ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք անկախ ենք, մեկ երկիր` երկու հանրապետություններով». ԱՀ ԱԺ փոխխոսնակ

31.08.2017 19:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Մենք անկախ ենք, մեկ երկիր` երկու հանրապետություններով». ԱՀ ԱԺ փոխխոսնակ

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության Անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2–ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի եւ բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին հռչակագիր ընդունեցին: 1991թ. դեկտեմբեր 10–ին Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձեւերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո՛» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108615 մարդ): Հանրաքվեին հետո ձեւավորվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Արցախի անկախության եւ  ձեռբերումների շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱՀ ԱԺ փոխխոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻ հետ:

- Պարոն Բալայան 26 տարիների ընթացքում ի՞նչ ձեռբերում է ունեցել Արցախը, անկախությունն ի՞նչ է տվել արցախցիներին:

- Յուրաքանչյուր ժողովրդի համար անկախությունն ու պետականությունն ազատ ապրելու, ինքնադրսեւորվելու ձեւ է: Արցախահայություննը եւս այս օրինաչափությունից դուրս չէ: Անկախություն ձեռք բերելով, արցախցին անկախ ապրելու իրավունք վաստակեց: 26 տարիների ընթացքում մենք շատ ձեռբերումներ ենք ունեցել: Նշանակալից է, որ ձեւավորվել է պետական համակարգ,  բանակ: Հպարտորեն պետք է ասեմ, որ ամեն մի արցախցի  ընտանիք բազմաթիվ թելերով կապված է բանակի հետ, այն դարձել է մեր ժողովրդի հպարտությունը, քանի որ քաջ գիտակցում է, որ իր անվտանգության երաշխավորը բանակն է: Մեր պետության սահմանները կարող է միայն բանակը պահպանել: Սա մի կարեւոր գաղափար է, որով այսօր ժողովուրդն ապրում է եւ կարծում եմ` ամենամեծ ձեռբերումներից մեկը հենց սա է: Ձեռբերում է նաեւ այն, որ ժողովուրդն ունի որոշակի վստահություն, որովհետեւ ի վերջո հողը քաղցրանում է նրանով, որ  մարդ արյուն ու քրտինք է թափում: Այս ժողովուրդը երկուսն էլ թափել է եւ այդ պատասխանատվությունն իր վրա վերցրած փորձում է  ավելի լավը փոխանցել հաջորդ սերունդին: Մեծ զարգացումներ ենք ունեցել նաեւ մեր ազգային մշակույթի զարգացման ասպարեզում: Տնտեսության մեջ եւս ունենք որոշակի ձեռբերումներ, վերջ ի վերջո այս շրջափակման մեջ, նաեւ` համաշխարհային տնտեսական ճժնաժամի պայմաններում, մենք տարեկան 9-10 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել: Այս տեսանկյունից որոշակի բարելավել է ժողովրդի սոցիալական վիճակը: Զարգացել է ու նոր թափ է առել բնակշինարարությունը, որը հնարավորություն է տալիս բազմազավակ ընտանիքներին, սոցիալապես անապահով խավերին որոշակիորեն մեծացնել պետական աջակցությունը: Ի դեպ, Արցախը էներգիա ներկրող երկրից վերածվել է նաեւ էներգիա արտադրող երկրի, սա նույնպես մեծ հաջողություն է, որովհետեւ վերջին տարիներին մանր ու միջին ՀԷԿ-ի շինարարությունը բավականին նոր թափ է ստացել: Այսպես երկար կարելի է թվարկել, սրանք հաջողություններ են, որոնցով բնականաբար չպետք է բավարարվել եւ ավելին պետք է անել ե՛ւ ժողովրդի անվտանգության մակարդակը բարձրացնելու, ե՛ւ սոցիալական ավելի լավ վիճակ ստեղծելու համար:


- Հանրության մեծ մասը, ինչպես նաեւ փորձագիտական մեծ շրջանակները, հաճախ են ասում, որ ժամանակն է, որպեսզի Արցախը վերամիավորվի Հայաստանի հետ: Այս առումով ի՞նչ կարծիք ունեք:

-  Այս ամենին նորմալ եմ վերաբերում, ի վերջո 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը,  ելակետը հենց սա էր` վերամիավորում մայր հայրենիքին: Այս պահին, որոշակի հանգամանքներից ելնելով մենք ընտրել ենք այս ուղին: Բայց վերջնական նպատակն է ունենալ մեկ երկիր` միացյալ Հայաստան: Ժողովուրդն այս հույսով է ապրում, որ մի գեղեցիկ օր սա էլ կլինի: Մենք անկախ ենք, մեկ երկիր` երկու հանրապետություններով: Մենք այս սկզբունքով ենք ապրում: Հայաստանից անկախանալու ո՛չ անհրաժեշտություն, ո՛չ էլ նպատակներ կան:


-  Այս տարի ինչպե՞ս եք նշելու անկախության օրը:

 

-  Սեպտեմբերի 1-ին եւ 2-ին Արցախի անկախության օրվա հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան: Կայցելենք դպրոցներ, հյուսիս-հարավ ճանապարհի բացումը կլինի: Նախատեսված է օպերային ներկայացում, նոր մանկապատեզ կբացվի: Այնպես, որ բազմաթիվ տոնականմիջոցառումներ կան, որոնց պարտադիր պետք է մասնակցեմ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА