ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ՊԵՏՔ՝ ՃՏՊ-ՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

01.09.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉ Է ՊԵՏՔ՝ ՃՏՊ-ՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Վերջին շրջանում շատ է քննարկվում այն հարցը, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ¥ՃՏՊ¤ եւ դրանց հետեւանքով՝ զոհերի եւ վիրավորների թիվը Հայաստանում ավելանում է մտահոգիչ տեմպերով: Ավելին, նաեւ ի հայտ եկավ տեղեկատվություն, որ 1000 մարդուն բաժին ընկնող ՃՏՊ-ների թվով աշխարհում առաջատարների թվում ենք: Մարդկանց մեծ մասի կարծիքով` սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում մեքենաները շատացել են: Այլ կարծիքով, վարորդական իրավունք է տրվում այնպիսի մարդկանց, ովքեր նույնիսկ երթեւեկության կանոններին չեն տիրապետում: Շատ մեղադրանքներ կան նաեւ Ճանապարհային ոստիկանության հասցեին: Այլ գնահատմամբ, պատճառը մեր խայտառակ ճանապարհներն են, կամ, որ մենք՝ հայերս եղել եւ մնում ենք անկարգապահ վարորդ: Եվ իրական պատճառը հասկանալը կարեւոր է նրանով, որ ՃՏՊ-ների այս ահագնացող տեմպերը նվազեցնելու միջոցը գտնվի: Ուրեմն՝ ի՞նչ է պետք անել: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է ոլորտին քաջատեղյակ անձանց հետ:

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆ.
- Վթարների ավելացման պատճառը խորքային է: Նախ` վթարների ավելացումը, իմ կարծիքով, կապված է ամառային սեզոնի հետ: Խնդիր է նաեւ վարորդական իրավունքի հարցը. որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վարորդական իրավունքն ուղղակի գնում են: Փաստ է, որ վթարներին նպաստել է նաեւ այսօրվա ԱՊՊԱ համակարգը. մարդկանց ապահովագրել են երրորդ անձի նկատմամբ պատասխանատվությունից, ու վարորդն էլ, գիտակցելով, որ վթարի դեպքում չի տուժելու ֆինանսապես, կորցրել է պատշաճ զգոնությունը՝ դիմացի վարորդի նկատմամբ: Այն ժամանակ, երբ ԱՊՊԱ չկար, ինչ էլ պատճառաբանեն, մարդիկ ավելի զգոն էին: Մեր երկրում երթեւեկության կանոնները եւս լիարժեք կարգավորված չեն, վատ են համապատասխան նշանները, գծանշանները: Տեղադրված տեսախցիկները ոչ թե երթեւեկության խնդիրներն են լուծում, այլ՝ բիզնեսի: Որքան շատ թակարդներ լարված լինեն վարորդների համար, այնքան ավելի շատ գումար կվաստակեն այդ բիզնեսով զբաղվողները:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր ԴԱՎԻԹ ՊԵԴԱՆՅԱՆ.
- Ճանապարհային ոստիկանությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ, այս տարի ՃՏՊ-ների թիվը անգամ նվազել է: Ենթադրում եմ, որ իրոք դա  այդպես է, պարզապես մեդիադաշտը սկսել է այս թեման ավելի շատ քննարկել: ՃՏՊ-ների թիվն էլ ավելի նվազեցնելու համար, իմ կարծիքով, առաջին քայլը այն է, որ տեխզննման կտրոնը (երբ սարքեցին մի ֆորմալ բան, որի համար քաղաքացին միայն վճարում է) ստանալու գործընթացը լինի ավելի դժվար, որ գնան, տեխզննում անցնեն, որից հետո միայն ստանան կտրոնը: ՃՏՊ-ների մեծ մասը լինում է հենց անսարք մեքենաների պատճառով: Մեքենաների ձեռքբերումը Հայաստանում ավելի հասանելի է դարձել, նույնիսկ՝ Իրանից են գալիս, մեքենաներ տանում: Բնականաբար՝ մեքենաների թվի աճը հանգեցնում է ՃՏՊ-ների աճին:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ փաստեց, որ վթարների թիվն ավելացել է ամբողջ աշխարհում. «Թե Հայաստանում որքանով են դրանք ավելացել, դժվար է ասել: Դրա հետ կապված պետք է խորը ուսումնասիրություն կատարվի, որպեսզի հասկանանք, թե ինչն է ՃՏՊ-ների ավելացման պատճառը»:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե ինչ պետք է անել` ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու համար:
1. Պետք է ռեալ բարձրացնել ավտոտեսուչների գործունեության որակը-38%:
2. Ճանապարհները կարգի բերել, փողոցները լայնացնել- 23%:
3. Վարորդների կարգապահությունը բարձրացնել- 19%:
4. Նախ պետք է կարգի հրավիրել տաքսիներին եւ երթուղային տաքսիներին: Հիմնականում դրանք են վթար ստեղծողը- 6%:
5. Դժվարանում են պատասխանել- 14%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА