ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՉԻՈՒՄ ԵՂԵ՞Լ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25.08.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՉԻՈՒՄ ԵՂԵ՞Լ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Նախօրեին Սոչիում կայացավ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն, ինչ խոսք, շատ սպասված էր, հաշվի առնելով նաեւ, որ այդ մասին խոսակցությունները սկսվեցին դեռ շաբաթներ առաջ, երբ նույն Սոչիում Վ.Պուտինը ընդունեց Իլհամ Ալիեւին:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՓՈԽՎԵԼ Է
Թե ինչ հարցեր էին դրված Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքում եւ, ամենակարեւորը՝ ինչ պայմանավորվածություններ կան, պաշտոնական աղբյուրները քչախոս են: Սակայն որոշ եզրակացություններ կարելի է կատարել:
Սկսենք նրանից, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման օրը ՌԴ նախագահի համար բավականին հագեցած էր. Պուտինը հանդիպեց նաեւ երկու առանցքային գործիչների հետ՝ Վատիկանի պետքարտուղար Պետրո Պարոլիի, եւ որ շատ ուշագրավ է, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի: Հասկանալի է, այս երեք երկրների՝ Հայաստանի, Իսրայելի, Վատիկանի եւ ՌԴ-ի միջեւ երկկողմ կապերի մեջ դժվար է ընդհանրություն գտնել: Բայց գլոբալ առումով աշխարհում  շատ բան է դարձել փոխկապակցված...
Վատիկանի ներկայացուցչի այցի հետ կապված կարելի է հիշատակել թեկուզեւ միայն այն ջերմ տոնայնությունը, որով պաշտոնապես կողմերն անդրադարձել էին ռուս-վատիկանյան կապերին: Իսկ դա նշանակում է, որ Հռոմի պապի,այսինքն՝ նաեւ, այսպես ասած, ավանդական Եվրոպայի հարաբերությունները ՌԴ-ի հետ մնում է միանգամայն դրական դինամիկայի մեջ: Ասենք, դա պարզ էր նաեւ ՌԴ-ի նկատմամբ վերջին՝ էներգետիկ պատժամիջոցների նկատմամբ Եվրոպայի միանգամայն բացասական դիրքորոշումից:
Իսկ ահա Նեթանյահուն Սոչի էր ժամանել առավել քան լուրջ պատվիրակությունով: Նշենք միայն, որ դրա կազմում էր Արտաքին հետախուզության՝ ՄՈՍՍԱԴԻ ղեկավարը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ¥ով, ի դեպ, ասում են, որ մինչ Իսրայել արտագաղթելը ԽՍՀՄ քաղաքացի էր եւ ՊԱԿ-ի աշխատակից¤ եւ այլն: Հասկանալի է, հազիվ թե առանց արտակարգ պատճառների Նեթանյահուն նման ազդեցիկ պատվիրակությամբ Սոչի հասներ: Եվ դա է հաստատում նաեւ Սոչիում հայտնած նրա առաջին իսկ միտքը: «Մենք եւ անձամբ ես երբեք չենք մոռանում այն պատմական դերը, որն ունեցավ Խորհրդային բանակը՝ ֆաշիզմի դեմ հաղթանակում: Մենք այդ մասին խոսում ենք ամենուր»,- հեռուներից եկավ Նեթանյահուն՝ անմիջապես էլ սկսելով գովերգել ներկայիս ռուսական բանակը եւ նրա հաջողությունները «Իսլամական պետության» դեմ պատերազմում: Իսրայելի վարչապետի հետագա մտքերից արդեն հասկանալի դարձավ, թե ինչու էր այդքան ջերմորեն արտահայտվում ռուսական զինուժի մասին: Այսպես, Նեթանյահուն, մեղմ ասած, մտահոգված է ազդեցության այն հսկայական եւ շարունակական աճից, որն ԻՊ-ի ջախջախմանը զուգահեռ ձեռք է բերում Իրանը: Եվ մտահոգվելու առիթ Իսրայելն իրոք ունի: Շատ փորձագետներ են վստահ, որ սիրիական պատերազմից հետո Իրանը կդառնա տարածաշրջանի ամենաազդեցիկ պետությունը: Իսրայելը, որը, ինչ խոսք, Մերձավոր Արեւելքի այս մեծ քաոսի ճարտարապետներից մեկն է, եթե ոչ՝ առաջինը, դա դեռ տարիներ առաջ էր հասկանում: Հին ճշմարտություն է նաեւ, որ ներկայիս  քաոսը, այդ թվում՝ Սիրիայի դեմ ռազմական արշավը իրականում հենց Իսրայելի թիվ 1 հակառակորդի՝ Իրանի դեմ էր ուղղված: Բայց երբ Սիրիան դիմացավ ու հիմա հաղթում է, նշանակում է, որ այդ հին ծրագրերը ձախողվում են, եւ ապա գոնե ներկայումս Իրանի այդ նոր տարածաշրջանային դերակատարությունը կանխելն անհնար է:
Սակայն այս պատմության ամենաուշագրավ մասը հետեւյալն է: Իսրայելի ստեղծման պահից նրա անվտանգության երաշխավորը եղել է Վաշինգտոնը: Բայց երբ Նեթանյահուն իր երկրի անվտանգության հետ կապված փորձում է լուծումներ գտնել նաեւ Մոսկվայում, ավելի ճիշտ՝ Սոչիում, դա ակնարկ է, որ արդեն Վաշինգտոնը, այսպես ասած, 100 տոկոսանոց երաշխիքներ չի տալիս: Այսինքն, որ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դիմագծում տեղի է ունեցել արմատական փոփոխություն: Այն  է՝ ռուսական դերակատարությունը դարձել է որոշիչ, նաեւ նրանից պետք է սպասել տարածաշրջանային հիմնախնդիրների հետ կապված լուծումներ:

ՀՈԳԼԱՆԴՆ  ԷԼԻ ՄԵՋ ԸՆԿԱՎ
Այսպիսով, վերադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպմանը, նկատենք, որ տարածաշրջանային այս խորքային փոփոխությունների թեման նախագահները, ինչ խոսք, չէին շրջանցի: Խոսվում է, որ քննարկման առանցքում եղել է նաեւ ղարաբաղյան թեման: Բայց նաեւ չմոռանանք, որ Արցախի հարցը չի կարող դուրս մնալ տարածաշրջանային ընդհանուր զարգացումների տրամաբանությունից: Այսինքն, եթե տարածաշրջանային ցավոտ հարցերի լուծումները սպասվում են ՌԴ-ից, եւ կան հանգուցալուծման սպասելիքներ, ապա ղարաբաղյան հարցը եւս նույն զարգացումներից էապես կտրված չի կարող մնալ...
Բայց նաեւ հստակ ասել, թե Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ եղե՞լ են հստակ պայմանավորվածություններ, եթե այո՝ ինչպիսի՞, բնական է, մնում է յոթ փակի տակ պահվող գաղտնիք: Սակայն մեկ բան զգացվում է՝ այդ զարգացումները, կարծես թե, Վաշինգտոնում խանդի ռեակցիա են առաջ բերել: Համենայնդեպս, այլ կերպ դժվար է մեկնաբանել այն, որ ընդամենը 3 օրից ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լքող ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Սարգսյան-Պուտին հանդիպմանը զուգահեռ որոշեց «փակագծեր բացել»՝ թե ներկայացնում է հակամարտության լուծման  բանաձեւը: Ըստ նրա՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին կտրվի ժամանակավոր կարգավիճակ, Հայաստանին միացնող նեղլիկ «Լաչինի միջանցք» եւ անորոշ ապագայում հանրաքվեի իրավունք: Եվ բնական է, որ այդ պնդումը Հայաստանում միայն նյարդային ռեակցիա կարող է առաջ բերել: Բայց նաեւ Բաքվում է նույն ռեակցիան առաջ բերելու Արցախի անկախության մասին հիշատակումը: Չնայած, այն, ինչ ասել է Հոգլանդը, հայտնի էր դեռ տարիներ առաջ: Խոսքը «Մադրիդյան սկզբունքների» ամենանախնական տարբերակներից մեկի մասին է, որը դեռ այն ժամանակներում էր մոտավորապես նույն տեսքով հրապարակվել: Այսինքն, Հոգլանդն ուզում է ասել, թե դրանից հետո որեւէ բանչի՞ փոխվել: Ուրեմն, ինչի՞ վրա էին մոտ մեկ տասնամյակ աշխատում:
Բայց այն, որ «Մադրիդյան սկզբունքներն» այս տարիներին էական դետալային փոփոխություններ են ունեցել, անգամ նույն Հոգլանդն է քանիցս ֆիքսել՝ ներկայացնելով այս մեկից որակապես էականորեն տարբերվող այլ սխեմաներ: Եվ տրամաբանորեն  էլ չէր կարող չփոխվել, հաշվի առնելով, որ այս տարիներին բանակցային սեղանի շուրջ Բաքվի դիրքերը բավականին սեղմվել են: Պատճառները շատ են, սկսած նավթի գների անկումից, որն էապես ազդել է Ադրբեջանի ֆինանսական վիճակի վրա, վերջացրած «եղբայրականից» զատ՝ այլ շահեր առաջին պլան բերելու Թուրքիայի փորձերով: Օրինակ, ինչքան էլ որ ֆանտաստիկ թվա ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին Անկարայից հնչած հայտարարությունները, որոշակի փաստեր նաեւ ռեալության մասին են խոսում: Այդ թվում, տարածաշրջանում ՌԴ-ի դերի թռիչքային աճը, չինական «Մետաքսի ուղուց» եւ ռուսական գազի տարանցումից Անկարայի ակնկալած եկամուտները, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունները, ԵՏՄ-ի հետ մինչեւ տարեվերջ Իրանի պայմանագիր կնքելու հեռանկարը եւ մի շարք այլ գործոններ Թուրքիայի համար եվրասիական ուղղությունը դարձնում են միանգամայն առաջնային: Մինչդեռ ԵՏՄ-ի հետ ունեցած Թուրքիայի միակ՝ հայաստանյան սահմանի փակ լինելու պարագայում դա անլուծելի խնդիր է: Արդյունքում, Անկարան շատ  կցանկանար, որ  ղարաբաղյան հարցում ինչ-որ հանգուցալուծում լինի եւ հաստատ իր այդ ցանկությունների մասին նաեւ «փոքր եղբորն» է ազդակներ փոխանցել:
Ասենք` Բաքուն եւս ներկայիս գլոբալ իրավիճակում ստիպված է բավականին զգուշավոր դառնալ: Նույնիսկ անցած տարի ռուս-ամերիկյան հակամարտության վրա խաղալով՝ Արցախում իրավիճակը սրելը հեշտ էր մարսել: Եվ որ, օրինակ, Պուտինի հետ Ալիեւի վերջին հանդիպումից հետո  սահմանային իրավիճակը բավականին հանդարտ է դարձել, դա էլ է փաստ:
Այսպիսով` նկատենք, որ տարածաշրջանում սկսվել է հանգուցալուծումային փուլ, որը, թերեւս, նաեւ ղարաբաղյան հարցին կարող է վերաբերել: Իհարկե, Արցախի հետ կապված նրբությունները շատ են, եւ դժվար  է ասել՝վերջնական հանգուցալուծման հասնել հնարավոր կլինի՞: Բայց առնվազն միջանկյալ լուծումների սպասելիքներ կարող են լինել: Ասենք՝ վերջնական  լուծումը փոխպայմանավորվածությամբ հետաձգելու, սահմանային կայունության մասին նոր պարտավորությունների եւ կոմունիկացիոն ուղիները վերականգնելու սկզբունքների տեսքով:
Իսկ ահա Հոգլանդի, այսինքն՝ ԱՄՆ-ի հիշատակված դիրքորոշումը միայն կրքերի շիկացում է խոստանում: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան սպասելի զարգացումները տորպեդահարելու փորձ: Չնայած, Ալիեւի համար Նեթանյահուն միշտ էլ ավելի նախընտրելի հուշարար է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА