ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՉԻՆՈՎՆԻԿՆ Է ՉԻՆՈՎՆԻԿ

01.09.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՉԻՆՈՎՆԻԿՆ Է ՉԻՆՈՎՆԻԿ



«Ելք» դաշինքի` փողոցների անվանափոխության վրա կենտրոնանալը եւ այդ թեման համահայկական սկանդալի մակարդակի հասցնելը արդեն դարձել է բազում հումորների առարկա: Այսպես, համացանցում անգամ «Ելքի» ներկայացուցիչների Արցախ մեկնելը եւ Ստեփանակերտի քաղաքապետի հետ հանդիպելը արժանացել է այսպիսի մեկնաբանության` հիմա ինչ, գնացել են Ստեփանակե՞րտն էլ անվանափոխել: Այսինքն` հանրությունը սկսել է  «Ելքին» անլուրջ վերաբերվել, եւ այդպիսի վերաբերմունք կա ոչ միայն իշխանամետ, այլեւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիների կողմից: 
«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բայց արդյո՞ք միակ խորհրդարանական ընդդիմությունը` «Ելքը», իր երկրում այլ պրոբլեմ չի տեսնում, քան որոշ փողոցների բոլշեւիկյան անունների վերջին մնացորդները: Մի՞թե իշխանության տարբեր մարմիններն ու տարբեր իշխանավորները վրիպումներ չունեն եւ անթերի են աշխատում: Իհարկե ոչ, ծավալուն անտառային հրդեհները, տարատեսակ խոշոր վթարները, «Նաիրիտի» չարաբաստիկ հրդեհը, որ մայրաքաղաքը գարշահոտությամբ էր լցրել, կանաչ տարածքների շարունակվող եւ լպիրշ վերացումը` հանուն օբյեկտաշինության եւ դղյակաշինության` այդ ամենը արժանի է մեղավոր չինովնիկների ամենախիստ եւ անողոք քննադատությանը: 
Համ էլ, մեր նախարարներից եւ փոխնախարարներից շատերը մտքի այնպիսի գոհարներ են արտադրում, որ ընդդիմությունն իրեն պետք է զգար ընդդիմադիր դրախտում, քանզի հանգիստ կարող էին քննադատել, ու քննադատությունը տեղին կլիներ: Եվ բազմաթիվ պախարակելի երեւույթներն են անպակաս, բայց արդյո՞ք հնչում է ընդդիմության ձայնը: Ոչ, փոխարենը աննշան հարցերը հասցնում են հայոց պատմության մակարդակի` իրական քննադատելի երեւույթները մի կողմ թողած: Այսինքն` խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Ելքի», շատ վատ է կատարում իր ընդդիմադիր առաքելությունը: 
Կարելի է ասել, որ նրանք թերեւս ոչ թե ընդդիմություն են, այլ աշխատում են ընդդիմություն: Եվ անհիմն չեն կասկածները, որ փողոցների անվանակոչության պես աննշան բաները փուչիկի պես փչելով եւ սկանդալային քննարկումներ հարուցելով, «Ելքը» պարզապես շեղում է հանրության ուշադրությունը իրական կարեւոր խնդիրներից: 
Նրանցից ոչնչով լավը չէ եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Օրինակ, ինչպես չհարցնես, թե ուր է կորել ճղճղան Զարուհի Փոստանջյանը: Չէ՞ որ խոստացել էր քաղաքապետարանին օրուարեւ չտալ, կանաչապատ տարածքները ագահաբար զավթելու եւ վերացնելու աղաղակող դեպքերը լավ էլ հարմար առիթ էին այդ օրուարեւ չտալու համար, բայց ի՞նչ ենք տեսում` լռություն: Նույնիսկ ամենածայրահեղական ընդդիմադիրները` սէֆիլյանականները, էլի շատ հեռու են բուն ընդդիմադիր որեւէ գործից: Ինչ կոչ հղեց ամբողջ ընդդիմադիր դաշտին ինքնահռչակ քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանը` թողնել ամեն ինչ, կենտրոնանալ եւ համախմբվել ՊՊԾ գունդը զավթած գրոհայինների ազատ արձակման խնդրի վրա, եւ հարկ եղած դեպքում պատրաստ լինեն իշխանական բռնությանը բռնությամբ պատասխանել: Արդյո՞ք դա չի նշանակում նույնպես ոչ թե ընդդիմադիր լինել, այլ ընդդիմադիր աշխատել, քանզի  հանրությանն առաջարկվում է մի կատարյալ դատարկ բան: Ու էլի` ոչ մի խոսք հանրությանն իրապես հուզող իրական եւ շատ ծանր պրոբլեմների մասին: Դե ինչ, այս տղերքն էլ ոչ միայն ընդդիմադիր են աշխատում, այլ ձեռի հետ զբաղեցնում են «քաղբանտարկյալի» հաստիքները: 
Լավ է գոնե ընդդիմադիր աշխատելու համար ռոճկացուցակներ չենք տեսել: Չնայած, եթե հանկարծ տեսնենք, ապա էլ չենք էլ զարմանա:
ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅԱՆ «ԲԱՆ ՓԱԽՑՆԵԼՈՒ» ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բնականաբար, հանրությանը հուզում է այն հարցը, թե ինչու վերջերս տարբեր կալիբրի պաշտոնատար անձանց կողմից իրականացվող չարաշահումները դարձել են այդքան ցինիկ եւ լկտի, այդ աստիճանի բացահայտ: Օրինակ, «Մոնումենտի» ծառապատ տարածքից մասնավոր սեփականություն հատկացնելը ու դրա հանգամանքները ամեն կերպ «տակով» անելու գործելակերպը հենց այդ դեպքն է: Կամ էլ` ամբողջ Դավիթաշենը խոսում է, որ այդ թաղամասի մի մեծ կանաչապատ տարածք սեփականաշնորհվել է մի պատգամավորի... 
Հիմա ինչո՞վ է պայմանավորված չինովնիկության այդպիսի գործելակերպը: Որ մի կողմից աճել է չարաշահումների ինտենսիվությունը, մյուս կողմից` չինովնիկները ահավոր թերանում են իրենց տարրական պարտականությունների կատարման հարցում: Ինչ է, արտասովոր շոգե՞րն են ազդել նրանց ուղեղներին: 
Ոչ, շոգերը որեւէ մեղավորություն չունեն, քանզի անկախ շոգից կամ ցրտից, այդ մարդկանց ուղեղներն աշխատում են միմիայն մեկ ուղղությամբ` անձնական, խմբակային, կլանային շահ: Իսկ այս պահին շատերը մտածում են` իսկ ինչ կլինի 2018-ի ապրիլից հետո:
Ո՞վ կլինի վարչապետը, ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը իր նախագահական լիազորությունների ավարտից հետո, ո՞ւմ ձեռքում կլինեն իրական լծակները եւ ինչպե՞ս կվերաբաշխվեն... Վերջապես չինովնիկներից ո՞վ կմնա եւ ո՞ւմ կուղարկեն թոշակի... 
Այ, այդտեղ է թաղված շան գլուխը, որ չինովնիկը չգիտի մնալու է, թե` ոչ: Իհարկե կան նաեւ այնպիսիք, ովքեր ստույգ գիտեն, որ մնալու շանսեր չունեն, բայց չկա ոչ ոք, ով ստույգ գիտի, որ մնալու է: Եվ այդ պայմաններում չինովնիկներից շատերը մտածում են` փախցնեն ինչ հնարավոր է, քանի դեռ պաշտոնի են: Ի դեպ, 2018-ի ինտրիգը ակտիվորեն քննարկվում է ոչ միայն հայկական ԶԼՄ-ներում, այլեւ դա դարձել է նաեւ Ռուսաստանի ԶԼՄ-ների քննարկման առարկա: Մասնավորապես, դրան բավականին մանրամասն անդրադարձ է կատարել ռուսաստանյան «Նոեւ Կովչեգ» թերթը, որի ընթերցողները մեծամասամբ Ռուսաստանի հայերն են: 
Անշուշտ, այդ բոլոր քննարկումներում կա ե՛ւ ճշմարտություն, ե՛ւ սուտ, ե՛ւ այս կամ այն խմբի շահերի լրատվական սպասարկում, ե՛ւ ապագան գուշակելու փորձ: Բայց անկախ ամեն ինչից, ներկայիս անորոշությունը դրդում է չինովնիկներին ընչաքաղցության այնպիսի «սխրանքների», որ ամեն ինչ տեսած ՀՀ քաղաքացիների ոչ միայն զայրույթը, այլեւ զարմանքն է հարուցում: 
ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ
Մենք արդեն առիթ ունեցել են անդրադառնալու այն մտահոգիչ եւ ծայրահեղ տհաճ երեւույթին, ինչպիսին է մեր երկրի բավականին արագ ընկղմումը քրեական ճահճում: Եթե արդեն բավականին հաճախ իրավացիորեն հնչում են Երեւանի եւ Սիցիլիայի համեմատությունները, քանզի տիպիկ մաֆիոզ բնույթի, առանձնահատուկ ցինիզմով կատարվող հանցագործությունների աճը բոլորիս աչքի առաջ է,  ապա դա վկայում է, որ մեր իրավապահները, մեղմ ասած, իրենց բարձունքի վրա չեն: Բայց, բնականաբար, կրիմինալի աճը նույնպես կապ ունի «ինչ հնարավոր է փախցնելու» հոգեբանության ու կենսակերպի հետ: Եթե անորոշության իրավիճակում փախցնում են ով ինչ կարողանում է, ապա անխուսափելի են նաեւ տարատեսակ բախումները, այդ թվում եւ կրիմինալի ներգրավմամբ: 
Բայց արդյո՞ք այդ օբյեկտիվ հանգամանքը պետք է նշանակի, որ ոստիկանությունը պետք է թերի աշխատի: Իհարկե, ոստիկանական վերնախավում էլ մարդիկ չգիտեն` ով կմնա, իսկ ով` ոչ, սակայն ուժային կառույցը նրանով է ուժային կառույց, որ ցանկացած ծառայող, անկախ հանգամանքներից, պետք է իր պարտականությունները լավ կատարի: Սպան պետք է սպա մնա, անգամ եթե եկել է իր ծառայության վերջին օրը: 
Սակայն կրիմինալը սանձելու ուղղությամբ գործուն եւ կտրուկ քայլեր ձեռնարկելու փոխարեն (ինչի համար էլ հարկատուներիս փողով ոստիկանություն ենք պահում), ոստիկանությունն ու ոստիկանամերձ շրջանակները  զազրախոսության ագրեսիվ մի արշավ են սկսել սոցիալական ցանցերում լրագրողների դեմ, քանզի լրագրողները համարձակվում են ոստիկանական թերություններն իրենց աչքը խոթել: Իհարկե, ոստիկանությունից չենք սպասում խոսքի ազատության մասին խորը գիտելիքներ, անգամ չենք սպասում, որ նրանք ընդհանրապես տեղյակ կլինեն` դա ինչ բան է: Նրանցից սպասում ենք ընդամենը, որ մեր քաղաքացիներին փրկեն կրիմինալի սանձարձակություններից: Նրանցից չենք սպասում, որ վիճակագրական ինչ-որ թվերով փորձեն ասել, թե մեր աչքի տեսածը սխալ է, իրենց թվերն են ճիշտ:  Չէ՞ որ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից հայտնի ասացվածք կար` կա սուտ, ահավոր սուտ եւ վիճակագրություն: 
Ինչեւէ, գոնե ուժային կառույցից իրավունք ունենք սպասելու, որ չինովնիկությունից մի քիչ բարձր գտնվի, եւ առաջնորդվի ոչ թե բան փախցնելու կամ սեփական պարտականություններում թերանալու հոգեբանությամբ, այլ իր սահմանադրական գործառույթը հավասարապես լավ կատարի` անկախ հանգամանքներից: Չէ՞ որ այդ կառույցը ուսադիր կրողներից է բաղկացած, եւ չէ՞ որ ուսադիրն ինչ-որ բան պետք է նշանակի: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Աշխարհի հարստագույն մարդկանցից` Ուոլթեր Ռոտշիլդի կառքը (Լոնդոն, 1898թ.): Այդ ժամանակ Ռոտշիլդի այդ ցուցամոլությունից շոկի մեջ էր ընկել բրիտանական ամբողջ վերնախավը: Բայց ցուցամոլության մրցույթում մեր օլիգարխներն ու կոռումպացված չինովնիկները Ռոտշիլդին հաստատ ամոթով են թողնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА