ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի տնտեսությունում առկա են դրական միտումներ». Աշոտ Թավադյան

30.08.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 «Հայաստանի տնտեսությունում առկա են դրական միտումներ». Աշոտ Թավադյան

Ամփոփելով 2017 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսական իրավիճակը` «Իրավունքը» զրուցեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ, որը նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է:

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱԶՄՈՒՄ Է 12%

– Պարոն Թավադյան, ինչպես գիտենք, եվրասիական փորձագիտական ակումբը վերջին երկու ամիսների ընթացքում համապարփակ հետազոտություն է անցկացրել` այս տարվա առաջին վեց ամիսների ԵԱՏՄ ցուցանիշների մասին: Կմանրամասնե՞ք, թե ինչպիսին է մեր տնտեսական պատկերը:

– Այստեղ առաջին հերթին մեզ հետաքրքրում է առեւտրաշրջանառության խնդիրը, հատկապես արտահանման, քանզի փոքր տնտեսություն ունեցող երկրի համար արտահանման աճը վճռորոշ գործոն է եւ չենք կարող ներքին շուկայի հաշվին էական աճ ապահովել: Այս առումով կարեւոր է ոչ միայն արտահանման աճը, այլ արտահանման կառուցվածքը, որովհետեւ պատրաստի արտադրանքի արտահանումն է, որ զարգացնում է տնտեսությունը: Պետք է ասեմ, որ առաջին կիսամյակում ունենք տնտեսական ակտիվության աճ` մոտ 6,1%, իսկ արդյունաբերության աճը կազմում է 12%: Արդյունքում անցյալ տարվա համեմատ, պետական բյուջեի մասով ունենք եկամուտների աճ` մոտ 7%-ով: Չնայած` պլանային առումով ծախսային մասը չի կատարվել 100%-ով, մոտ 98%-ն է կատարվել, ինչը պայմանավորված է պակասորդի ոչ լրիվ բավարարվածությամբ: Այստեղ միշտ էլ  խնդիրներ եղել են, եւ այն կախված չէ մեր կատարողականից: Օրինակ, դրամաշնորհներն ընդամենը 35 տոկոսով են կատարվել, նույնը պետք է ասեմ նաեւ արտաքին վարկերի մասին:

– Դուք նշեցիք, Հայաստանի, որպես ԵԱՏՄ անդամ, ունեցած տնտեսական ձեռքբերումների մասին, սակայն այսօր ԱԺ «Ելք» խմբակցության որոշ պատգամավորներ եւ արեւմտամետ փորձագետներ խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է ողջախոհ այս հարցն այսօր օրակարգ բերելը:

– Մասնագետի առաքելությունն այն է, որ ուղղություն ցույց տա: Երբ ասում են  դուրս գանք ԵԱՏՄ-ից, հաշվարկներ արե՞լ են, թե ինչի կբերի այն: Չէ որ դա կբերի շոշափելի եւ զգայուն կորուստների: Եթե մեզ Ռուսաստանը գազը վաճառում են 155 դոլլար, ապա միջազգային գները այժմյան նավթի գների դեպքում չեն իջնում: 170-180 դոլլար է այն, այսինքն` մոտ 10-15% կթանկանա մեզ համար նման կտրուկ շրջադարձի դեպքում: Դրանով պայմանավորված` մոտ 5%-ով կբարձրանա մեր ապրանքների գները, այսինքն` հարված կհասցնենք նաեւ մեր մրցունակությանը: Մոտ 100 միլիոն դոլլար կսկսենք լրացուցիչ վճարել էներգետիկ ռեսուրսներ ստանալու համար եւ կորուստներ կունենանք նաեւ արտահանման առումով: Այս ամենը պետք է հաշվի առնենք: Ի դեպ, Եվրամիության փորձագետները հաշվարկել են եւ ցույց են տվել, որ 5 տարվա ընթացքում, եթե դառնայինք ԵՄ ասոցացված անդամ, ապա կունենայինք մոտավորապես` 165 մլն դոլլարի եկամուտ, ընդ որում` այն դեպքում, եթե Թուրքիայի սահմանը բացվի: Սա նշանակում է, որ ԵՄ ասոցացման գնալով` տարեկան մոտ 30 միլիոն դոլլարի կորուստ ունենանք` կախված մաքսատուրքերից: Իհարկե, GSP+-ով կունենանք որոշակի հնարավորություններ, բայց դա մեծ էֆեկտ չի տալիս: Այսպիսիով` ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մենք կունենանք տարեկան մոտ 200 մլն դոլարի կորուստ եւ մեր ապրանքների մրցունակության նվազում, ինչը ակնհայտ համեմատելի չէ 30 մլն դոլլարին հիպոտետիկ օգուտի հետ: Հետեւաբար, այդպիսի առաջարկին, որպես մասնագետ, դրական կարծիք չեմ կարող տալ: Տնտեսագիտությունն առաջին հերթին, ինչպես եւ քաղաքականությունը, հնարավորությունների արվեստ է, իհարկե, գումարած հաշվարկը, եւ իմ քաղաքագետ գործընկերները, մասնավորապես` Արամ Սաֆարյանը նշում է, որ այստեղ նաեւ քաղաքական դիվիդենտներ չէինք կարող ունենալ: Ի դեպ, զարմանալի է, որ մեր ներքին որոշ գործիչներ ավելի ակտիվ են խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, քան Եվրամիության առաջնորդները, որոնք իսկզբանե ասել են, որ սա Հայաստանի գործն է եւ մարդիկ իրենց տնտեսական շահով են առաջնորդվում: Ուստի` չի՛ կարելի միանգամից մերժողական քայլեր ձեռնարկել մեր պետության համար: 

«ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԲՈՒԺՈՒՄ ՉԷ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

– Այդուհանդերձ, ի՞նչ շահեց հարեւան Վրաստանն ասոցացվելով Եվրամիության հետ եւ ի՞նչ կորցրեց Հայաստանը` դառնալով ԵԱՏՄ անդամ: 

– Նախ ասեմ, որ որեւէ պայմանագիր բուժում չէ բոլոր հիվանդություններից, միեւնույն է, դու պետք է ներքին խնդիրներ լուծես: Ինչ պայմանագիր էլ ստորագրես, եթե քո պատրաստի արտադրանքը գնում է դեպի հյուսիս, ուրեմն` այդ ուղղությամբ է պայմանագիրը հնարավորություններ տալիս, եթե միայն հումքն է գնում դեպի, օրինակ, Արեւմուտք, այստեղ որեւէ լրացուցիչ պայմանագիր ստորագրելը մեծ առավելություն չի կարող տալ: Եթե համեմատենք մեր արտահանումը Վրաստանի արտահանման հետ, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Վրաստանը ԵԱՏՄ երկրներ արտահանում է իր ապրանքների 25 տոկոսը, գրեթե նույնչափ, որքան մենք, ընդ որում` տոկոսային հարաբերակցությամբ իրենք ամենաաշատն իրենց ապրանքն արտահանում են Ռուսաստան: էլ չեմ ասում, որ այստեղ ներգրաված չէ տուրիզմը, որրը ծառայությունների արտահանում է: 

«ՓՈՒԼԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱՆՔ 30% ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃԻՆ»

– Հաշվի առնելով այս տարվա առաջին վեց ամիսների դրական միտումները` տնտեսական աճի առումով ի՞նչ կանխատեսում կարող ենք անել` ամբողջ տարվա համար: 

– Տարվա վերջում կկարողանանք խոսել տրանսֆերների ծավալի աճի մասին, արդեն կարող ենք կանխատեսել նաեւ, որ ավելանալու է ցուցանիշները թեթեւ արդյունաբերության ոլորտում: Նշենք, որ տասնամյակներ տասնամյակներ շարունակ այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Այնպես որ, կարծում եմ` կհաջողվի գերազանցել 3,5% տնտեսական աճը, բայց պետք է ասեմ, որ այստեղ կա նաեւ սուբյեկտիվ գործոն: Օրինակ, 2016 թվականին մեկ ամսվա ընթացքում 3%-ից հետո` հայտարարվեց 0,2% տնտեսական աճ: Դրա համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի հետեւյալը` 5% տնտեսական աճ ապահովելու համար` փուլային առումով պետք է մոտենանք արտահանում հարաբերած ՀՆԱ-ի 30%-անոց ցուցանիշի: Եվ սրան պետք է հաջորդի նաեւ զբաղվածության ապահովումը, միջին աշխատավարձի էական աճը, կոռուպցիայի նվազումը, որոնք հստակ ցուցանիշներ են: Այս դեպքում միայն մեր տնտեսության զարգացումն, իսկապես, կարելի է գնահատել դրական: Այստեղ կա նաեւ երկրորդ խնդիրը, որը կոչվում է զգայունության շեմ. եթե միջին ընտանիքը բաղկացած է 4 հոգուց, ապա նրա եկամուտը չպետք է զիջի 4 հոգանոց սպառողական զամբյուղին: Եթե այս ամենը իրականություն չդառնա, տնտեսական աճը էական դրական  փոփոխության չի բերի: Այսինքն` արտահանման աճը ինքն իրենով վերցրած` լիարժեք գնահատական չի կարող տալ երկրի տնտեսական պատկերի մասին, այն պետք է գնահատվի համակարգված ձեւով: 

– Ի դեպ, կառավարությունը լուրջ հույսեր էր կապում ներդրումների հետ, ի՞նչ ձեռքբերումներ ունենք այս ուղղությամբ:

– Ներդրումների առումով, կոպիտ ասած, «էստի համեցեք» սկզբունքը պետք է աշխատի եւ աշխատում է, բայց դրա հետ մեկտեղ մեզ մոտ բոլոր արդյունավետ բիզնեսները փաստացի ներկայացնում են փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ): Իսկ ՓԲԸ-ն իր մեջ արդեն իսկ ներառում է սուբեկտիվ գործոն, որովհետեւ լիարժեք տեղեկատվություն չես կարող տեսնել դրա մասին: Եվ երկրորդ` ՓԲԸ-ում ժողովուրդը փաստացի ներդրումներ չի կարող անել: Հետեւաբար, եթե մենք չանցնենք բաց բաժնետիրական ընկերությունների, որոնք կգործեն հրապարակային, ապա ներդրումների առումով կշարունակի պահպանվել միայն «էստի համեցեք» սկզբունքը: Այնպես որ, այսօր Հայաստանում ներդրումներ արեք ասելով` առաջին հերթին նկատի ունենք նոր ձեռնարկությունների, ընկերությունների, ոլորտների ստեղծում, ինչի համար ԵԱՏՄ մեծ շուկան որոշակի հնարավորություններ ստեղծել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА