ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

05.09.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ



Չորս տարի առաջ` 2013-ի սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի` Եվրասիական միություն մուտք գործելու մասին: Այն ժամանակ շատերն անակնկալի էին եկել, եւ հնչեցին մեղադրանքներ, իբր «մի գիշերվա մեջ» երկրի կուրսում տեղի ունեցավ շրջադարձ: Բայց իրականում դա երկրի ղեկավարի հավասարակշռված քաղաքականության արդյունք էր, եւ, խոշոր հաշվով, այդտեղ անսպասելի ոչինչ չկար: 
ԿԱՄ-ԿԱՄԻՑ ԴԵՊԻ ԵՎ-ԵՎ
Ճիշտ է, Հայաստանում այդ ժամանակ ընթանում էր բավականին ինտենսիվ աշխատանք` ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու, բայց դա ամենեւին չէր նշանակում, որ եվրասիական ինտեգրման ուղղությամբ աշխատանքներ չէին տարվում: Սերժ Սարգսյանը քանիցս հնչեցրել էր այն թեզը, որ Հայաստանի համար նախընտրելի է «եւ-եւ»-ի տարբերակը, այսինքն` միաժամանակ  իրականացնել ինտեգրման երկու ուղղությունները` առանց հակադրելու մեկը մյուսին, սակայն Եվրոպայում դրեցին «կամ-կամ»-ի պայմանը: 
Եվ երկրի ղեկավարն ընդունեց շատ տրամաբանական որոշում` եթե ընտրության հարց է, թե ում հետ ինտեգրվել, ապա տնտեսական առումով բնական է ինտեգրվել այն գործընկերոջ հետ, որի հետ առկա են ռազմավարական դաշինքային հարաբերություններ ռազմական ոլորտում: Այն ժամանակ եղել էին արձագանքներ, թե Սերժ Սարգսյանի որոշումը շատ վատն է, կամ ընդհակառակը, այն հրաշալիորեն լավն է: Սակայն երկու մոտեցումներն էլ թերի են, որոշումը ոչ թե լավն էր կամ վատը, այլ պարզապես ճիշտը: 
Թե ինչ առավելություններ տվեցին Եվրասիական միությանը անդամակցելու չորս տարիները, կամ ինչ խնդիրներ կան, որ սպասում են իրենց լուծմանը` դրա շուրջ բազմիցս հնչել են քաղաքական գործիչների եւ փորձագետների կարծիքները: Անշուշտ, երկիրը ցնցումներից զերծ պահելու տեսակետից` բավականին կարեւոր էր այդ գործընթացի սոցիալական բաղադրիչը` եթե էներգակիրները նույն Ռուսաստանից ստանայինք եվրոպական գներով, ապա կբախվեին բավականին դաժան գնաճի` բոլոր ապրանքների ու ծառայությունների գծով, գումարած դրան արտագնա աշխատանքով ապրող ընտանիքների պայմաններն էլ այլ կլինեին: 
Սակայն հարկ է նշել, որ արտաքին քաղաքական ուղղությամբ էլ Սերժ Սարգսյանն իրեն դրսեւորեց որպես հմուտ քաղաքական շախմատիստ: Նա, ըստ էության, այդ չորս տարիների ընթացքում հետեւողականորեն շարունակեց «եւ-եւ»-ի գիծը: Մինչ անհապաղ եվրաինտեգրման զոռբա փորձի հետեւանքով Ուկրաինան ընկղմվեց քաղաքացիական պատերազմի մեջ եւ կորցրեց Ղրիմը, մեր երկիրը ոչ միայն պահպանեց ներքին անդորրը, այլեւ այս աշնան ընթացքում նաեւ եվրաինտեգրման գծով դուրս ենք գալիս «ֆինիշի»: Այնուամենայնիվ, նույն Եվրամիությունը առաջարկեց ասոցացման այնպիսի սխեմա, որը չի հակասում ԵԱՏՄ-ին: Եվ այդ ամենն ուներ նաեւ իր առաջին հայացքից չերեւացող մասը, ավելի ճիշտ այն մասը, որը որոշ շրջանակներ չտեսնելու էին տալիս: 
Այսպես, ճիշտ այնպես, ինչպես չտեսնելու էին տալիս ՀՀ նախագահի «եւ-եւ»-ը 2013-ին, նույնությամբ հիմա մեկ էլ զարմանքով «հայտնաբերեցին», որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Վրաստանում անցկացված զորավարժություններից եւ ոչ մեկը Հայաստանը բաց չէր թողել, եւ դա տեսան միայն այն բանից հետո, երբ այս վերջինին մեր երկիրը չմասնակցեց: Բայց փաստը մնում է փաստ, որ ռուս գործընկերները միշտ էլ ըմբռնումով են ընկալել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի որոշակի ծրագրերին, եւ այդ ծրագրերի շնորհիվ այժմ ունենք շատ լավ համարում ունեցող խաղաղապահ ուժեր, որոնք բարձր են գնահատվում նաեւ նույն Ռուսաստանի փորձագետների կողմից: Ու այդ ուղղությամբ կուտակված փորձն էլ նույն Յուրի Խաչատուրովին թույլ է տալիս համարձակորեն առաջ քաշել արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահ ուժեր ստեղծելու անհրաժեշտության հարցը, եւ, բնականաբար, Հայաստանն այդտեղ առաջատար է լինելու: 
Հարկ է տեսնել եւ հակառակ գործընթացը` նույն ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտեցել եւ մոտենում մեր սերտ հարաբերություններին Իրանի ու, առավել եւս, Ռուսաստանի հետ: Եվ դա տեսանք նաեւ էներգետիկայի ոլորտում հավակնոտ առաջարկությունների տեսքով: 
Ինչեւէ, գործնականում այս չորս տարին դարձան մեր երկիրը ծայրահեղություններից, ու դրա շնորհիվ նաեւ ճնշումներից զերծ պահելու ժամանակաշրջան: 
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
ԵԱՏՄ-ի դեմ հանդես եկողներից շատերը բավականին հաճախ հարց են հնչեցնում` ինչպես կարելի է լինել նույն միության մեջ` թուրքաադրբեջանամետ բռնապետ Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսի հետ: Բայց արդյո՞ք դա ավելի ծանր է, քան այն, որ Հունաստանը Թուրքիայի հետ նույն կառույցում է` ՆԱՏՕ-ում, իսկ հույների եւ թուրքերի մեջ թշնամանքը երբեք էլ չի դադարել... 
Մյուս հարցը, որի շուրջ հիսթերիաներն անպակաս էին` դա այն է, որ Հայաստանը միջազգային հարթակներում Ղրիմի հարցով միշտ էլ հետեւողականորեն պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումը: Դրա վերաբերյալ միշտ աղմուկ էին բարձրացնում, թե Հայաստանը հայտնվում է նույն թիմում` «իզբոյ պետությունների» հետ: Բայց մի՞թե ինքնորոշումը տարածքային ամբողջականությունից առավել կարեւոր դասելը, որը ՀՀ ուղեգծի կարեւորագույն եւ անփոփոխ մասն է, չպետք է տարածվի Ղրիմի վրա: Եվ մի՞թե նույն այդ հարցում հուսալի դաշնակցի վարքագիծ դրսեւորելը պարսավելի որեւէ բան է պարունակում: 
Իսկ տարատեսակ գույնզգույն շարժումների միջոցով, այնուամենայնիվ, փորձեր կատարվում էին Հայաստանում անել նույնը, ինչ Ուկրաինայում: Դե հասկանալի է, ամերիկացիք չէին ուզում հաշտվել այն մտքի հետ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ են: Բայց հսկաների հակամարտության, անգամ առճակատման պայմաններում ծայրահեղությունից խուսափելը մեզ թույլ տվեց ոտատակ չընկնել ու պահպանել կայունությունը, ինչը պատերազմող երկրի պարագայում առավել քան կարեւոր է: Ճիշտ է, գունավոր սցենարների իրականացմանը խանգարեց մեր գրանտակերների անսահման ընչաքաղցությունը, երբ հեղափոխության համար նախատեսված փողերը պարզապես գրպանվում էին, բայց առավել կարեւորը ծայրահեղություններից հեռու պետական քաղաքականությունն է:  
Այդ տարիներին բազում քաղաքական ծայրահեղականների տեսանք, մի մասն առանց զենքի, մի մասը` զենքով, ուր հաճախ չէր էլ երեւում, որտեղ է ավարտվում մեկը, եւ սկսվում մյուսը: Բայց այդ ամենը ձախողվեց, այդ թվում եւ զենքի միջոցով իշխանության հարց լուծելու երեք փորձերը: Մեկ տարուց մի քիչ ավել է անցել հանցավոր զինված խմբի կողմից ՊՊԾ
 գունդը գրավելուց հետո, սակայն հիմա այդ զինված խմբի հանրային վարկանիշը ծայրահեղ ցածր է: Եվ չի օգնում ոչ դատավարությունները մշտապես կրկեսի վերածելը, ոչ էլ հսկայական քարոզչական աշխատանքը գրոհայիններին հերոսացնելու ուղղությամբ: 
Իսկ մյուսնե՞րը... Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ի դեմս ՀԱԿ-ի` նրա նեոբոլշեւիկների գործոնը լրիվ չեզոքացվեց: Չեզոքացվեց եւ ՕՐՕ դաշինքը, որի թիկունքում ուրվագծվում էր Ռոբերտ Քոչարյանի ստվերը: 
Դե, ժամանակին ծայրահեղական-մայդանային բոլոր երեւույթներում տեսնում էինք Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Զարուհի Փոստանջյանին: Եվ ո՞ւր են հիմա նրանք` բարեւասեր Րաֆֆին, որ մշտապես խոսում էր «թավշյա իշխանափոխության» մասին, հանկարծ որոշեց հրապարակավ ողջագուրվել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ ճղճղան Զարուհին, որ բազմիցս ԱԺ ամբիոնն օգտագործում էր այս կամ այն շենքը գրավելու եւ սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար, հանկարծ Արցախի հանրաքվեի տարեդարձին հայտնվում է նույն տեղում, ինչ Սերժ Սարգսյանը, ում տիկինը ցանկանում էր ուժի կիրառմամբ տապալված տեսնել: Դե, ո՞ւր կորավ ձեր արմատականությունը, մինչեւ վերջ գնալու վճռականությունը, իշխանությանը «սեւ թուղթ» ուղարկելը, հարգելի, ավելի ճիշտ ոչ այնքան հարգելի քաղգործիչներ: Հրաժարվե՞լ եք ծայրահեղականությունից, թե` ընդամենը այդ մի ծայրահեղականությունը ձեր դիմակն էր, քաղաքական բիզնեսի բաղկացուցիչ մասը, որի միջոցով ստանում էիք ամերիկյան հարկատուի գրպանից հանած կանաչ թղթադրամները: 
Ի դեպ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին վերջին խոսողները` ԱԺ «Ելք» դաշինքը, թեեւ հնչեցնում է այն միտքը, որ ԵԱՏՄ լքելու գաղափարը ճիշտ է համարում, սակայն «ելքականները» մինչեւ հիմա չեն գտել այն հարցի պատասխանը, թե երբ եւ ինչպես անել: Այս պատճառով էլ աղմկալի մեկնարկից հետո «ելքականների» այդ թեման ակնհայտորեն քնեցրած, հերթապահ, պասիվ ռեժիմում է գտնվում: Ու չենք զարմանա, եթե «Ելքը» խորհրդարանում բավականին քիչ եւ ալարկոտ արտահայտվի այդ թեմայով: Չէ՞ որ շատ ավելի հեշտ է բարձրացնել կոմունիստական անվանումները պահպանած մեկ-երկու փողոցը անվանափոխելու հարցը: Դե ինչ անեն խորհրդարանական ընդդիմադիրները` մի կողմից` պետք է կտրուկ արտահայտվեն իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հանդեպ, մյուս կողմից` չեն ուզում կիսել ծայրահեղականների ճակատագիրը: Այ, այստեղ է թաքնված ընդդիմության գաղտնիքը` համ սովոր են ծայրահեղական բառապաշարով հանդես գալուն, համ միաժամանակ չեն ուզում փոխել իրենց հարմարավետ գետնախորշը դեպի ձախողում տանող ծայրահեղական ուղեգծի հետ:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА