսի նոր ցնցումներ հաղորդել առանց այդ էլ ցնցումների մեջ գտնվող ԱՄՆ-ին, որ դրանից հետո անգամ այդ կարգի գերհսկան կարող է եւ ոտքի վրա չմնալ:
Ու եթե անգամ նման կորուստների գնով Վաշինգտոնը նույնիսկ ոչնչացնի Հս.Կորեան, դա էլ մեծ հավով բան չի փոխում: Ի վերջո ԱՄՆ-ի հիմնական հակառակորդը ոչ թե Փհենյանն է, այլ Մոսկվան ու Պեկինը: Ի դեպ, պատահակա՞ն էր, որ այս ամենը համընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցին: Առիթը, ճիշտ է, ԲՐԻԿՍ-ի ¥ՌԴ, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Հարավաֆրիկյան հանրապետություն¤ գագաթաժողովն էր: Դա էլ, ինչ խոսք, իր հերթին է Վաշինգտոնի համար եւս մեկ գլխացավանք: Բայց ամենաէական փաստն այն է, որ թվարկված բոլոր զարգացումներին Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները հետեւում էին միասին` երկկողմ հարաբերությունների մասին միանգամայն դրական հայտարարություններ հնչեցնելով: Այսինքն՝ Հս. Կորեայի դեմ ցանկացած քայլ կատարելու դեպքում Թրամփը պետք էնաեւ այս վերջին փաստը աչքի առաջ ունենա: Այսինքն՝ Փհենյանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներից խոսելն անգամ արդեն ծիծաղելի է: Մնում է ռազմական տարբերակը: Բայց Փհենյանը կարող է պատասխան միջուկային հարված հասցնել ոչ միայն ԱՄՆ-ի դաշնակիցներին. արդեն փաստ է, որ Հս. Կորեան ունի հզոր ջերմամիջուկային լիցք, այն, տարբեր տվյալներով, ավելի քան 10 հազար կմ տեղափոխելու ունակ հրթիռներ: Այսինքն՝ կարող է հարվածի տակ հայտնվել բուն ԱՄՆ-ի զգալի մասը, եթե ոչ ամբողջ երկիրը: Ի պատասխան ԱՄՆ-ն պետք է Հս. Կորեայի՞ն միջուկային հարված հասցնի: Բայց չէ՞ որ այդ երկիրը Չինաստանի սահմանին է, այսինքն՝ նաեւ Պեկինը այդ հարվածներն իրեն ուղղված կարող է համարել: Եվ եթե Թրամփը չի պատրաստվում հասնել մոլորակի ոչնչացմանը, ապա Փհենյանի դեմ ռազմական հարվածի հավանականությունը մնում է զրոյական:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ
Մի խոսքով, Թրամփը կարծես թե գործնական պատասխանի հնարավորություն չունի: Առավել եւս, որ այդ դեպքում պետք է նաեւ մոտավորապես նույն կարգի արձագանք տա Մերձավոր Արեւելքում, որտեղ ԱՄՆ-ի պարտությունը շատ ավելի լուրջ է. ի վերջո, Հս. Կորեան մինչ այս էլ  համարվում էր չինական ազդեցության գոտի, իսկ Մերձավոր Արեւելքի տերն ու տիրակալը Վաշինգտոնն էր ու հիմա այնտեղ կորցնում է իր երբեմնի ունեցածը: Բայց եթե ռեալ պատասխան չլինի, այս դեպքում էլ սկսվելու են Թրամփի համար այն բոլոր բացասական գործընթացները, որոնց մասին արդեն իսկ խոսեցինք:
Ընդ որում, Վաշինգտոնի համար ելք չէ նաեւ նախագահի իմպիչմենտը: Լիբերալները, ինչ խոսք, այսչափ թուլացնելով նախագահի դիրքերը, հույս ունեն հասնել իմպիչմենտին եւ վերցնել Օբամայի, ավելի ճիշտ՝ Հիլարի Քլինթոնի կորցրած նախագահական աթոռը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Թրամփը հենց այնպես չէ, որ վերցրեց իշխանությունը. ամերիկյան հասարակության խորքերում, ինչպես վերջերս էլ ակնհայտ դարձավ, կան առավել քան հզոր հակալիբերալական տրամադրություններ: Ամերիկյան պետական պարտքն ու դրա հարուցած խնդիրներն եւս կմնան` ով էլ որ լինի նախագահական աթոռին նստած:
Մի խոսքով, թե այս ամենին գործնականում ինչպես կարձագանքի Վաշինգտոնը, դեռ կտեսնենք: Բայց փաստն այն է, որ ամերիկյան աշխարհակալության դարաշրջանը կարելի է ավարտված համարել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА