ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է պատասխան տալու

29.08.2017 13:48 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է պատասխան տալու

Մեզանում ընդուված է, որ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխան չի տալիս: Ասենք` ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը տարբեր Բագրատյանների հետ միասին թալանեցին, մետաղի ջարդոն դարձրին երկրի հսկայական տնտեսությունը, որը ժառանգեցին կոմունիստներից: Սակայն  նրանցից որեւէ մեկը պատասխան չտվեց, ավելին` այսօր դեռ Բագրատյանը իր ապուշ մտքերով փորձում է ջրի երես մնալ: Եթե մեզ մոտ պատասխան տալու ավանդույթ լիներ, Բագրատյանի նմանները պետք է հազար թումանով մկան ծակ ման գային, բայց ով, ինչ թալանեց, ինչ քանդեց, ինչ կործանեց, ասում են` հալալ է, կամ անցած լինի, կամ` դե, էդպես ստացվեց:

Հետո եկան ուրիշ վարչապետեր, ուրիշ նախարարներ, ինչպես եկան, այդպես էլ գնացին: Այսինքն` երկրի համար բան չփոխվեց, բայց իրենք գնալուց լավ տռզեցին եւ շատ բազմիմաստ հայացք ձեռք բերեցին: Մի քսան հատ տրանսպորտի նախարար ունեցանք, սակայն ճանապարհները Հայաստանում ինչպես անմխիթար էին, այդպես էլ անմխիթար մնացին: Հսկայական վարկեր վերցրինք այդ ճանապարհները սարքելու համար, մրցույթներ հայտարարեցինք, Հյուսիս-հարավի համար ինչ-որ կինոներ էին ցույց տալիս, սակայն արդյունքում Հայաստանը տարածաշրջանում ամենախայտառակ ճանապարհներն ունի: Բայց էդ քսան տրանսպորտի նախարարից ոչ ոք պատասխան չտվեց, թե ինչպես եղավ, որ ո՛չ փողը կա, ո՛չ` ճանապարհները: Ինչպես եղավ, որ ամենաբրախած ճանապարհները Հայաստանում են, բայց բոլոր նախարարները գոհ են, տռզած ու էն երջանիկ ու բազմիմաստ հայացքով:

Ի՞նչ կարծիքի եք, եթե Հայաստանում տրանսպորտի նախարար ընդհանրապես չլիներ, շատ բա՞ն կփոխվեր: Իսկ եթե Բնապահպանության նախարարությունը չլիներ: Պարզվեց, որ ԱԻՆ-ի բազմահազարանոց  նախարարությունը մանր-մունր խնդիրներից զատ ոչ մի հարց էլ չի կարող լուծել: Դրա փոխարեն կարելի էր ունենալ մի քանի փրկարար ջոկատ եւ մեկ դիսպետչեր, ով ժամանակին կզանգեր Ռուսաստան եւ կխնդրեր համապատասխան օգնությունը: Թե չէ` մինիստրներ, ամեն մի մինիստրին մի տասը հատ տեղակալ, մի խուրց քարտուղարուհիներ, վարորդներ, պադավատներ, գործուղումներ, լիքը կայֆեր, եւ ոչ մի պատասխանատվություն, քանի որ մեզանում ընդունված չէ արարքներիդ համար պատասխան տալը: Խոսրովը վառվեց, դե, հիմա ինչ անենք, վառվեց էլի: Նաիրիտը վառվեց... Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է հակահրդեհային անվտանգություն ապահովեր, նախատեսեր համապատասխան պահպանություն, հրդեհի դեպքում գործողությունների հերթականություն: Այդքան նախարարների ու փոխնախարարների մեջ մեկը կա՞, որ պատասխանատու է, որպեսզի մեր անտառներն ու գործարանները չհրդեհվեն, հրդեհվելուց հետո էլ` արագ մարվեն: Իսկ գուցե ճիշտ էր նույն Նաիրիտը կամ Խոսրովի անտառը կոնցեսիայով տալ մեկ այլ երկրի, որտեղ գիտեն` ով ինչի համար է պատասխանատու, եւ եթե ինչ-որ բան այնպես չի գնում, կրում է այդ պատասխանատվությունը: Քանի ժամ շարունակ Երեւանը եւ Արարատյան դաշտավայրը գտնվում էին թունավոր ծխի ազդեցության տակ: Սակայն Առողջապահության նախարարությունը կարծես թե այդ նույն ծխից ուշքը կորցրել էր` ո՛չ գվում էր, ո՛չ` բվում: Իսկ մեզ արդյոք պե՞տք է Առողջապահության նախարարություն: Կա Լֆիկի հիվանդանոցը, կա էն մեկինը, կա էս մեկինը, մի երկու հատ պետական էին մնացել, դա էլ են սեփականաշնորհում: Էլ Առողջապահության նախարարություն պահում ենք, ինչ անենք:

Պատկերացնում եք, ինչքա՜ն փող կգոյանար, եթե այդ նախարարությունները պարզապես փակենք: Ընդհանրապես կառավարությունից թողնենք միայն Պաշտպանության նախարարությունը եւ սպորտի նախարարին` որպես լայն ժպտացող ու բացարձակապես ոչ մի բանի վրա չազդող դրսեւորում: Ինչքա՜ն լավ բան կարելի էր անել այդ ազատված փողով: Իսկ եթե փակենք նաեւ Ազգային ժողովը, որեւէ մեկը կնկատի՞: Ազգային ժողովի դահլիճը կարելի էր տրամադրել թատրոններից որեւէ մեկին, իսկ ազատված փողը ուղղել թատերական արվեստի զարգացմանը: Մի խոսքով, ծրագրերը շատ են, կարելի է ե՛ւ այսպես անել, ե՛ւ հակառակը: Արդյունքները հեչ էլ կարեւոր չեն, միեւնույնն է` Հայաստանում ոչ ոք ոչնչի համար պատասխան չի տալիս:

Անպատասխանատու

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА