ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԳՏԱՎ

01.09.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՐԴՈՂԱՆԸ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԳՏԱՎ

 

Ուշագրավ տեղեկություններ օրերս տարածեցին իսրայելյան աղբյուրները: Ըստ այդմ՝ Իսրայելից Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրի իրականացումը կարող է հետաձգվել: Աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ չի բացառվում նաեւ նման ծրագրերի չեղյալ համարումը:
ԱՆԿԱՐԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱՔՎԻՑ ԶԳՈՒՇԱՆԱԼ 
Իհարկե, մտածել, թե Իսրայելը հանկարծ հասկացավ, որ ռազմատենչ Ալիեւին զենք մատակարարելը լավ բան չէ, միամտություն կլիներ: Ուստիեւ հասկանալ է պետք, թե այդ ի՞նչ սեւ կատու է մտել այդ երկրի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ: Թե՞ ոչ մի սեւ կատու էլ չկա, եւ այս քայլով Իսրայլեը այլ ակնարկ է անում:
Սրան զուգահեռ մեկ ավելի ուշագրավ փաստ եւս նախօրեին արձանագրվեց: Հայտնի դարձավ, որ Էրդողանի Բաքու կատարելիք այցը չի կայանա: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորլան դա բացատրեց այսպես՝ այցը հետաձգվում է Էրդողանի խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով: 

Նախատեսված էր, որ Էրդողանը Բաքու է այցելելու Սեպտեմբերի 10-11-ին՝ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով հանդիպմանը մասնակցելու համար: Եվ ահա պարզվում է, որ Էրդողանի աշխատանքային գրաֆիկում հազար ու մի բան տեղավորվում է, բացի իր հիմնական դաշնակցի հետ նման կարեւորության հանդիպման մասնակցությունից: Այստեղ էլ հասկանալու շատ բան կա: Ներկայումս Թուրքիան այն բարդ իրավիճակում է, որ հազիվ թե ցանկանար իր ամենասերտ դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիր առաջացնել: Բայց ահա անգամ ադրբեջանական աղբյուրներն են կցկտուր ակնարկում, թե կարող էին նույնիսկ հասկանալ Էրդողանին, եթե նա վաղօրոք ծրագրված այցից հրաժարվեր` լուրջ պատճառներ բերելով: Բայց երբ պատճառաբանությունն այն է, թե նրա աշխատանքային գրաֆիկում ադրբեջանական այցի համար ժամանակ չի գտնվում, դա, ըստ նույն աղբյուրների, պարզապես վիրավորանք է Ալիեւի համար: Ու եթե Ադրբեջանում դա միայն վիրավորանք են համարում, ապա այլ աղբյուրներ Էրդողանի նման քայլը նույնիսկ Ալիեւին հասցված ապտակ են որակել:
Մի շարք աղբյուրներ նաեւ այդ այցի չկայացման հետ կապված բավականին հետաքրքիր ենթադրություններ են հայտնում, որոնցով, ի դեպ, կարելի է մեկնաբանել նաեւ իսրայելյան անօդաչու սարքերի պատմությունը: Այն է՝ Ալիեւը վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է արտաքին ծանր հարվածների թիրախում հայտնվում: Սակայն վերջին սկանդալը, որին անդրադառնալու առիթ ունեցել ենք, շատերը սկսել են համարել «վերջին դեղին քարտ»: Խոսքը՝ իսլամիստ ահաբեկիչներին ու հատկապես «Իսլամական պետությանը» մի քանի հարյուր ինքնաթիռ զենք, այդ թվում նաեւ՝ քիմիական ռազմամթերք մատակարարելու մեղադրանքների մասին է:
Իհարկե, ժամանակին նման մեղադրանքներ ու դրանք հիմնավորող փաստեր հասցեագրվել են նաեւ Թուրքիային, եւ թերեւս հենց Անկարան է Բաքվին է քարշ տվել այդ ուղղությամբ: Բայց փաստն այն է, որ ներկայումս Էրդողանը հանդես է գալիս իսլամական ԻՊ-ի դեմ ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին պայքարողի դերում ու խոշոր քաղաքական շահերի եւ հակաշահերի հորձանուտում նրա «հին մեղքերը» կարող են եւ անտեսանելի դառնալ: Իսկ ահա Ալիեւը` հատկապես այս տարեսկզբից սկսած, մասնավորապես՝ ղարաբաղյան թեմայի առնչությամբ գնալով աճող ճնշումների տակ է եւ դրանց տակից դուրս գալու համար փորձեց տարբեր ուղղություններով խաղալ, դժվարանում է նույն «հին մեղքերը» մարսել: Առավել եւս, որ նրա շարունակվող կապրիզները դեռ նոր ճնշումների անհրաժեշտություն են առաջացնում: Եվ մյուս կողմից՝ Արեւմուտքը ԻՊ-ին զենք մատակարարելու հարցում քավության նոխազ գտնելու խնդիր ունի:
Ինչեւէ, ԻՊ-ին զինելու թեման մնում է օրակարգում, իսկ դա նշանակում է, որ այդ պատմությանը շարունակում է ծանր հայացքով նայել Մոսկվան, Թեհրանը, իսկ Դամասկոսը երբեք չի մոռանա դա: Մինչդեռ Թուրքիան՝ Մոսկվա-Թեհրան-Դամասկոս առանցքի ուղղությամբ փորձում է իր հակաահաբեկչական նորացված կերպարը պահել: Ավելին, հենց Անկարան է, որ առավելագույնս մտահոգված է քրդական անկախության հեռանկարով եւ վերջին ժամանակներս ջանք ու եռանդ չի խնայում հակաքրդական կայուն թուրք-իրանական ալյանսի ձեւավորման հարցում: Բանը հասավ նրան, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վերջերս Թուրքիա կատարած այցից հետո Էրդողանը սկսեց խոսել քրդերի դեմ հնարավոր համատեղ պատերազմի մասին պայմանավորվածություններից, որը, սակայն, Իրանը հերքեց: Չնահանջելով` Էրդողանը պատրաստվում է նույն թեման առաջ մղել նաեւ մոտ ժամանակներս նախատեսված Իրան կատարելիք այցի ընթացքում: Հասկանալի է, Թեհրանի համար էլ է քրդական թեման կնճռոտ, Իրանի տարածքում եւս քրդական բավականին ստվար զանգված կա: Բայց դա միայն կնճիռ է, քրդերը, ի տարբերություն Թուրքիայի, Իրանի տարածքում ապրում են շատ ավելի նորմալ ու հանգիստ եւ ինքնավարության կամ անկախության մասին չեն էլ խոսում: Այն դեպքում, երբ Թուրքիայում այդ նպատակով իսկական պատերազմ են մղում: Այսինքն՝ համապատասխան հաշվարկների դեպքում Իրանը միգուցեեւ համաձայնվի իրաքյան Քուրդիստանի ստեղծման հետ, ինչը Թուրքիայի համար մահվան հեռակա դատավճռի պես մի բան է: Հետեւաբար՝ հենց էրդողանն է, որ ծայրահեղորեն շահագրգռված է Իրանի հետ ալյանսով, մինչդեռ՝ ԻՊ-ին քիմիական եւ այլ զինատեսակների մատակարարումների մեղադրանքները գլխին կախված Ալիեւի հետ ջան-ջիգյար անելը Իրանի հետ ալյանսի հարցում կարող է եւ լուրջ խնդիրներ առաջ բերել:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Այս ամենից զատ, ԻՊ-ի դեմ պատերազմն արդեն այն փուլում է, որ անգամ Իսրայելի կարգի պետությունն է փորձում այդ կառույցից առավելագույնս հեռու մնալ եւ երեւում է զգուշավորություն է ցուցաբերում նաեւ այդ կառույցին զենքի մատակարարումների մեջ մեղադրվողներից ¥թեեւ նկատենք, որ ոչ միայն Թուրքիան, այլ նրանից էլ առաջ՝ Իսրայելն է քանիցս մեղադրվել ԻՊ-ին ծնելու մեջ¤:
Նախ՝ նկարագրենք ԻՊ-ի ներկայիս վիճակը: Սիրիայում, ինչպես սպասվում էր, երկրի կենտրոնական մասը ազատագրված է: Մնում է վերջերս շրջապատման մեջ հայտնված,այսպես ասած, Այրիբաթի շրջապատման գոտին ¥տե՛ս քարտեզը¤, որը գրեթե երեք մասի է բաժանված, եւ վերջնական չեզոքացումն օրերի հարց է: Սիրիական բանակի հաջորդ մեծ օպերացիան Դեր-Զորի ուղղությունն է: Դրա երկրորդ փուլի մեկնարկը տրվեց, եւ այստեղ նույնպես սիրիական բանակը միանգամից հասավ մեծ հաջողությունների: Արդյունքում, Այրիբաթի օղակի չեզոքացումից հետո Դեր-Զորի ազատագրումը կդառնա հաշված շաբաթների, եթե ոչ օրերի խնդիր: Այդ Եփրատից դեպի արեւմուտք ընկած Սիրիայի ողջ տարածքում ԻՊ-ն կոչնչացվի: Եփրատից դեպի արեւելք եւս դեռ որոշ տարածքներ մնում են ԻՊ-ի ձեռքին, սակայն դա արդեն էական խնդիր չէ:
Սիրիական որոշ հատվածներում եւ հիմնականում՝ Իդլիբում դեռ գրոհայիններն են: Սակայն ԻՊ-ի չեզոքացումից հետո այդ մյուս խմբավորումներից շատերը մեծ հավանականությամբ իրենք իրենց կանհետանան, իսկ «Ալ-Քայիդայի» սիրիական մասնաճյուղ «Ջեբհաթ ան-Նուսրան» հազիվ թե կարողանա երկար դիմադրել:
Իսրայելից զատ, անգամ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն է վստահ, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ն «արմատախիլ արվելու շեմին է», որից հետո հասկանալի են դառնում այն երանգային փոփոխությունները, որոնք վերջին ժամանակներս հաճախ են նկատվում մայրցամաքային Եվրոպայում՝ ՌԴ-ի մասին արտահայտություններում: Ուստիեւ, բացի քրդական թեմայից, Մերձավոր Արեւելքում եւ դրա առաջ բերած համաշխարհային իրողությունները, ինչ խոսք, Թուրքիայի համար եւս մեկ պատճառ է՝ ԻՊ-ին զենքի մատակարարումների մեջ մեղադրվող Ալիեւից թեկուզեւ առերեւույթ դիստանցիա պահելու համար:
Գումարած դրան, ներկայիս իրողություններում արդեն ֆանտաստիկայի ժանրից չի թվում Եվրասիական միության հետ սերտորեն համագործակցելու Թուրքիայից հնչած վերջին ակնարկները: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ  Թուրքիայի միայն վատթարացող հարաբերությունների փաստը: Միայն մեկ փաստ մատնանշենք. նախօրեին Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից վերահսկվող գրոհայինները հարձակում ձեռնարկեցին այդ նույն գոտում քրդերին օգնող ամերիկյան զինվորականների դեմ: Կողմերը գերադասեցին դրանից մեծ աղմուկ չսարքել, քանի որ այդ դեպքում այն հարցն էր առաջ գալու, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի զինյալ ենթակաները հարձակվում են նույն ՆԱՏՕ-ի հիմնական առանցք հանդիսացող ամերիկյան զինվորականության վրա: Փոքր միջադեպ է, սակայն ակնառու շատ բանի մասին է ակնարկում:
Մի խոսքով, դեպի ԵՏՄ հնարավոր շարժը, որը պարզապես չի կարող առանց Հայաստանի համաձայնության լինել, եւս մեկ առիթ է Անկարայի համար, որ զգուշավոր դառնա Ալիեւի հետ հարաբերություններում: Առավել եւս, որ Բաքուն սկսել է այնպիսի գերնյարդային քայլերի գնալ, ինչպիսին է, օրինակ, հայաստանյան Չինարի գյուղի երեկվա միջադեպը, երբ ադրբեջանցիները կրակ բացեցին պլանային դիտարկում անցկացնող ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ուղղությամբ, որը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Բայց թե Ալիեւն ինչի կհասնի նման հիստերիաներով, մեծ հարց  է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА