ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

25.08.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Ամբողջ օգոստոսը համաշխարհային լրատվական դաշտում հագեցած էր մոտալուտ աշխարհի վերջի մասին ցնդաբանական հիսթերիայով, որին ոչ միայն համացանցն ու մամուլը, այլեւ հեռուստաընկերությունները ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում ժամեր էին հատկացնում: Հերթական աշխարհի վերջը նշանակվեց սկզբում օգոստոսի 19-ին, հետո` 21-ին, այնուհետ տեղափոխվեց սեպտեմբերի 23: 
«ՈՐՁ ԿՈՎԵՐԸ» ԵՎ ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ՓՈՂՈՑԸ
Ի վերջո, ԱՄՆ օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, պաշտոնապես հերքեց, որ սեպտեմբերի 23-ին կամ դրա մոտակայքում Երկիր մոլորակին սպառնացող ինչ-որ տիեզերական աղետ է սպասվում... Դե պարզ է, 21-րդ դարի մարդուն անարժան, նախորդ դարաշրջանի խավարամիտ մնացուկ «աշխարհի վերջը» լրատվական դաշտում այդպիսի մասշտաբներով ու այդպիսի հիսթերիայով խաղարկելը սոսկ ծխածածկույթ է, որով քողարկվում է խոշոր խաղացողների ինչ-որ գործարք, գործողություն կամ գործընթաց: Թե ինչ էին քողարկում օգոստոսյան այդ հիսթերիայով, անշուշտ, վաղ թե ուշ կիմանանք: 
Սակայն ամբողջ աշխարհից դառնանք հայոց աշխարհին: Հայերն, ինչպես հայտնի է, աշխարհի վերջին չեն հավատում եւ ճիշտ էլ անում են: Սակայն մեր երկիրն էլ չմնաց առանց տեղեկատվական ծխածածկույթի: Ամենասուր թեման, որը ողողել է լրատվական դաշտը եւ գրավել հանրային ուշադրությունը, երկու աննշան իրադարձություններ են: Մեկը նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումն է` իբր հայոց լեզուն աշխարհի ամենաաղքատիկ լեզուներից է, եւ երկրորդը` Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկությունը` վերանվանելու երկուսուկես փողոց` խորհրդային անցյալից մնացած անուններից ձերբազատվելու համար: 
Եվ ապշել կարելի է, թե ինչպես են ամբողջ հանրությանը զբաղեցրել այդ երկու անհեթեթություններով: Պարզից էլ պարզ է, որ «որձ կովեր» եւ «կովերի ամուսիններ» դարձվածքներ օգտագործող լուսանցքային գործչի կարծիքը հայոց լեզվի մասին, զրո արժեք ունի որպես այդպիսին: Զրո արժեք ունի եւ «ելքականների» առաջարկությունը, քանզի, եթե անգամ մի կողմ դնենք վերանվանումների պատմաքաղաքական եւ գաղափարական երանգավորումները, փողոց վերանվանելը խաղուպար չէ: Ի վերջո, այդքան հասցեներ, կադաստրի վկայականներ, քարտեզներ եւ այլ բաներ փոխելու հետ է կապված, որեւէ անվանը սովոր քաղաքացիներին անհարմարություն պատճառել կա, ծախսեր կան... 
Բայց արի ու տես, որ քիչ է մնում ամեն սառնարանից ու արդուկից լսենք բուռն քննարկումներ, բանավեճեր, փոխադարձ մեղադրանքներ: Էլ մարդ չմնաց, որ Բագրատյանին հիշած չլինի ճոխագույն հիշոցներով, սակայն վերջինս կարծես թե երջանիկ է, քանզի անգամ հեռուստաեթեր են հրավիրել, եւ մոռանալու փոխարեն բոլորն իր մասին են խոսում: Ինչ վերաբերում է երկուսուկես փողոցին, ապա բուռն ձեւով, փոխադարձ մեղադրանքներով, փաստարկներով ու հակափաստարկներով դա քննարկեցին ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ քաղաքական այրերը, ե՛ւ պատմաբանները, ե՛ւ հազարումի փորձագետները... Մերոնք քիչ էին, քննարկումը հասավ անգամ ռուս քաղաքագետներին: 
Կարճ ասած, ճիշտ ու ճիշտ ժողովրդական որակմանը համապատասխան` եփած հավը ծիծաղից մեռավ: 
ԻՆՉԻՑ ԵՆ ՇԵՂՈՒՄ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մի կողմ թողնենք մեր քաղաքացիների ամենօրյա հոգսուցավի հարցը: Անդրադառնանք առավել ուշագրավ պահերին: Սկսենք մեր հանգստավայրերի, պատկերավոր ասած, «հոր գներից»: Եթե դրանք համեմատում ես անգամ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի դրույքաչափերի հետ, ստացվում է, որ կարող են այդտեղ հանգստանալ ընդամենը մի քանի օր, այն էլ միայնակ` ընտանիքները հետները չտանելով: Եվ հարց է ծագում` այդպիսի գներով հանգստավայրերը էլ ո՞ւմ համար են, գրողը տանի: Եվ արդյո՞ք երկրի իրական էլիտան, իսկ ավելի ճիշտ` հակաէլիտան, ոչ թե այն խավն է, որ պաշտոնապես համարվում է ղեկավար խավ, այլ բազմաթիվ անանուն կոռումպացված չինովնիկներն ու գանձագողերը, կամ ապօրինի արտոնություններից օգտվող քրեաօլիգարխները չեն... 
ՀՀ նախագահը քանիցս իր ծրագրային ելույթներում, որպես լրջագույն մարտահրավեր, նշել է անարդարությունը: Բյուրոկրատական ապարատը, կարծես թե, չի շտապում շարժել իր հետույքը` անարդարությունը հաղթահարելու ուղղությամբ: Էլի դա ամենուրեք է: Զորօրինակ, երեւանցին իր բնակարանի լուսամուտից ամեն օր զմայլվում էր 20-30 ծառից բաղկացած փոքրիկ պուրակով, բայց մի օր հայտնաբերում է, որ այդ պուրակի տեղը ինչ-որ հակահիգիենիկ մեկին հատկացվել է` հերթական դուքյանը կառուցելու համար, որը փակելու է նաեւ այդ քաղաքացու լույսը: Կամ, ասենք, փոքր քաղաքի բնակիչը, որ 20 տարուց ավելի մշակում էր իր տնից ոչ հեռու գտնվող չօգտագործվող հողակտորը, վարուցանք անում: Քանիցս փորձել է լուծել այդ հողակտորի սեփականաշնորհման հարցը, նրան մերժել են` պատճառաբանելով շուրջ 60 տարբեր իրավական խոչընդոտներ: Բայց մի օր արթնանում եւ հայտնաբերում է, որ այդ խոչընդոտները ակնթարթորեն հաղթահարվել են, ու այդ հողակտորն այլեւս տեղական քրեաօլիգարխի բազում սեփականություններից մեկն է: Այդպիսի դեպքերի մասին պարզից պարզ է, մի եզրակացություն կա` համապատասխան չինովնիկները կաշառք են լափել: Եվ այդպես` ամենուրեք, գրեթե բոլոր համայնքներում: 
Լավ, դեռ ամենօրյա գաղջ կրկնություն դարձած անարդարությունն ու ապօրինությունը մի կողմ, բայց գրեթե աննկատ անցան եւ կարեւոր բաները, որոշ դեպքերում` արտառոց: Հրդեհի պատճառով Խոսրովի անտառ գործնականում այլեւս չունենք, սակայն, մեղմ ասած, իրենց բարձունքում չգտնված արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարները ամենեւին չեն պատրաստվում հրաժարականի դիմումներ գրել: Թեեւ դա պետք է լիներ անքննարկելի հարց, նրանցից, օրինակ, Արծվիկ Մինասյանը բարձրաձայնում էլ է, որ չի պատրաստվում հրաժարական տալ... Ու այդ աղետալի հրդեհի եւ անպատասխանատու պատասխանատուների մասին գրեթե ոչ ոք չի խոսում, կարծես թե, ոչ թե հազարամյա անկրկնելի ձեռատունկ անտառ, այլ` հարեւանի մի խուրձ դարմանն է վառվել: Խոսվեց եւ ցինիկ, աննախադեպ սրբապղծության մասին` որ Խուստուփի գագաթին տեղադրված Նժդեհի կիսանդրու վրա մարտական զենքի կրակոցներով անցքեր են բացել... Լավ, աննշան եւ անհեթեթ բաների մասին չդադարող լրատվական աղմուկով այդ ինչքանո՞վ են խլացրել բոլորի ականջները եւ շլացրել աչքերը, որ ակնհայտ, ճչացող անընդունելի բաները մարդիկ չեն տեսնում: 
Բայց աննկատ անցան նաեւ պոզիտիվ լիցք կրող իրադարձությունները: Զորօրինակ, գրեթե ոչ ոք չհիշեց, որ 24 տարի առաջ` 1993-ի օգոստոսի 22-ին, մեր զորքերն ազատագրեցին Ֆիզուլին, մինչդեռ դա երգերի, բալլադների, ֆիլմերի, հերոսապատումների արժանի իրադարձություն էր: Ոչ ոք չհիշեց նաեւ, որ 27 տարի առաջ` 1990-ի օգոստոսի 23-ին, ընդունվել է Հայաստանի Անկախության մասին Հռչակագիրը, որով սահմանվել են մեր պետականության բոլոր հիմնարար արժեքները: 
Եվ առավել եւս, գրեթե ոչ ոք չհիշեց, որ այդ Հռչակագիրը դարձել է մեր Սահմանադրության հիմքը, եւ դրա զորությամբ վերահաստատվել է 1989-ի վերամիավորման ակտը, որով Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է: Մինչդեռ այսօր արդեն կարելի է տեսնել «Երկրորդ պետության» կեղծ խաղով այն աստիճանի տարված մարդկանց, որ վրդովվում են ռեժիսոր Արշակ Զաքարյանի «Ժամանակն է» սոցիալական տեսահոլովակով, ուր Արցախի Հանրապետության դրոշի մոտ կանգնած երեխան սպիտակ տիրույթները ներկում է կարմիր, կապույտ եւ ծիրանագույն ներկերով` վերածելով այն լիարժեք հայոց դրոշի... Հիմա ինչ է, ինքներս մեզ «Երկրորդ պետության» միֆով խաբելով, մեր գլխին Հոնկոնգ կամ Թայվա՞ն ենք սարքում. թե` իրար հետ հակամարտող Հյուսիսային եւ Հարավային Կորեա... 
ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ...
Իսկ քաղաքական ուժերը նախապատրաստվում են ԱԺ աշնանային նստաշրջանին, տարածաշրջանում սպասվելիք փոփոխություններին, ի վերջո` 2018-ի ապրիլին սահմանադրական բարեփոխումն ամբողջացնելու պահին: Հազար ու մի հաշվարկներ ու շահեր են բախվում` ինչպես ներսի ուժերի եւ գործիչների, այնպես էլ` արտաքին խաղացողների: 
Այ, վերցնենք տեսանելին` «Ելքի» ակտիվությունը: Օգոստոսից առաջ ՀՀ «գլխավոր լույսի մարդ» Էդմոն Մարուքյանը եւ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեցին, որ պետք է քննարկման առարկա դարձնեն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Եվ հիմա հանկարծ Արամ Զավենիչը խոսում է այդ ծրագրի թեեւ ցանկալի, բայց անիրատես լինելու մասին: Իսկ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայաստանը տնտեսական բումի շեմին» ծրագրային հոդվածով: Այդ հոդվածի դրույթներն այն են, որ 20-30 տարի առաջ Հայաստանից հեռացած եւ այժմ վերադարձած մարդիկ ներդրում են կատարում այնպիսի տեղերում, ուր չեն բախվում օլիգարխների շահի հետ, կամ ուր օլիգարխների խելքը չի հասնում, եւ որ այդ երեւույթը վարակիչ է դառնում, եւ դրանով սկսվելու է երկրի տնտեսական բումը: Ընդ որում, Փաշինյանը շեշտում է, որ խոսքը ոչ թե ՏՏ ոլորտի մասին է, որից մեր օլիգարխները հասկանում են նույնքան, որքան «խոզը տուռնիկից», այլ` միանգամայն նյութական գործունեությանը: 
Հետաքրքիր շրջադարձ է` Նիկոլ Փաշինյանը, որ իրեն մշտապես պատռում էր, թե գործարարությունը Հայաստանում խեղդում են, հիմա, ըստ էության, ասում է, որ ստեղծվել են պայմաններ, որպեսզի գործարարության բում սկսվի: Այդ ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը սկսեց այդպես թեեւ անուղղակիորեն, բայց հստակ գովաբանել Կարեն Կարապետյանի կառավարությունը: 
Իսկ, միգուցե, երկուսուկես փողոցը վերանվանելու` ավագանու մակարդակում արված «ելքականների» առաջարկությունը եւ դրա շուրջ աղմուկ հանելը գլխա՞նց նախատեսված էր որպես ծխածածկույթ, որպեսզի մարդիկ մոռանան, թե տարբերություն կա Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի այսօրվա եւ ամիսներ առաջվա խոսքի միջեւ: Իսկ միգուցե, «Ելքը» թեւերի՞ է բաժանվում, ու այդ իրողությունն են քողածածկում` պատմականորեն արդեն լրիվ իմաստազուրկ «ապասովետականացում» առաջարկելով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА