ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՍՊԱՆ ՄԻԼՍԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ

30.08.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԵՍՊԱՆ ՄԻԼՍԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ



Վերջին օրերին մեր տեղական արեւմտյան քարոզչամեքենան, ասենք՝ նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները կարծես թե լրջորեն մտահոգված են: Համենայնդեպս՝ փորձում են ակտիվորեն հակազդել շրջանառության մեջ հայտնված այն խոսակցությանը, թե ՌԴ-ն կարող է Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայել:
ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԷԼԻ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ
Կա՞ն հայ-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայման ծրագրեր: Այդ մասին պարբերաբար խոսակցություններ հնչում են 1994թ.-ի զինադադարից ի վեր, ասել է թե առնվազն տեսականորեն նման գաղափար միշտ էլ գոյություն ունեցել է եւ կունենա, քանի դեռ արցախյան հիմնախնդիրը պայմանագրային լուծում չի ստացել: Բայց մեր օրերում, երբ նաեւ ակտիվորեն խոսվում է նախագահների հերթական հանդիպման մասին, հնարավո՞ր է, որ այդ ընթացքը շրջվի խաղաղարարների տեղակայման գաղափարի շուրջ: Արեւմտամետ աղբյուրները, որպես նման ազդակներ են փորձում հրամցնել որոշ փաստեր: Օրինակ, նախօրեին Արցախի եւ Աբխազիայի արտգործնախարարները ստորագրեցին,որը նախատեսում է մի շարք ուղղություններով համագործակցություն: Այն, որ դե-ֆակտո անկախ երկու չճանաչված պետությունները ի վերջո որոշեցին համագործակցության ուղիով գնալ, ինչ խոսք, միանգամայն ուշագրավ հանգամանք է, որը հաստատ հեռուն տանող հիմքեր ունի: Բայց  ահա արեւմտամետ քարոզչամեքենան այն մտքին է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Աբխազիան առանց Մոսկվայի «դաբրոյի» նման քայլի չէր գնա: Եվ հետեւություն, որ Մոսկվան նույն աբխազական սխեման փորձում է կրկնել Արցախում: Այն է, Արցախի կարգավիճակը ճանաչել եւ այդ հիմքով՝ զորքեր տեղակայել ադրբեջանական սահմանին, ինչպես վրաց-աբխազական եւ վրաց-օսեթական սահմաններն են:
Արցախի ուղղությամբ կտրուկ քայլի նախանշան են համարում նաեւ այն, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ նախատեսված է Մոսկվայում սեպտեմբերին իրականացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպումը, որի ժամանակ եւս քննարկվելու է ղարաբաղյան թեման: Թե ինչքանով է խելքին մոտ արեւմտամետ աղբյուրների այս կարգի փաստերի վրա ծաղկեցվող պնդումները, դեռ կվերադառնանք: Մինչ այդ, կրկնենք,  ամերիկյան պաշտոնական պատկան կառույցները եւս բավականին նյարդայնացած են: Օրինակ՝ հիշեցնենք Մինսկի խմբի համանախագահ Հոգլանդի վերջերս արված «բացահայտումները». ՄԽ-ից հեռանալու պահին Հոգլանդը հանկարծ որոշեց խոսել «Մադրիդյան սկզբունքների» 2007թ.-ի ամենանախնական տարբերակի մասին, որտեղ դեռ միայն ընդհանուր հիմնադրույթներն էին: Չէ, չենք  ուզում ասել, թե նույն «Մադրիդյան սկզբունքների» ամենավերջին տարբերակը Հայաստանին բավարարում է. այդ մասին պարզապես շատ քիչ բան է հայտնի: Բայց ահա 2007թ.-ի սկզբունքներից խոսելով` Հոգլանդը հազիվ թե չգիտակցեր, որ դա նյարդայնացնելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ՝ Ադրբեջանին: Հաստատ գիտակցում էր, բայց որոշեց խոսել, ինչն ավելի շուտ ակնարկ էր, մինչեւ իսկ Պետդեպարտամենտում նման անհրաժեշտություն տեսնում են: Իսկ ահա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մոտ նյարդայնությունն այնքան է սրված, որ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում իրեն չկարողացավ զսպել ու դիվանագիտական կոպիտ սխալ թույլ տվեց, թե՝ «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում...»: Ինչ է, դեսպանը վստահ չէ՞, որ Հայաստանը «ինքնիշխան որոշումներ է կայացնում»: Հասկանալի է. Միլսը փորձում է ասել, թե Հայաստանը նաեւ ՌԴ-ի որոշումներով է առաջնորդվում: Կա նման բան, թե՝ ոչ, այդ մասին չէ խոսքը: Պարզապես այս կերպ դեսպանը, շեղվելով անգամ դիվանագիտական տարրական էթիկայից, այնուամենայնիվ, ակամա բացատրեց, թե ինչն է իրեն ամենաշատը մտահոգում եւ ինչին է ուղղել հիմնական ջանքերը. ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր զարգացումներին, որը հնարավոր է կանխել մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններին հարվածելով: Ու նա այդքան չէր նյարդայնանա, եթե տանուլ տվողի դերում չլիներ:
ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԽԵՄԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ
Ամփոփենք. արեւմտյան աղբյուրները այս երկու հիմնական թեզերի վրա են կենտրոնացած: Առաջինը. ռուսական խաղաղարարները կարող են հայտնվել Արցախում: Եվ երկրորդը. վաշինգտոնյան քաղաքականությունն այս հարցում պարտվողի դերում է: Ճիշտ է, փորձում են քարոզչական տրյուկներով ինչ-որ բան փոխել, սակայն այս հարցերում նման խաղերը քիչ օգտակար են:
Բայց իրականում կա՞ նման հեռանկար: Այստեղ նախ նկատենք. հայ-ադրբեջանական սահմանագծին խաղաղարարների հայտնվելու երկու տարբերակ կա: Առաջինը. դա նախատեսված է նաեւ «Մադրիդյան սկզբունքներով», այսինքն, եթե բանակցային գործընթացը հաջող ընթացք ստանա, ապա նախատեսված քայլերից մեկը խաղաղարարների տեղակայումն է: Իհարկե, ՄԽ համանախագահ երկրներն ունեն հավասար լիազորություններ: Բայց նաեւ անցած 23 տարիների օրինակով գաղտնիք չէ, միշտ էլ նրանցից մեկն է գործում առաջին պլանում: Դա նշանակում է, որ համանախագահ երկրներից որի առաջնորդությամբ կնքվի հաշտության համաձայնագիր, հենց նրա խաղաղարարներն էլ, մեծ հավանականությամբ, կհայտնվեն շփման գծում: Նաեւ չմոռանանք, որ ներկայումս գործընթացում առաջին պլանում Մոսկվան է, եւ եթե սպասվող բանակցային ակտիվացումն էֆեկտիվ լինի, հենց ռուս խաղաղարարները կհայտնվեն շփման գծում: Եթե այս տարբերակն է ներկայումս գործում, ապա արեւմտամետների նյարդային վիճակը կարելի է հասկանալ: 
Եվ երկրորդ տարբերակը. այո, շփման գծում ռուս արդեն ոչ  թե խաղաղարարներ,  այլ՝ զինվորականներ կարող  են հայտնվել նաեւ աբխազական սխեմայի կրկնության պարագայում: Բավական է, որ ՌԴ-ն ճանաչի Արցախի կարգավիճակը, նրա հետ կնքի ռազմական համագործակցության պայմանագիր եւ դե-ֆակտո զորքեր կարող է տեղակայել այնտեղ: Կա նաեւ Ղրիմի սխեմայով Արցախը Հայաստանի մաս ճանաչելու տարբերակը: Սակայն սա հազիվ թե ռեալ լինի, քանի որ այս դեպքում Արցախը միանգամից կհայտնվի ՀԱՊԿ ազդեցության գոտում, սակայն այդ փաստը լուրջ խնդիր կդառնա մասնավորապես Ղազախստանի համար:
ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՏԱՑԱՎ
Այսպիսով, եթե ամերիկամետ աղբյուրներն այդքան համոզված են Արցախում ռուսական զինուժի տեղակայման հարցում, ուրեմն կա՛մ սպասում են բանակցային ճեղքման կա՛մ՝ աբխազական սխեմայի կրկնությանը: Բայց որքանո՞վ է ռեալ նման հեռանկարը: Թեման կարծես թե այնքան է սրվել, որ դրան հարկ համարեց անդրադառնալ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հայտնեց, որ ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ. «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել...»:
Հասկանալի է, եթե նախագահների մակարդակով նման հարց այն էլ՝ կոնկրետ հանդիպման ժամանակ չի քննարկվել, դա դեռ չի նշանակում, որ նման հարց առհասարակ չկա օրակարգում կամ չի կարող վաղը-մյուս օրը լինել: Եվ գումարենք նաեւ ԱԳ նախարարների մակարդակով արցախա-աբխազական հիշատակված համաձայնագիրը: Կրկնենք՝ ո՛չ Աբխազիան առանց Մոսկվայի ցուցումների եւ ո՛չ էլ Արցախը՝ առանց Հայաստանի հազիվ թե որոշեին ինչ-որ պայմանավորվածությունների գնալ: Առավել եւս Ստեփանակերտը, հաշվի առնելով, որ նման քայլը հաստատ նաեւ վրացիներին է նյարդայնացնելու, այսինքն՝ միանշանակ պետք էր Երեւանի հետ համաձայնեցնել: Բայց երբ այս քայլով այդքան թափանցիկ ակնարկ է արվում, թե կարող է եւ աբխազական սխեման կրկնվել Արցախում, դա առաջին հերթին Բաքվին ուղղված ծանր մեսիջ է: Չմոռանանք, որ Բաքվի համար վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ Ալիեւը ներկայումս կանգնած է միջազգային ահաբեկչությանն ու կոնկրետ՝ «Իսլամական պետությանը» զինողի, այդ թվում՝ քիմիական զենք տրամադրողի մեղադրանքների առաջ: Ընդ որում, այդ մեղադրանքների հետ կապված փաստերը ջրի երես են ելել սիրիական իշխանությունների միջոցով, ինչը հուշում է, որ Մոսկվան առնվազն կանխավ տեղյակ  էր այդ մասին եւ չի ցանկացել կանխել Ալիեւին ուղղված իր հարվածը:
Այսպիսով, կարող են խոսել Ալիեւին ուղղված երկու ծանր հարվածների մասին: Չբացառենք, որ սրանք դեռ տարեսկզբից նկատվող՝ Բաքվին ուղղված այն ճնշումների արդեն ծանրացած փուլն է, որոնք կարող են բանակցային սեղանի շուրջ նրան ավելի զիջող դարձնել: Չնայած, կա նաեւ այն վարկածը, որ բանակցային փոխզիջման հնարավոր տարբերակները ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար մնում են միանգամայն անընդունելի, եւ ՌԴ-ի հետ եռակողմ պայմանավորվածությամբ կարող է եւ նախ լուծվել խաղաղարարների տեղակայման հարցը, կոմունիկացիաների վերագործարկումը, մինչեւ ռեալ կդառնա բանակցային սեղանի շուրջ վերադարձը:
Բայց որ տարբերակն էլ լինի,  այս պահին հաստատ է, որ Մոսկվան սկսում է Արցախի հետ կապված ակտիվացման հերթական փուլը: Ընդ որում, Մերձավոր Արեւելքում ՌԴ-ի ներկայիս ամուր դիրքերը նաեւ կովկասյան տարածաշրջանում հաջողության ռեալ հնարավորություն տալիս են: Ու, թերեւս, հենց դա է, որ մտահոգում է Վաշինգտոնին. ի՞նչ են անելու, եթե Մոսկվան իրեն շրջանցելով, Ղարաբաղում հասնի հաջողության:
Չնայած, երբ այսքան սպառնալիքներից հետո, Հյուսիսային Կորեան արդեն Ճապոնիայի վրայով է հրթիռներ թռցնում, իսկ Վաշինգտոնը ստիպված է միայն դիտորդի կարգավիճակով բավարարվել, նշանակում է, որ այլ տարածաշրջաններում եւս ԱՄՆ-ի հնարավորությունները դարձել են բավականին սահմանափակ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА