ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում ձեւավորվել է առաջին քաղաքական ուժը, որը տանելու է այն քաղաքականությունը, ինչ ՀՀ-ն ՌԴ-ի հետ

01.09.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
 Վրաստանում ձեւավորվել է առաջին քաղաքական ուժը, որը տանելու է այն քաղաքականությունը, ինչ ՀՀ-ն ՌԴ-ի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքների, շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ տեղական օրենսդիր մարմինների (սակրեբուլո) պատգամավորների ընտրությունների օրը նշանակել Է հոկտեմբերի 21-ին: Եվ թեպետ դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն որոշակի նախընտրական լարվածություն է նկատվում ողջ Վրաստանում, այդ թվում` Ջավախքում: Ընդ որում` այսօրվա դրությամբ` Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդեն յոթ կուսակցություն է գրանցել տեղական ընտրություններին մասնակցելու համար, որոնցից հատկանշական է մասնավորապես` նոր ձեւավորված «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության մասնակցությունը: Այս կուսակցության նախընտրական աշխատանքներին է միացել նաեւ Ախալքալաքից ընտրված Վրաստանի խորհրդարանի նախորդ գումարման անկախ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ավելին` նա կլինի առաջադրվող թեկնածուներից մեկը, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ջավախքյան խնդիրների մասին: Սակայն, մինչ այդ, նրանից նախ պարզեցինք, թե որն է նոր ձեւավորված քաղաքական ուժի հիմնական գաղափարախոսությունը:Фото Իրավունք Թերթ.

«ՎՐԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԵՆԱ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ»

– Նախ ասեմ, որ դեռեւս օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին Կինոյի տան շենքում բացվեց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության գրասենյակը: Ասեմ, որ այն բավականին լուրջ կուսակցական կազմակերպություն է, որի ղեկավարներն են խորհրդարանի նախագահի տեղակալ Իռմա Ինաշվիլին եւ կուսակցական ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավին, որը հենց այդ օրը շատ կարեւոր ելույթ ունեցավ: Նրա այդ խոսքերը մեզ շատ հոգեհարազատ են, որտեղ մասնավորապես նշեց, որ այսօրվա դրությամբ` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից արդեն էքսպանսիա է նկատվում հենց Վրաստանի մեջ: Այստեղ կարեւոր է, որ հենց Վրաստանի քաղաքական ուժի ղեկավարն է այս մասին բարձրաձայնում, որովհետեւ այսօր մենք ինքներս ենք զգում այդ էքսպանսիան նաեւ Ջավախքում:

– Պարոն Պետրոսյան, ՌԴ-ն ու Վրաստանը` ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի մակարդակով բանակցություններ են վարում: Ըստ Ձեզ` ի՞նչ արդյունք այն կարող է ունենալ: 

– Այս կուսակցությունը, որը մենք բացել ենք, Վրաստանում ձեւավորված առաջին քաղաքական ուժն է, որը տանելու է այն քաղաքականությունը, ինչ Հայաստանը Ռուսաստանի հետ: Վրաստանը պետք է անպայման Ռուսաստանի հետ ունենա սերտ կապեր, եւ մենք պետք է այս հարցում իրար կողքի կանգնած լինենք: Համենայնդեպս, Ջավախքն այդպես է մտածում: 

«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱՅԴ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ»

– Ի դեպ, ճանապարհաշինության առումով բավական դրական փոփոխություններ նկատեցինք Ախալքալաքում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Եթե չեմ սխալվում, վերջին մի 5-6 տարվա մեջ, բառիս բուն իմաստով, ասֆալտապատվել, բարելավել են քաղաքի բոլոր փողոցները: Ըստ իս, մնացել է մի 6-7 տոկոս, որ քաղաքը լրիվ բարեկարգված լինի: Պետք է ասել, որ այս ուղղությամբ նախկինում էլ իրականացվել է բավականին մեծ աշխատանք, այդ թվում` նաեւ գյուղամիջյան ճանապարհները բարելավելու հարցում:

– Իսկ նոր կառուցված ճանապարհը տնտեսական առումով որեւէ փոփոխություն մտցրե՞ց մեր տեղի հայրենակիցների կյանքում:

– Պարզ բան է, որ հիմա հեռավոր գյուղերը, որոնք այսօրվա դրությամբ կտրված էին կենտրոնից, այսօր բավականին կապված են, հետեւաբար այն ինչ-որ դրական ազդեցություն ունեցավ:

– Անդրադառնանք Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը, որի աշխատանքները բավական արագ են ընթանում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում դրա տակ:

– Բավականին շատ վտանգներ... Մենք չենք ընդունում այդ շինարարությունը եւ բացասական ենք վերաբերում: Յուրաքանչյուր ժողովուրդ, երբ ինչ-որ մի տեղ  շինարարություն է լինում, ակնկալիքներ է ունենում դրանից, իսկ մենք ոչինչ չենք սպասում: Ասում են` նոր աշխատատեղեր են բացվելու, բայց մենք վստահ ենք, որ ոչ մի աշխատատեղ էլ մեզ չեն տա: Դրսից պետք է գան ու աշխատեն եւ առաջին հերթին ադրբեջանցիներ: Իսկ թե ինչպիսին են հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինձ թվում է` մեկնաբանության կարիք էլ չկա, եւ պարզ է, թե ինչ իրավիճակ կարող է այստեղ ստեղծվել: Այնպես որ, Ջավախքում մեծամասնությունը դեմ է այդ շինարարությանը:

«ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԻՆԵՐՏ ՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ»

– Երբ Դուք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էիք, մեծ հույսեր էինք կապում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետեւ այս խնդիրը մշտապես Դուք էիք բարձրացնում: Հիմա ինչպե՞ս եք շարունակում պայքարը խորհրդարանից դուրս:

– 4 տարվա ընթացքում, իսկապես, այդ պայքարը տարել ենք, եւ մթնոլորտը բավականին փոխվել էր խորհրդարանում ու ընդհանրապես` Վրաստանի ղեկավարության մեջ: Արդեն իրենք էին իրար մեջ խոսում ցեղասպանությունը ընդունել-չընդունելու մասին, այսինքն` միջավայրը ստիպում էր քննարկել հարցը: Եվ ցավալի է, որ այսօր իներտ իրավիճակ է տեղծվել խորհրդարանում, ու այդ հարցը չեն բարձրացնում: Որպեսզի ստեղծված մթնոլորտը չմարի, մենք փորձեցինք շրջանային ժողովում այդ հարցը բարձրացնել: Հայրենանվեր տղաներ ունենք, որոնք սկսեցին ստորագրություններ հավաքել, որպեսզի հարցը շրջանային ժողովում դրվեր քննարկման: Սակայն գտնվեցին առանձին անձեր, ընդ որում`պատասխանատու, որոնք այսօր կոչված են ժողովրդի շահերը պաշտպանել, եւ համոզեցին, վախեցրին մարդկանց: Արդյունքում մի քանի հոգի ստորագրությունները հետ վերցրին, ու չկարողացանք այդ հարցը բարձրացնել:

– Բացի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից, էլ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած այսօր Ջավախքն ու ընդհանրապես` ողջ վիրահայությունը:

– Եթե ազգային խնդիրների մասին է խոսքը, ապա կարեւոր է, որ անպայման  վավերացվի եվրոպական խարտիան` ազգային փոքրամասնությունների լեզվի մասին: Պետք է լուծվի հայ ժողովրդի պատմության դասավանդման հարցը դպրոցներում, եւ պետք է վերջ դրվի աշխատանքի ընդունվելու ժամանակ ազգային պատկանելությունը կարեւորելուն: Աշխատանքի պետք է ընդունվեն նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են եւ ուժեղ այդ ոլորտում, այլ ոչ թե նայեն` հա՞յ է, ադրբեջանցի՞, թե՞ վրացի կամ մի ուրիշ ազգ:

ՋԱՎԱԽՔԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԻ

– Առհասարակ, ի՞նչ կասեք հայ-վրացական մերօրյա հարաբերությունների մասին: 

– Որքան էլ առանձին ղեկավարներ փորձում են հայ-վրացական բարեկամությունը տանել այլ ուղղությամբ, միեւնույնն է, հայ եւ վրաց ժողովուրդը դարավոր եղել են բարեկամներ ու կմնան: Մենք պետք է ամրապնդենք մեր կապերը վրաց ժողովրդի հետ, ի վերջո, Վրաստանը առանց Հայաստանի չի կարող գոյատեւել, նույնն էլ` Հայաստանն առանց Վրաստանի:

– Վրաստանում ՀՀ նոր դեսպան ունենալու հույսեր ունենք, ինչպիսի՞ն են Ձեր սպասումները: 

– Ես Վրաստանում ՀՀ այժմյան դեսպան Յուրի Վարդանյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Նա շատ մեծ գործեր է արել իր դիվանագիտական աշխատանքի ժամանակ, առհասարակ` իրեն բոլորը հարգում են եւ ընդունում, որովհետեւ սպորտի ոլորտում աստղ է եւ բարձր է պահել մեր դրոշը: Եվ մենք, իրոք, իրեն սիրում ենք: Բայց իր առողջական վիճակով պայմանավորված` Յու. Վարդանյանը պետք է իր լիազորությունները վայր դնի, եւ դեսպան է նշանակվելու մեր ջավախքցի հայրենակիցը` Սերգեյ Մինասյանը, որին հրաշալի ճանաչում ենք: Նա շատ բարձր մակարդակով եւ բազմակողմանի զարգացած տղա է, եւ վստահ ենք, որ կշարունակի հայ ժողովրդի եւ Հայաստանի դրոշը բարձր պահել դիվանագիտական դաշտում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА