ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.08.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Այս երկուշաբթի զարմացել եմ ոչ միայն ես, այլ նաեւ մեր երկրի քաղաքացիներից շատ-շատերը: Ոչ, «Նաիրիտի» հրդեհը ոչ ոքի չզարմացրեց, քանզի պարապուրդի եւ անտերության մատնած քիմգործարանում ամեն ինչ էլ հնարավոր է: Զարմանալի են ԱԻՆ-ի հավաստիացումները, որ հրդեհի ծուխը վտանգավոր չէ առողջության համար, քանզի իբր թե այրման հետեւանքով միայն ջուր եւ ածխաթթու գազ է արտանետվում: Դեռ մի բան էլ գլուխ են գովում, որ 113 հրշեջները կրակի օջախից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա առանց պաշտպանիչ միջոցների են աշխատում... Լավ, հիմա ձե՞զ հավատանք, թե` մեր աչքի տեսած սեւ ծխի այլանդակ ամպերին: Եթե այդ այլանդակ սեւ ծուխը անվնաս է, ապա պարոն Լեւոն Ալթունյան, էլ ինչո՞ւ եք պայքարում ծխախոտի ծխի դեմ: Սակայն գլխավոր հարցը պետք է ուղղել ԱԻ նախարարին` պարոն ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ, մի՞թե ձեզ թվում է, որ քաղաքացիները պետք է ձեր գերատեսչության հավաստիացումներին հավատան, թե ծուխն անվնաս է: Համ էլ, գրողը տանի, այդ ինչո՞ւ գոնե աչքաչափով ԱԻՆ-ի շքեղ ավտոմեքենաներն ավելի շատ են, քան հրշեջ տեխնիկան:
Ինչպես հայտնի է, ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԻ հրդեհից հետո Հայաստանի որսորդների միջավայրում կամավորական շարժում է ծավալվել, որ անտառի մատույցներից նաեւ բավականին հեռու որս չանեն, որպեսզի փրկված կենդանիների գլխաքանակը չպակասի: Բայց արի ու տես, որ կան բացարձակ անխիղճ մարդիկ: Այսպես, օգոստոսի 28-ի գիշերվա ժամը 2:30-ին արգելոցի Կաքավաբերդ տեղամասում հայտնաբերեցին «Նիվա» ավտոմեքենա` Գառնի գյուղի երկու բնակիչներով, ովքեր հոսանքահարության միջոցով աղետյալ այդ տարածքում որսացել էին 533 կարմրախայտ... Զարմանալի է, ուր է հասնում մեր որոշ հայրենակիցների ագահությունը` ախր, ձեր ձեռքը ոչ միայն  Հայաստանը, այլեւ ամբողջ մոլորակը չի դիմանա, պարզապես չի հերիքի:
Բայց անցնենք փոքր-ինչ պոզիտիվ լուրի: Հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ տեղեկացնում է, որ ԱԺ աշնանային նստաշրջանին արդեն ներկայացվելու է օրինագիծը, որով փողոցում աղբ թափողները կտուգանվեն կլորիկ գումարով: Վերջապես տեղի է ունենում այն, ինչը վաղուց պետք էր` գրպանին հարվածելով` խոզից չտարբերվող որոշ քաղաքացիների հետ պահել խոզությունից: Թե չէ, զարմանալիորեն նույնիսկ ոչ մի ծառ, ոչ մի սրբավայր չի մնացել, որ ամբողջովին պատված չլինի աղբով: Պատկերացնո՞ւմ եք չէ, այդ կեղծավորներին` սկզբում աղոթում են սրբավայրում, իսկ վերջում այն օգտագործում աղբանոցի տեղ:
Ապշեցուցիչ դեպք է գրանցվել ԱՄՆ-ում: Ոմն ՋԵՆԻՖԵՐ ՄԱԿԿՈՆԼԻ իր ամուսնուն` սպիտակամորթ զինվորականին, ով բեղմնավորման ժամանակ գտնվել է Իրաքում, որ ինքը հղիացել եւ սեւամորթ երեխա է բերել, քանի որ 3D կինոթատրոնում սեւամորթների մասնակցությամբ պոռնոֆիլմ է նայել: Եվ ամենազարմանալին, որ կոտոշավոր ամուսինը նրան հավատացել է. «Այսօր` բարձր տեխնոլոգիաների դարում, չկա ոչ մի անհնարին բան,- ասում է ամուսինը,- սկզբում ես կասկածում էի, հետո նայեցի այդ կինոնկարը եւ համոզվեցի, որ այնտեղ կան սեւամորթ տղամարդիկ, որոնք կարող էին դառնալ իմ երեխայի հայրը»: Իսկ կինը երկրորդում է. «Իմ երեխան շատ նման է դերասաններից մեկին, մոտ ապագայում ես պատրաստվում եմ դիմել դատարան` ալիմենտ ստանալու պահանջով»: Լավ, բայց ինչ լավ է, որ մեր երկրում այդպիսի բթամիտներ չկան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА