ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.08.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Արտակարգ իրավիճակների փոխնախարար ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ պաշտոնանկ է արվել: Դա պոզիտիվ լուր է, քանզի այդ մարդուն ընդհանրապես հակացուցված է որեւէ պաշտոն:  Սակայն զարմանալին նրա արկածներն էին մինչեւ պաշտոնանկությունը: Պարզվում է, որ հուլիսի 17-21-ին «Ասիական զարգացման բանկի» հրավերով Հայկարամ Մխիթարյանը մեկնել էր Ֆիլիպիններ, որպեսզի մասնակցեր «Տիեզերահեն եւ հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը` աղետների կայունության ամրապնդմանը տեխնիկական աջակցություն» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովին: Զարմանալի է, սույն հոռի չինովնիկն ուր, Ֆիլիպիններն ուր, տիեզերական տեխնոլոգիաներն ուր... Ախր, միայն Ֆիլիպիններ հասնելու համար փաստորեն իզուր տեղը մեծ ճանապարհածախս է արվել, երբ մեր հրշեջները երբեմն հասարակ շլանգի պակաս են ունենում...
Իսկ մեր նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ այժմ երանության մեջ է: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ժամանակ նա հայտարարեց Եվրասիական տարածքը եւ ընդհանուր շուկաները թվայնացնելու անհրաժեշտության մասին: «Ակնհայտ է, որ բոլոր այն գործընթացները, որոնք կշարունակեն իրականացվել հին տրամաբանությամբ, հնացած կլինեն, իսկ այն ակտիվները, որոնք թվայնացված չեն, կորցնում են իրենց արժեքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ. «Սրա հետ կապված առանցքային պայմաններն են թվային ստանդարտների, սկզբունքների եւ կանոնների միասնականությունը»: Դե ինչ, մարդը անում է այն գործը, որը սիրում է եւ մոտը լավ է ստացվում: Ճիշտ է, իր վարչապետության շրջանում նա զարմանալիորեն շատ բան է ՀԱԿմեջ արել մեր երկրում, բայց ինչ-ինչ` «էլեկտրոնային կառավարություն» ծրագիրը նրա մոտ շատ լավ է ստացվել: Ինչեւէ, մնում է նաեւ հիշեցնել, որ ԵԱՏՄ ընդհանուր տարածքում պարոն Սարգսյանը բացի թվայնացումից, հաստատ նաեւ այլ անելիքներ պետք է որ ունենա:
Ինչպես հայտնի է, Էրեբունիում Weekend բիլիարդանոցում մի աղջկա պատանդ վերցրած ոճրագործին ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ոչնչացրել է դիպուկահարի կրակոցով: Դա այն եզակի դեպքերից է, երբ միայն ողջունելի է ոստիկանության գործողությունը, քանզի անչափ լկտիացած եւ ցինիկացած կրիմինալը Երեւանը վերածել է Սիցիլիայի, եւ դրա դեմ այլ միջոց չի մնացել, քան` ժողովրդի խոսքով ասած, գյուլլելը: Բայց զարմանալիորեն կեղծ մարդասերները ահավոր վայնասուն են բարձրացրել, թե ինչու է ոստիկանությունը սպանել այդ վտանգավոր հանցագործին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հորդորել ոստիկաններին` եթե այդ կեղծ մարդասերների, հատկապես դրանց գրանտակեր հատվածի ներկայացուցիչներից որեւէ մեկի մտերիմին պատանդ վերցնեն, հանկարծ չփրկեք դիպուկահարի օգնությամբ:
Վերջերս կրկին որոշ քարոզիչներ եւ վայ-փորձագետներ քոքել են այն փչացած ձայնապնակը, իբր էսօր-էգուց խաղաղապահներ են մտնելու Արցախ, որպեսզի այդ երկրամասը խլեն մեզանից եւ նվիրեն թուրքերին, եւ իբր ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ դրա շուրջ գաղտնի պայմանավորվածությունների մեջ է մտնում, եւ դրա համար էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Ինչեւէ, բոլորիս, այդ թվում եւ` երկրի ղեկավարի զահլան այնքան են տարել այդ տխմարաբանություններով, որ Սերժ Սարգսյանը «Բազե» հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ստիպված էր անձամբ դա հերքել. «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլեւ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում, եւ ասել եմ իմ պատկերացումը` մեր հարեւանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА