ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՌՎՈ՞ՒՄ ԵՆՔ

29.08.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՌՎՈ՞ՒՄ ԵՆՔ


Նման է, որ մեր կառավարության բախտը չի բերում: Ե՛վ ընտրություններից առաջ, ե՛ւ ընտրություններից հետո կառավարությունն ու վարչապետը հանդես են եկել հավակնոտ ծրագրերով, սակայն տեսանելի աճ չի նկատվում: Իսկ Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարությունների գլխին գալովի է` իրար հետեւից երկու անտառային հրդեհ: Սկզբում Խոսրովի անտառում, իսկ հետո` Խուստուփի լանջին: Դա էլ քիչ էր, գումարվեց եւ «Նաիրիտի» հրդեհը, որի տարածած գարշահոտության պատճառով մայրաքաղաքի կեսը հիշոցներ է հիշում...
ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԷԼ «ՀԱՅԻ ԲԱԽՏ» ՈՒՆԵՆ
Զորօրինակ, ինչպե՞ս պատահեց, որ Խոսրովի անտառը Խոսրով արքայի օրերից ի վեր երբեւէ չի վառվել, չնայած մինչ 1918-ը մեր երկիրը գաղափար չուներ, թե ինչ բան է Բնապահպանության նախարարությունը, տարածքով էլ բազմիցս պատերազմող զորքեր են գլորվել: Եվ հանկարծ հիմա, երբ այդքան հսկող ու վերահսկող կա, բռնկվեց այդ պատմական ձեռատունկ անտառից ոչինչ չթողած հրդեհը: 
Նույնը եւ Խուստուփի պարագայում: Սյունյաց աշխարհում էլ բազմիցս հակամարտ զորքեր են ուժերով չափվել ու իրար դեմ կիրառել ցանկացած միջոց, եւ այդտեղ նաեւ Նժդեհը պատերազմում էր, միաժամանակ բոլշեւիկյան եւ թուրքական զորքերի դեմ, որոնց անհայտ է միջոցների մեջ խտրություն դնելը, բայց Խուստուփի լանջերի անտառներին ոչինչ էլ չէր եղել: Միգուցե, պատճառը Նժդեհի ոգու զայրո՞ւյթն է, որ լեռան գագաթին գտնվող իր կիսանդրու վրա թրքոբոլշեւիկների ինչ-որ ժառանգներ կրակել են մարտական զենքով... Համենայնդեպս, հրդեհը փաստ է: 
Մեր նախարարների համար, կարծես թե, աշխատանքի պայմանները  շատ հանդարտ էին` առանձնապես քննադատող չկա, քանզի ընդդիմությունը ամռանն այդպես էլ չկատարեց իր խոստումը, որ դաժան պայքար է սկսելու հանուն արդարության: Բայց սահմանափակվեցին անհեթեթություններով` հայոց լեզվի վրա հարձակումներով եւ ԽՍՀՄ կործանումից 26 տարի անց փողոցներն ապասովետականացնելու առաջարկությամբ: Կարճ ասած` զբաղվել են այնպիսի գործերով, որոնցից իրեն հարգող ցանկացած ընդդիմադիր պետք է որ զզվեր, քանզի դա ոչ թե քաղաքական գործիչների, այլ կեղտոտ վճարովի պատվերներ վերցնող գրանտալափ քարոզիչների գործառույթն է: 
Այսպիսով, մեր կառավարությունը բախումներ չի ունեցել ո՛չ ընդդիմության հետ, ո՛չ էլ արժանացել է ՀՀ նախագահի անբարյացակամ վերաբերմունքին: Այսպես ասած, ոչ ոք չի խանգարում, հանգիստ կարող եք աշխատել: Բայց պարզվեց, որ մեր նախարարներն էլ «հայի բախտ» ունեն, ու գործերը թարս են գնում գրեթե բոլոր ոլորտներում` բացառությամբ արտաքին գործերի եւ պաշտպանության: 
Իսկ, միգուցե, հենց ընդդիմադիր եւ նախագահական ճնշումների բացակայությո՞ւնն է այդ ձախորդփանոսության պատճառը: Չէ՞ որ գործադիրին տոնուսի մեջ պահելու համար գիշատիչներ են պետք, սակայն մեր ընդդիմադիրները ոչ թե գիշատիչ են, այլ` անատամ քաֆթառ ճղճղաններ: Չնայած Զարուհի Փոստանջյանի ձայնն էլ դուրս չի գալիս, միայն Նիկոլը գնաց այրվող «Նաիրիտի» տարածքում ծուխ կուլ տալով այդտեղ անձամբ ուղիղ հեռարձակում կազմակերպելու համար: Հա՛մ ժողովրդի աչքին է երեւում, հա՛մ վերհիշում իր երբեմնի լրագրողական մասնագիտությունը: 
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԽԱՂԻՆ
Սակայն վերադառնանք ավելի կարեւոր գործերին` 2018-ի ապրիլին պետք է վերջին անցումը կատարվի դեպի սահմանադրական բարեփոխումներով նախատեսված կառավարման խորհրդարանական ձեւը: Այդ անցման պահին օգտվելու ցանկություն ունեն շատերը: Ե՛վ ներսի ուժերը, ե՛ւ դրսի: 
Դրսինները իրավիճակը լարում են ավանդական` Արցախյան հիմնախնդրի շուրջ, քանզի ներսի 5-րդ շարասյուները վաղուց եւ հիմնովին ցույց են տվել անարդյունավետությունը, որը բաղկացած է ահավոր փողասիրությունից եւ նույնքան ահավոր փափկամազիկությունից: Դրսի վրա հույս դնող ընդդիմադիրներն էլ նույնիսկ քչից-շատից տեսք ունեցող հանրահավաք չեն կարողանում հրավիրել, համ էլ ասելիքները վաղուց պրծել են: 
Բայց այդ գործընթացում կան առավել լուրջ մարդիկ` նրանք, ովքեր ունեն կա՛մ իշխանություն, կա՛մ փող, կա՛մ երկուսը միաժամանակ: Եվ ինտրիգը պտտվում է  այն հարցի շուրջ, թե ով կլինի հաջորդ վարչապետը, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանը նախագահության պաշտոնական ժամկետի ավարտից հետո ռեալ իշխանություն կպահպանի: Այ, այդտեղ արդեն խաղեր տալու տեղ է բացվում, չնայած Շախմատային ֆեդերացիան նախագահող երկրի ղեկավարը գրոսմայստերի պես պահում է բալանսը: 
Բայց, օրինակ, կայքերի հրապարակումներից ու կուլուարային խոսակցություններից կարծես թե զգացվում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի ինչ-որ ձեւաչափով մասնակցել խաղին, կամ գոնե վերադառնալ նոմենկլատուրայի շարքերը: Զորօրինակ, հարց է հնչում, թե ինչո՞ւ է նա դեպի դուրս տեղափոխում իր բիզնեսները: Ինքը` պարոն Աբրահամյանը, դա բացատրում է զուտ բիզնեսը օպտիմալացնելու խնդիրներով, սակայն որոշ շրջանակներում կասկածներ կան, որ նա բիզնեսը տեղափոխում է դուրս, որպեսզի երկրի ներսում ձեռքերն ազատ լինեն եւ անկաշկանդ գործի: Դե, խոշոր հաշվով, Ծառուկյան դաշինքի հետ վաղեմի կապերը հո չեն խզվել, եւ տեսականորեն քաղաքական նոր գործակցությունը հնարավոր է: Միաժամանակ նաեւ լրատվական դաշտում Հովիկ Աբրահամյանի շուրջ պտտվում են երկու` առաջին հայացքից իրարամերժ տրենդներ: Մեկը` որ ներկայիս կառավարությունը ձախողված է, եւ հարկ է վերադարձնել Հովիկ Աբրահամյանին, որպեսզի իրավիճակը շտկի: Մյուսի հեղինակը հենց ինքը` նախկին վարչապետն է` նա սկսեց բարյացակամ արտահայտվել Կարեն Կարապետյանի եւ վերջինիս կառավարության գործունեության մասին: 
Հիմա ինչ, դա 2018-ի առաջին կեսին ռեւանշ վերցնելու ցանկության արտահայտի՞չն է, թե` զգուշավոր «հետախուզական գործողություն», որի նպատակն է հող նախապատրաստել արդեն 2018-ի երկրորդ կեսին` առանց էքսցեսների դիրքեր ստանալու ու կայացվող որոշումների վրա ազդելու հնարավորությունը ձեռք բերելու համար: Այսպես ասած, «ոչ շիշ, ոչ քյաբաբ» տարբերակով: Բայց դա կստացվի՞, թե` ինչ-որ չափով կկրկնվեն 2015-ի փետրվարի հայտնի իրադարձությունները...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА