ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սարգսյան-Պուտին հանդիպումով վերջ դրվեց այս օրերին հնչած բոլոր շահարկումներին»

25.08.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սարգսյան-Պուտին հանդիպումով վերջ դրվեց այս օրերին հնչած բոլոր շահարկումներին»

ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի Սոչիում կայացած հանդիպումից հետո` հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից միայն հաջողվեց պարզել, որ ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին, ինչպես նաեւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Թե ինչպես են գնահատում կայացած հանդիպումը փորձագիտական շրջանակներն, «Իրավունքը» հետաքրքրվեց ռուսաստանաբնակ անկախ քաղաքագետ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ: 

«ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆԵԼ, ՈՐ ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԹԵՎԱԿՈԽԻ ԱՌԱՎԵԼ ԹԵԺ ՓՈՒԼ»

– Այս շրջանում եղան բազմաթիվ շահարկումներ այն մասին, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լավ օրեր չեն ապրում, ավելին` դրանք բավականին վատացել են: Եղան նաեւ բազում ակնարկներ, թե Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: Բոլորն էլ շատ լավ գիտեն այն ծանր իրավիճակը, որ Հայաստանը գտնվում է վերջին տարիներին, նկատի ունեմ` ԼՂ կոնֆլիկտի պոտենցիալ լարվածության հնարավորությունը: Եվ գաղտնիք չէ, որ հետխորհրդային տարածքում կան մի շարք քաղաքական գործիչներ, որոնք ամեն կերպ փորձում են այնպես անել, որ այս կոնֆլիկտը լինի ամենաթեժ փուլի վրա: Սակայն Սոչիում կայացած ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումով` վերջ տրվեց այս օրերին հնչած բոլոր շահարկումներին, եւ բոլոր շահագրգիռ կողմերը կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Արդյունքում հասկանալի դարձավ, որ այս շահարկումները ամենեւին էլ չեն համապատասխանում իրականությանը: Մեր երկրներին իրականում կապում է ոչ միայն պատմական անցյալը, այլեւ մանավանդ վերջին 20 տարվա ռազմավարական համագործակցությունը` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, եւ թե՛ ռազմավարական առումով: Եվ ամենակարեւորն, իհարկե, այսօր տնտեսական հարաբերություններն են` ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական համագործակցային տիրույթում: Այն արդյունքները, որոնք ստացել է Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո եւ որոնք ներկայացվեցին նաեւ հանդիպման ժամանակ, կարծում եմ` լավագույնս պատասխանում է նաեւ քննադատաների այն հարցին, որոնք պնդում էին, թե այն ոչինչ չի տա Հայաստանին եւ, պարզապես, ժամանակի կորուստ է: Կարեւորում եմ նաեւ, որ այս անգամ ուշադրություն դարձվեց հումանիտար համագործակցությանը, որը, ցավոք, այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ:

– Մասնավորապես` ի՞նչ նկատի ունեք:

– Կցանկանայի, որ հայ-ռուսական հումանիտար համագործակցությունը զարգանար եւ այս ուղղությամբ միջոցառումներ իրականացվեին: Քանի որ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումներն անընդհատ են լինում եւ քննարկվում են ակտուալ հարցեր, կարեւոր է, որ օրակարգում չմոռացվի նաեւ մշակութային ոլորտի փոխգործակցությունը: Ի դեպ, ասեմ, որ այս առումով քայլեր նկատվում են, օրինակ, պլանավորվում է երկու երկրների լրագրողների մրցույթ: Այս ամենը շատ կարեւոր է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայասատանի քաղաքացիական հասարակության համար, առանց որի հայ-ռուսական համագործակցությունը չի լինի լիարժեք:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ` ԵՏՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ, ՓՈԹՈՐԻԿ ԷՐ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

– Որոշ ԶԼՄ-ներ տեսակետներ էին հնչեցնում, թե Պուտին-Սարգսյան հանդիպումը նաեւ պայմանավորված էր էկոնոմիկայի նախարարի մակարդակով ասված Թուրքիայի ցանկությանը` ԵՏՄ-ի հետ համագործակցելու վերաբերյալ...

– Եկեք հստակեցնենք` սրանով հետաքրքված էր կոնկրետ մի երկիր եւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից, ուղղակի, չարչրկվեց այս թեման: Վերջիններս դեռեւս Սարգսյան-Պուտին հանդիպման անոնսը տեսնելով` շտապեցին խաղալ դրա վրա եւ սկսեցին փոթորիկ սարքել մի բաժակ ջրում: Այստեղ պետք է հասկանալ, թե խնդիրն ինչ գործընթացի մասին է: Իրականում Թուրքիայի համագործակցությունը ԵՏՄ-ի հետ բավականին բարդ է` ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական քննարկումներ պետք է ընթանան ԵՏՄ անդամ շահագրգիռ երկրների հետ, այդ թվում` Հայաստանի: Ի վերջո, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ, մեղմ ասած, Հայաստանը եւ Թուրքիան ունեն ոչ սովորական հարաբերություններ, ընդ որում` բոլորի համար լիովին հասկանալի է, թե ինչ պատճառներով: Եվ երկրորդ` մինչեւ քննարկելը ԵՏՄ նախադրյալները` Թուրքիայի հետ համագործակցության հարցում, նախեւառաջ պետք է հիշել, որ վերջին ամիսներին Թուրքիան հետեւողականորեն վիճվում է մի շարք, այսպես ասած, ծանրակշիռ եվրոպական երկրների հետ: Այնպես որ, այս ամենը, պարզապես, փորձ է պայմանական PR-ի, թե եթե դուք մեզ չեք ուզում հասկանալ, ուրեմն` շատ լավ, մենք կփոխենք մեր հայացքը դեպի Ռուսաստանը: Իհարկե, եղան բազմատեսակ լրատվամիջոցներ, որոնք, որպես իրողություն ներկայացրեցին, թե Վ. Պուտինը Ս. Սարգսյանին կանչել է, որպեսզի տեղեկացնի նորությունը, որ Թուրքիան մտնում է ԵՏՄ կազմի մեջ: Հավատացեք` ինքս եմ անձամբ կարդացել այդ մասին: Մինչդեռ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այդ ամենը չի կարող կապ ունենալ իրականության հետ: Հետեւաբար, չարժե այս հարցում միանգամից մտնել լուրջ քննարկման մեջ, հատկապես, որ առանց Հայաստանի համապատասխան դիրքորոշման, այն չի կարող կյանքի կոչվել:

«ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿ Է, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՇԱՏ ԵՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄԻՖԵՐԸ»

– Ի դեպ, պարզվում է` ռուսաստանյան ԶԼՄ-ներում էլ են ակտիվորեն քննարկում այն հարցը, թե ովքեր են Հայաստանում իրական պատմական դեմքերը, ովքեր` դավաճանները, ինչի քննարկումը սկսվեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության կողմից արհեստականորեն օրակարգ բերված` փողոցների անվանափոխությունների հարցով պայմանավորված: Իսկ թիրախում հայտնվեցին պատմության մեջ հայ-ռուսական բարեկամության ջատագովները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես չէի ասի, թե դրանք լուրջ քննարկումներ կարող են լինել: Օրինակ, ես այն մարդկանցից մեկն եմ, որը կարդացել է անվտանգության ծառայությունում գրված Նժդեհի գործը եւ նույնիսկ մեկնաբանել եմ ՌԴ լրատվամիջոցների համար, որ նա ֆաշիստ չէր, այլ ֆաշիզմի դեմ պայքարող: Ըստ իս, տեղեկատվության խեղումը գալիս է գիտելքիների պակասից: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ հետխորհրդային երկրների պատմությունը բավականին դրամատիկ է, որպեսզի դրանից գլուխ հանես, դրա համար էլ այդտեղ շատ են շահարկումներն ու միֆերը: Հենց դրա համար էլ շեշտեցի, որ կարեւորում եմ հայ-ռուսական համագործակցությունը հումանիտար ոլորտում: Այս հարցը, վերջիվերջո, քաղաքական թեմա չէ, այլ հումանիտար է, բայց որպեսզի չմնան մութ անկյուններ, պետք է ռուս եւ հայ պատմաբանները, հասարակարական գործիչները կոնկրետ զբաղվեն դրանով եւ արդյունքի հասնեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` այս հարցերի վերաբերյալ լույս սփռող գոյություն ունի ընդամենը մեկ գիրք, որը գրել է հայ քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը: Իսկ մեր օրերում մարդիկ, բնականաբար, օգտվում են համացանցից, իսկ այնտեղ կարելի է կարդալ ինչ ասես եւ անել քեզ համար սխալ դիտարկումներ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА