ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լենինգրադը ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշն է, ինչի՞ն են դեմ, ֆաշիզմի դեմ հաղթանակի՞ն»

23.08.2017 22:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Լենինգրադը ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշն է, ինչի՞ն են դեմ, ֆաշիզմի դեմ հաղթանակի՞ն»

Արձակուրդային այս շրջանում, թեպետ քաղաքական, հարաբերական անդորր է տիրում, սակայն տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրները, ամեն դեպքում, իրենց համար զբաղմունք գտան: Ո՛չ ավել, ո՛չ պակաս պարզվում է` մեր երկրի «ամենակարեւոր» խնդիրը երեւանյան փողոցների անուններն են: Եվ Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները լծվել են մայրաքաղաքի որոշ փողոցների անվանափոխության հարցը օրակարգ բերելու գործին` ասելով, թե դրանք դեռեւս կրում են սովետական տարիների հետքը եւ պետք է վերանվանվեն հայ հայտնի գործիչների անուններով: Այս եւ հարակից թեմաների շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«ԵԹԵ ԳՈՆԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԻՆ, ՆՄԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԱՌԱՋԱՐԿ ՉԷԻՆ ԱՆԻ»

– Պարոն Շարմազանով, ի՞նչ կասեք «Ելքի» վերոնշյալ նախաձեռնության մասին: Ընդ որում` նրանք գտնում են, որ, օրինակ, Լենինգրադյան փողոցը պետք է վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով:

– Ընդհանրապես, խորհրդային տարիների մեր հայտնի գործիչների եւ մտավորականների անուններով փողոցները վերանվանելը կատարյալ անհեթեթություն եւ վնասակար նախաձեռնություն է: Չի՛ կարելի Լենինգրադի ճակատամարտը, որտեղ կռվել են հայ ժողովրդի հազարավոր զավակներ, հակադրել Արցախյան հերոսամարտի հերոսներից մեկին` Լեոնիդ Ազգալդյանին: Եթե «Ելքի» երիտասարդները երկու գիրք ավել կարդացած լինեին, դժվար թե նման նախաձեռնությամբ հանդես գային: Լենինգրադյան փողոցը կոչվել է Լենինգրադի ճակատամարտի պատվին, իսկ այն խորհրդային ժողովուրդների հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի խորհրդանիշն է՝ ընդդեմ ֆաշիզմի: Այդ իմաստով նման գնահատականները ոչ միայն ծիծաղելի են, այլ նաեւ շատ վատ դրության մեջ են դնում թե՛ նախաձեռնողներին, թե՛ այդ քաղաքական ուժի ղեկավարությանը: Ինչի՞ն են դեմ, ֆաշիզմի դեմ հաղթանակի՞ն:

– Ամեն դեպքում, որպես հակափաստարկ, «Ելքի» ներկայացուցիչները նշում են, թե Լենինգրադ քաղաք նույնիսկ ՌԴ-ում չկա, իսկ Լենինգրադյան փողոց կա Երեւանում: 

– Լենինգրադի հոմանիշ կարելի է համարել Ստալինգրադը, եւ Փարիզում, որը Եվրամիության անդամ երկրի մայրաքաղաք է, կա Ստալինգրադի հրապարակ, Ստալինգրադի անվան մետրոյի կայարան: Բրյուսելում, որը նույնպես ԵՄ անդամ երկրի մայրաքաղաք է, կա «Ստալինգրադ ավենյու»: Լեհաստանում կա Ստալինգրադ անունով մի քանի փողոց: Իսկ Իտալիայի Բոլոնիա քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը կոչվում է Ստալինգրադի պողոտա, այսինքն` ստացվում է, որ ԵՄ-ում մտքներով չի անցել Ստալինգրադը վերանվանեն, հիմա «Ելքը» եկել է ու որոշել է այստեղ վերանվանե՞լ: Սա այն դեպքն է, որ «Ելքը» պետք է Եվրոպայից օրինակ վերցնի: Եթե գոնե եվրոպական փորձն ուսումնասիրեին, նման անհեթեթ առաջարկ չէին անի:

«20-ՐԴ ԴԱՐԸ ԵԹԵ ԵՐԵՔ ՄԵԾ ԴԻՎԱՆԱԳԵՏ ՏՎԵԼ Է, ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆՆ Է»

– Ի դեպ, թիրախում են նաեւ Միկոյան եղբայրները: Ըստ «Ելք»-ի ներկայացուցիչների՝ այսօր Միկոյանի անվան փողոց ունենալ նշանակում է` գնահատել մեր պատմության մեջ նրա ունեցած բացասական ներդրումը:

– Եթե մեր պատմությունն ուսումնասիրեն, շատ քիչ կլինեն այն գործիչները, որոնց կենսագործունեությունը հակասական չէ կամ չունեն սխալներ: Մարդը սխալական է: Հիմա պետք է կողմնորոշվենք` խորհրդային ժամանակաշրջանում լավ բան եղե՞լ է, թե` ոչ: Ինքս լինելով անկախ Հայաստանի ջատագով` այդուհանդերձ գտնում եմ, որ Խորհրդային միությունում, որի մասն է եղել Խորհրդային Հայաստանը, եղել են բազում լավ երեւույթներ` կրթությունից, գիտությունից, ճարտարապետությունից սկսած: Միկոյան եղբայրներին վարկաբեկողներին ընդամենը մի բան եմ ուզում ասել. եթե ադրբեջանցիները Միկոյան եղբայրների մակարդակի համաշխարհային գործիչներ ունենային, այսօր ամբողջ աշխարհը հեղեղել էին նրանց անունով: Խորհրդային Միության ակադեմիկոս Արտեմ Միկոյանը եղել է աշխարհի լավագույն ավիակոնստրուկտորներից մեկը, եւ նրա ստեղծած ՄԻԳ ռազմական օդանավերը պաշտպանել են Մոսկվայի եւ Լենինգրադի երկինքը ֆաշիզմից: Դրա՞ն են դեմ: Իսկ Անաստաս Միկոյանն այն մարդն է եղել, որը աշխարհը մի քանի ցնցումներից, այդ թվում նաեւ համաշխարհային պատերազմից զերծ է պահել: 1959 թվականին Բեռլինյան ճգնաժամի ժամանակ, երբ Խրուշչովը 6 ամիս ժամանակ էր տվել, որպեսզի սկսվի պատերազմը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, նա մեկնեց Վաշինգտոն, հանդիպեց նախագահ Էյզենհաուերի հետ եւ կարողացավ լուծել այդ խնդիրը: Իսկ հետո նրա ջանքներով խնդիրներ են լուծվել Փարիզյան, Ինդոնեզիայի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ: 20-րդ դարը եթե երեք մեծ դիվանագետ տվել է, դրանցից մեկը Անաստաս Միկոյանն է: Հիմա Միկոյաններին դեմ արտահայտվողներին ուզում եմ հարց տալ` Նապոլեոնը դրակա՞ն հերոս է, թե` ոչ, կամ՝ Չերչիլը: Մինչդեռ Շառլ դը Գոլը Միկոյանի մասին ասել է. «Համաշխարհային մասշտաբի պատմական դեմք»:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ, ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ, ԱՅՍՕՐՎԱ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՀԱԿԱԴՐԵԼ»

– Այնուամենայնիվ, փողոցների անվանափոխության ջատագովները հիշեցնում են, թե նույն Կասյանը, Միկոյանը նպաստել են Նժդեհի բանտարկմանն ու մահվանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ընդհանրապես չի՛ կարելի դաշնակցական, բոլշեւիկյան, այսօրվա անկախության շրջանի մեր հերոսներին հակադրել: Ե՛վ Նժդեհն է մեծ հայ, ե՛ւ Դրոն, ե՛ւ Ստեփան Շահումյանը, ե՛ւ Անաստատ Միկոյանն ու Արամ Մանուկյանը: Անդրանիկ Օզանյանն ու Դրաստամատ Կանայանն ունեցել են շատ վատ հարաբերություններ, Նժդեհն ու Ռուբեն Տեր-Մինասյանն էլ են ունեցել խնդրահարույց հարաբերություններ, եւ ի՞նչ: Ստեփան Շահումյանն էլ բոլշեւիկ էր, վա՞տ հայ էր: Միկոյանը Ստեփան Շահումյանի հետ միասին է գնացել դաշնակցական եղբայրների հետ միասին պաշտպանելու հայերին հարձակումներից: Իհարկե, պատմությունը վերանայման կարիք ունի: Եթե պատմությունը վերանայման կարիք չունենար, այսօր Մայր Հայաստանի փոխարեն Իոսիֆ Ստալինի արձանը կլիներ, բայց կան արժեքներ, որոնք չպետք է մերժվեն եւ դրանցից մեկը Լենինգրադի ճակատամարտն է, դրանցից մեկը նաեւ այս գործիչներն են, որոնք իրենց գործունեության ընթացքում մեծ ներդրում են ունեցել: 

– Այստեղ թերեւս ամենածեծված հարցը, որը հնչել է այս օրերին, այն է, թե` ի՞նչ է արել Ձեր նշած մեծ դիվանագետ Միկոյանը Հայաստանի համար:

– Դրա համար թող հիշեն, թե ինչ երկիր է եղել 1920 թվականին Հայաստանը եւ ինչ երկիր է դարձել Խորհրդային ժամանակաշրջանում: Միկոյանը մեր պետության առաջին դեմքերից է: Նա գիտությունից մինչեւ ճարտարապետություն, արդյունաբերություն զարգացրել է մեր պետությունը: Այնպես որ, մեր կեղծ հայրենասերներին, որոնք նման հարց են հնչեցնում, նաեւ հիշեցնեմ, որ 1944 թվականին Միկոյանն է հանձնարարել ՀՀ արտաքին գործերի կոմիսար Սահակ Կարապետյանին Արեւմտյան Հայաստանի միացման պլանը կազմել: Դրանով իսկ ի հայտ է գալիս, որ խորհրդային ղեկավարությունը եւ նախեւառաջ` Միկոյանը ջանք չէր խնայում, որպեսզի Երկրորդ աշխարհամարտից հետո Արեւմտյան Հայաստանը միացնի Խորհրդային Հայաստանին: Դա փաստ է, կարող են գիրք բացել եւ կարդալ: Չի՛ կարելի ամեն ինչ սեւացնել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА