ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

25.08.2017 21:30 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ


Տարածված տեղեկությունների համաձայն, նախօրեին Սոչիում կայացած ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ինչպես հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը վերաբերող, այդ թվում՝ տարածաշրջանային բնույթի հարցեր, այնպես էլ, այդ համատեքստում, ղարաբաղյան գործընթացը: Ինչ ակնկալել Սարգսյան-Պուտին հանդիպումից, հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայաստանյան վերլուծաբանների հետ:

Հայաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ նշեց.
- Հանդիպման ընթացքում ենթադրվող թեմաների շրջանակը պարունակում էր ոչ միայն երկկողմանի հարաբերությունների հարցեր, որոնք, բնականաբար, ունեն դրական զարգացման միտումներ, այլեւ այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը եւ տնտեսական զարգացումներին: Համապատասխանորեն  կարող ենք ենթադրել, որ երկու նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Արցախի հիմնախնդրին եւ դրա հավանական կարգավորման եղանակներին: Գուցե խոսք է եղել նաեւ այն մասին, թե ինչպես կարող են լինել հետագա քայլերը` կապված Մինսկի խմբի համանախագահողների գործունեության եւ առաջարկների հետ, որոնք կարող են ներկայացված լինել երկու երկրներին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Խնդիրների շրջանակը չէր կարող շրջանցել այնպիսի հարց, որը վերաբերում է ԵՏՄ շրջանակներում համագործակցության զարգացմանը եւ դրա արդյունավետության բարձրացմանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ փաստեց.
- Հանդիպումից կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է նաեւ Թուրքիայի հնարավոր համագործակցությանը, այսինքն, մաքսային համաձայնագրի ստորագրմանը ԵՏՄ-ի շրջանակներում: Կարծում եմ` վերջին օրերին ե՛ւ Ադրբեջանի կողմից Նախիջեւանում զորքի կուտակումը, ե՛ւ ջերմ հարաբերությունները միջոցներ են Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի հանկարծ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում չանի որեւէ խաղ: Լավ ակնկալիքներ այս հանդիպումից չունեմ, որովհետեւ ակնհայտ է, որ գնում է ռուս-թուրքական մերձեցում, ինչը ձեռնտու է Ռուսաստանին: Այն առումով, որ վերջինս Թուրքիային փորձում է Արեւմուտքից անջատել: Այս ամենի դիմաց Ռուսաստանը ինչ-որ բան պետք է տա Թուրքիային, ինչը կարող է լինել մեր հաշվին եւ Արցախի ճակատում: Պատահական չեմ համարում, որ ամերիկացիները հնչեցրին «Մադրիդյան սկզբունքերը»: Կարծում եմ` սա մեսիջ  է ուղղված հիմնականում Ռուսաստանին, որ Արցախի հարցը գործում է եռանախագահների շրջանում, եւ Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարող լուծել խնդիրը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ նկատեց.
- Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ, բացի պաշտոնական հաղորդագրությունից, այլ մանրամասներ հայտնի չեն: Հանդիպման ընթացքում պետք է որ քննարկվեր Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հարցը, որը որոշ չափով վերաբերում է նաեւ Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական ընկերն է: Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի հայտարարած սանկցիաները շատ վտանգավոր են, քանի որ նրանք ասել են՝ կանգ չեն առնի՝ մինչեւ հաղթանակ: Իսկ այստեղ հարց է առաջանում, որքանով է Հայաստանը պատրաստ կիսելու այդ սանկցիաների մի մասը: Իմ կարծիքով` այս հարցերն են օրակարգում եղել, ուստի դժվար է ասել, թե ինչ կարելի է սպասել: 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից:
1. Դրական ուղղվածությամբ նմանատիպ հանդիպումները երկու երկրների միջեւ հաճախակի բնույթ են կրում, մտահոգվելու առիթ չկա- 58%:
2. Պետք է որ  հիմնականում քննարկված լինի նաեւ ղարաբաղյան հարցը, որտեղ լուրջ զարգացումներ կլինեն- 16%:
3. Առաջին պլանում պետք է որ ԵՏՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցը լիներ,որի մասին հատկապես ռուսական մամուլը վերջերս շատ խոսեց- 12%:
4. Դժվարանում են պատասխանել- 14%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА