ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՄԱՐՍԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ

29.08.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՄԱՐՍԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ


Կիրակի օրն Ադրբեջանի ամենամեծ զինապահեստներից մեկում տեղի ունեցած հրդեհն ու պայթյունները կարծես թե կարող են եւ մեծ սկանդալի վերածվել: Խոսքը այդ արտակարգ իրավիճակի պատճառների մասին է: Բաքուն կարծես թե փորձում է պատճառ ներկայացնել ծառայողական անփութությունը: Բայց դրան զուգահեռ այլ վարկածներ եւս համառորեն տարածվում են:

ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ
Այսպես, պաշտոնական Բաքվի ստվերային խոսափողի համարում ունեցող որոշ աղբյուրներ բավականին զգուշորեն նաեւ այն տեղեկությունն են փորձում առաջ տանել, որ տեղի ունեցածը կարող է եւ հայկական դիվերսիա լինել: Թերեւս այն պատճառով, որ հիմնական վարկածը, թե տեղի ունեցածն զինապահեստների աշխատակիցների անփութության պատճառով է, սկսել է լուրջ խնդրի վերածվել: Այս տեսանկյունից. ինչպես հայտնի է, մեկ-երկու ամիս առաջ մեծ աղմուկ առաջացավ Բաքվին ուղղված այն մեղադրանքները, թե Ադրբեջանը պետական ավիաընկերության միջոցով, դիվանագիտական բեռի անվան տակ, ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ սիրիական, այսպես ասած՝ «չափավոր ընդդիմության» միջոցով «Իսլամական պետությանը» մատակարարել է 350 օդանավ զենք ու զինամթերք: Մեղադրանքն այնքան լուրջ էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Հունաստանը եւ Իսրայելը հետաքննություն սկսեցին: Կարճ ասած, Իլհամ Ալիեւը հայտնվել է համաշխարհային ահաբեկչությանը զինողի կերպար ստանալու հեռանկարի առաջ, եւ այդ վտանգը լրջորեն սրվեց զինապահեստի պայթյունից հետո: Այսինքն, շրջանառության մեջ մտավ նաեւ այն վարկածը, թե պայթյունն իրականում հենց Բաքվի ձեռքի գործն էր՝ դրա տակ այն 350 օդանավ զենքը «դուրս գրելու» եւ հետքերը կոծկելու համար: Ու այդ տեսակետն էլ ավելի է խորանում, հաշվի առնելով, որ զինապահեստում, ըստ ներկայացվածի, պայթել են այն տեսակի ռազմամթերքներ, որոնք, հիշատակված մեղադրանքների համաձայն, այդ 350 օդանավի բեռի հիմնական մասն են եղել: 
Իհարկե, կա նաեւ այն հարցը, թե այդ 350 օդանավ զենքի տեղափոխման մասին լուրի հրապարակումից միայն մոտ մեկուկես ամիս ա՞նց Ալիեւը պետք է մտածեր հետքերը կոծկելու մասին: Բայց ահա նկատենք, որ այդ թեման, եթե հուլիսի սկզբներին հրապարակվելուց հետո բավականին սառեց, ապա արդեն օգոստոսի կեսերից միանգամայն ուշագրավ զարգացումներ ունեցավ: Այսպես, օգոստոսի կեսերին սիրիական իշխանությունները հայտարարեցին, որ ահաբեկիչներից ազատագրված տարածքներում գրավել են մեծ ծավալներով արեւմտյան արտադրության զինամթերք: Դրանց թվում նաեւ ամերիկյան «Federal Laboratories» եւ բրիտանական «Cherming Defence UK» ընկերությունների արտադրած նռնականետի լիցքեր եւ նռնակներ, որոնք պարունակում են քիմիական նյութեր: Հիշեցնենք, անգամ Թրամփը Դամասկոսին մեղադրեց բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ, ինչի պատճառով հրթիռակոծեց սիրիական օդանավակայանը: Բայց ահա Դամասկոսը ներկայացնում է անհերքելի ապացույց, որ այդ քիմիական զենքը ամերիկյան եւ բրիտանական ծագման է:
Իհարկե, այս քիմիական զենքը կարող էր եւ ադրբեջանական այն 350 օդանավում չլինել: Բայց ահա հաջորդ տարօրինակ փաստը. հուլիսի սկզբներն այդ ինքնաթիռների մասին առաջին հրապարակումից հետո՝ բուլղարական «Տրուդ» թերթի լրագրող Դիլյանա Գայտանջիեւան հանգիստ շարունակում էր իր գործունեությունը: Եվ ահա դամասկոսյան այդ բացահայտումներից հաշված օրեր անց նրան Բուլղարիայի հատուկ ծառայությունները անսպասելիորեն հարցաքննության են հրավիրում: Լրագրողին որեւէ մեղադրանք չի առաջադրվում, նրա հրապարակումը լրատվամիջոցը չի հերքում: Բայց ահա Գայտանջիեւային ազատում են աշխատանքից: Աշխատանքից ազատվելուց հետո Գայտանջիեւան պատմում է. «Ինձ զանգահարեց ազգային անվտանգության աշխատակիցը եւ հրավիրեց իր աշխատասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի հետ կապված: Ես պատմեցի, թե ինչ ճանապարհով եմ փաստաթղթերը ստացել, սակայն հրաժարվեցի ներկայացնել աղբյուրը... Վստահ եմ, որ այդ ամենի հետեւում կանգնած են ազդեցիկ մարդիկ եւ ոչ միայն Բուլղարիայում: Սա անձնական հարց չէ, այն վերաբերում է Ադրբեջանին, որն օգտագործում է իր պետական ավիաընկերությունը՝ ահաբեկիչներին զենք մատակարարելու համար եւ այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարների շղթայի մեջ»: Լրագրողը նաեւ պնդում է. «Ադրբեջանական իշխանությունները պետք է միջազգային իրավունքի հիման վրա պատասխանատվության ենթարկվեն: Ես ունեմ բազում տեսանյութեր եւ ապացույցներ, որ այն զենքը, որը մատակարարվել է ադրբեջանական պետական ավիաընկերության միջոցով, նրանով Սիրիայում սպանել են անմեղ մարդկանց»:
«Անմեղ մարդկանց» սպանելու միտքը տանում է նրան, որ ադրբեջանական այդ մատակարարումների մեջ հնարավոր էնաեւ քիմիական զենք է եղել: Ավելի կոնկրետ, բուլղարացի լրագրողը պնդում է, որ Բաքուն ընդամենը փոստատարի ֆունկցիա է կատարել: Այսինքն, սեփական գնման անվան տակ ստացել է զենք-զինամթերք, այդ թվում՝ քիմիական, ու դա հասցրել ԻՊ-ին եւ այլ խմբավորումների: Բայց երբ սիրիական բանակի հարձակման արդյունքում ի հայտ են եկել արեւմտյան մատակարարումների մասին անհերքելի փաստերը, ապա այդ սկզբնական մատակարարները «մաքրվելու» խնդիր ունեն, եւ եթե ամեն  ինչ բացվի, ապա Ալիեւին հիմնական մեղադրյալ դարձնելը հրապուրիչ տարբերակ կդառնա: Այստեղ նկատենք, որ Սիրիայից հնչած հասցեական մեղադրանքներից հետո՝ բուլղարուհի լրագրողին աշխատանքից ազատելը եւս կարող է այս տրամաբանության ներքո լինել. նրա նյութերում զգացվում է, որ տեսանելի է հիմնականում Ադրբեջանի դերակատարությունը: Լրագրողը խոստանում է՝ շարունակել փաստերը ներկայացնել, եւ ենթադրաբար, էլի հիմնականում մեղադրանքները ուղղվելու են Բաքվին: Ընդ որում` ապացուցել, որ արեւմտյան ընկերություններից ստացած զինամթերքն Ադրբեջանում չէ, հեշտ գործ է. կան մատակարարումների փաստաթղթերը, եւ եթե Ադրբեջանը չկարողանա ցույց տալ ստացած զինամթերքը, կնշանակի, որ այն տվել է ահաբեկիչներին: Ընդ որում, դժվար թե կարողանա պնդել, թե զինամթերքն օգտագործել է ասենք՝ Ղարաբաղի դեմ: 
Արդյունքում, պայթյունի անվան  տակ այդ զենքը «դուրս գրելը» Ալիեւի համար դարձել է վերջին տարբերակ: Բայց  դա մարսելն էլ հեշտ չէ:

ԱԼԻԵՎԻ ԴԻՐՔԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԹՈՒԼԱՑԱՆ
Իրականում այս մեխանի՞զմն է, թե՝ ոչ, դա էլ ամենաէական չէ: Կարեւորն այն է, որ այդ պնդումը թափ է հավաքում, եւ եթե անգամ բանը չհասնի Ալիեւին՝ ահաբեկչությանը զինելու պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելուն, միեւնույնն է, այս ամենը նրան լրջագույն քաղաքական հարված է հասցնելու: Այսինքն, Ալիեւը հայտնվել է այստեղից-այնտեղից քաղաքական ճնշումների ենթարկվելու վտանգի առաջ՝ «Եթե այս-այս պահանջները չկատարես, կասենք, թե զենք ես տվել ահաբեկիչներին» տրամաբանությամբ: Ընդ որում, ինչքան էլ Բաքուն առաջ տանի պայթյունն անփութությանը վերագրելու հիշատակված վարկածը, այնքան կսրվեն ահաբեկիչներին տրված զենքը պայթյունի միջոցով «դուրս գրելու» մեղադրանքները:
Բայց մյուս կողմից, եթե այդ վտանգը չեզոքացնելու համար Բաքուն այլ վարկած ընտրի, թե դա հայերի դիվերսիան էր, սա էլ է Ալիեւի համար լուրջ խնդիր: Հիշեցնենք. այդ զինապահեստները գտնվում են Բաքվից ընդամենը 87 եւ Ստեփանակերտից 230 կիլոմետր հեռավորությամբ: Ու եթե Բաքուն հանկարծ փորձի շեշտը դնել «հայկական դիվերսիա» վարկածի վրա, ուրեմն ակամա խոստովանելու է, որ հայերի ձեռքերն այնքան երկար են, որ Բաքվի հարեւանությամբ կարող են եւ ռազմապահեստներ պայթեցնել: Հասկանալի է, սա Ալիեւի համար ծանրագույն հարված կլինի, առավել եւս, որ տարածվում է նաեւ այն լուրը, թե իրականում պայթյունները ոչ թե ընդամենը 6 մարդու են վիրավորել, այլ կա առնվազն 100 զոհ: 
Բայց որտեղի՞ց գտնի հայերի դեմ մեղադրանքներ...
Մի խոսքով, ադրբեջանական զինապահեստում այս պատմությունն Ալիեւի համար լուրջ գլխացավանք է դառնում: Եվ հաշվի առնելով այն, որ նման ճնշումներ գործադրել ցանկացողների պակաս ներկայումս չկա, թերեւս եթե ոչ հրապարակային, ապա առնվազն՝ կուլիսային շփումներում զինապահեստի պատմությունը հաստատ լրջորեն խաղարկվելու է: Ի վերջո, չմոռանանք, որ բուլղարական հատուկ ծառայությունները բուլղարուհի լրագրողից փորձում են պարզել, թե նա որտեղից է այդ բոլոր նյութերը ստացել: Եվ իրոք, որտեղի՞ց է ստացել: Ամերիկացիները չէին տա, բրիտանացիները եւ մյուս եվրոպացիները` նույնպես: Թուրքերը եւս «փոքր եղբորը» փաստի առաջ չէին կանգնեցի: Մնում են պարսիկները եւ ռուսները: Կամ Դամասկոսը, որը առանց Մոսկվայի եւ Թեհրանի հետ համաձայնության դա չէր անի: Մի խոսքով, թե ով նման ծանր հարված հասցրեց Ալիեւին, դեռ կտեսնենք: 
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА