ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ ԱՄՆ-Ի ՆԵՏԱԾ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՀԵՏ ԵԿԱՎ

23.08.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ ԱՄՆ-Ի ՆԵՏԱԾ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՀԵՏ ԵԿԱՎ


Չնայած օգոստոսը արձակուրդային ամիս է, սակայն այդ արձակուրդային փուլում անգամ անմիջականորեն մեզ շրջապատող տարածաշրջանում, ասենք՝ նաեւ ողջ աշխարհում թեժ զարգացումների պակաս չզգացվեցին: Ու, թերեւս, այդ ամենի մասին խոսել պետք է սկսել Սիրիայից, նկատի առնելով, որ հենց սիրիական պատերազմն է  շատ բանով կանխորոշում համաշխարհային թեժության աստիճանը եւ ուղղվածությունները:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Դեռ անցած ամիս, անդրադառնալով սիրիական պատերազմին, քանիցս առիթ էինք ունեցել նկատել, որ այն մտել է ավարտական փուլ: Այդ ժամանակահատվածում ստեղծվել էր նման պատկեր. սիրիական տարածքներից «Իսլամական պետության» ձեռքին էր գտնվում երկրի կենտրոնական հատվածը, մի փոքր տարածք Լիբանանի սահմանին, ինչպես նաեւ՝ Եփրատ գետից դեպի արեւելք որոշ տարածքներ ¥Եփրատից արեւելք մնացած հատվածը  վերահսկում են քրդերը¤: Միաժամանակ, տարբեր ահաբեկչական խմբավորումների ու հիմնականում՝ «Ալ-Քայիդայի» սիրիական քանիցս անվանափոխված կառույցի՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ձեռքին է մնում Հալեպից արեւմուտք ընկած Իդլիբի մարզը: Վերջապես, Սիրիայի հարավային որոշ փոքր տարածքներում նույնպես ահաբեկչական տարբեր խմբավորումների  վերահսկողությունն է:  Բայց հիմնականը կենտրոնական Սիրիան էր, որտեղ էլ իրականացվում էր սիրիական բանակի հիմնական օպերացիաները: Եվ ահա դեռ անցած ամիս այդ առումով առիթ էինք ունեցել այս ենթադրությունը հայտնել ¥օրինակ՝ «Իրավունք», 26 հուլիս¤. «Միաժամանակ հյուսիսից եւ հարավից սիրիական ուժերը ուր որ է դուրս կգան պատերազմի սկզբից ի վեր շրջափակման մեջ գտնվող Դեր-Զոր քաղաքը: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայի կենտրոնում դեռ ԻՊ-ի ձեռքին գտնվող ողջ հատվածը կհայտնվի սիրիական ուժերի կողմից շրջափակված վիճակում: Ընդ որում, այդ կենտրոնական հատվածի որոշակի ուղղություններում նույնպես ընթանում է ակտիվ հարձակում, այսինքն՝ ուր որ է կձեւավորվի շրջափակման երկու-երեք գոտի...»:
Եվ ահա վերջին երկու շաբաթներին հիշատակված ուղղություններում սիրիական բանակը հասել է լրջագույն հաջողությունների: Նախ՝ իրոք երեկվա դրությամբ Սիրիայի կենտրոնում ԻՊ-ն արդեն իսկ հայտնվել էր շրջապատման երկու օղակներում ¥տե՛ս քարտեզը¤, որոնք սպասելի էր, որ արագորեն կլիկվիդացնեն: Ճիշտ է՝ արեւմտյան կամ, այսպես ասած՝ «Ատերբատսկյան կաթսայի» ¥դրա կենտրոնական բնակավայրի անունով¤ հետ կապված նախօրեին հայտնի դարձավ, որ ԻՊ-ն «Ջեբհաթ ան-Նուսրային» դիմել է քիչ այն կողմ գտնվող Իդլիբից ճեղքում իրականացնելու եւ շրջապատված ուժերին օգնելու համար: Բայց եթե անգամ նման փորձ լինի, քիչ հավանական է, որ արդյունք կունենա: Այսպիսով, այդ երկու օղակները, ըստ ամենայնի, արագորեն կլիկվիդացվեն, որից հետո հաշված շաբաթների խնդիր կդառնա նաեւ պատերազմի սկզբից ի վեր շրջապատված Դեր-Զորի  ապաշրջապատումը: Դրանով էլ գործնականում ողջ կենտրոնական Սիրիան կվերադառնաԴամասկոսի վերահսկողության տակ: 
Միաժամանակ, այս օրերին գրեթե ազատագրվեց նաեւ Լիբանանի հետ հիշատակված սահմանային գոտին: Բացի այդ, հիմնականում կան զինադադարային պայմանավորվածություններ Հորդանանի սահմանին գործող խմբավորումների հետ,չնայած դրանք այդքան էլ էական ուժ չեն:
Այսքանից հետո, կա նաեւ Իդլիբի մարզի խնդիրը: Սակայն կենտրոնական Սիրիայի ազատագրումից հետո դա նույնպես անլուծելի հարց չէ ՌԴ-ի,ինչպես նաեւ՝ Իրանի օգնությամբ միանգամայն նոր որակներ ձեռք բերած սիրիական բանակի համար:
ՔՈՒՐԴԻՍՏԱՆ ՉԻ ԼԻՆԻ
Մի խոսքով, արդեն հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ սիրիական պատերազմն արագորեն մոտենում է ավարտին, եւ այդ ավարտը կլինի նախագահ Ասադի, ավելի  ճիշտ, նախ՝ Մոսկվայի, ապա՝ Թեհրանի օգտին: Ճիշտ է, դրանից հետո դեռ կմնա քրդերի խնդիրը, սակայն այստեղ էլ հետաքրքիր զարգացումներ կան: Ինչպես հայտնի է, իրաքյան քրդերը նախատեսում են սեպտեմբերի 25-ին անցկացնել հանրաքվե՝ անկախ Քուրդիստան ստեղծելու հարցով: Եվ ահա վերջին օրերին համառ խոսակցություններ ծավալվեցին, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ հետաձգել դա, մինչդեռ նախկինում հենց Վաշինգտոնն էր առաջ տանում այդ ծրագիրը: Մինչեւ իսկ փորձեց միջամտել պետքարտուղար Թիլերսոնը: Բայց ահա քրդական ինքնավարության ղեկավար Բարզանին օրերս հայտարարեց, որ հանրաքվեն չեն հետաձգելու, ինչը լրջագույն գլխացավանք է դառնում ԱՄՆ-ի համար: Այս առումով. դեռ ամիսներ առաջ էր հայտնի, որ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ՝ Իսրայելը ստվերային խողովակներով փորձում էին ամեն կերպ Իրաքի ղեկավարությանը համոզել՝ համաձայնվել հանրաքվեի արդյունքների հետ: Միայն այդ դեպքում Քուրդիստանի ստեղծումը միջազգային իրավունքի տեսանկյունից խնդիրներ չէր առաջացնի: Բայց ահա վերջին ժամանակներս խոսակցություններ ծավալվեցին, որ պաշտոնական Բաղդադը հանրաքվեի արդյունքները չճանաչելու դեպքում ծանրակշիռ խոստումներ է ստացել Իրանից եւ Թուրքիայից, որոնց համար Քուրդիստանի ստեղծումը լրջագույն խնդիր է: Ըստ տարբեր աղբյուրների, Թեհրանն ու Անկարան խոստացել են մինչեւ իսկ ռազմական օժանդակություն ցուցաբերել,  եթե քրդերը համառեն եւ անկախություն հռչակեն: Ունենալով նման թիկունք` բնական է, որ Բաղդադը հազիվ թե համաձայնվեր իր երկրի մասնատման հետ: Եվ ահա սա է,որ լրջագույն խնդիր է դարձել ԱՄՆ-ի հետ: Բաղդադի դեմ լինելու պարագայում, քրդական հանրաքվեին աջակցելը կնշանակի վերջնականապես կորցնել առանց այդ էլ Իրաքի միանգամայն երերուն դարձած դաշինքը: Էլ չասած,  որ Իրանի, Իրաքի եւ Թուրքիայի կողմից շրջապատված իրաքյան  Քուրդիստանը զենքով իր անկախությունը պահելու քիչ շանսեր ունի, իսկ Վաշինգտոնն այս  իրավիճակում չի կարող մասշտաբային օժանդակությունցուցաբերել քրդերին: Իսկ եթե ԱՄՆ-ը չաջակցի Քուրդիստանի անկախությանը, ապա քրդերն են հրաժարվելու ԱՄՆ-ի հետ կապերից՝ հայացքը շրջելով դեպի Մոսկվա: Այս բարդ իրավիճակից Վաշինգտոնի համար ելքը հանրաքվեի հետաձգումն է: Բայց քրդերը անկախության հոտն առել են եւ այդքան հեշտ չեն հրաժարվի այդ գաղափարից: Կարճ ասած, որ հունով էլ իրադարձությունները  զարգանան, ԻՊ-ի ոչնչացումից հետո քրդերի հետ դաշինքը պահելու, քրդերի զբաղեցրած տարածքները ռազմաքաղաքական հենակետի  վերածելու շանսեր Վաշինգտոնը գրեթե չունի: Դրանից զատ, լրջորեն վատթարացել են նաեւ երբեմնի դաշնակիցների՝ արաբների հետ հարաբերությունները: Իսկ դա նշանակում է, որ նախ՝նաեւ Սիրիայում քրդերի խնդրի լուծումները տալու է Մոսկվան: Ավելին, որ սիրիական պատերազմի ավարտով ՌԴ-ն հիմնովին ամրապնդում է իր դիրքերն Մերձավոր Արեւելքում, իսկ տարածաշրջանային թիվ մեկ պետության դերը ստանձնում է Իրանը:
«ԳՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՒ» ՀԵՐԹՆ ԱՄՆ-ԻՆՆ Է
Ինչ խոսք, սա ԱՄՆ-ի համար ծայրահեղ տհաճ իրավիճակ է: Բայց  փաստն այն է, որ նման զարգացումները կանխելուն ունակ քայլեր Վաշինգտոնի կողմից պարզապես տեսանելի չեն: Չնայած՝ ԱՄՆ-ի համար նույն պարտվողական վիճակն է նաեւ Չինաստանի դեմ պայքարում, ինչը պարզ տեսանելի դարձավ հյուսիսկորեական ճգնաժամի օրինակով: Ավելին, ԱՄՆ-ը նույն պարտվողական վիճակում է նաեւ Եվրոպայում, հաշվի առնելով, որ ԵՄ-ն ոչ միայն չմիացավ ՌԴ-ի դեմ ամերիկյան վերջին պատժամիջոցներին, այլ նույնիսկ հանգիստ շարունակում է նույն պատժամիջոցային ուղղություններում ռուսների հետ համագործակցել:
Չնայած, ԱՄՆ-ի այս պարտությունները հասկանալի են: Այն ներքին գերլարվածությունը, որ գնալով միայն սրվում է ԱՄՆ-ի ներսում, Վաշինգտոնին արտաքին հարթակում հաղթանակների քիչ հնարավորություն է տալիս: Առավել եւս, երբ ներամերիկյան սրացումները սկսել են նմանություններ ձեռք բերել նաեւ հետխորհրդային վերջին տարիների հետ: Օրինակ՝ ամերիկյան հասարակության խորքերում տիրող ծայրահեղ դրսեւորումներ ստացող երկպառակության լավագույն ապացույցներից մեկը դարձավ վերջին ժամանակներս պատմական հուշարձանների դեմ սկսված կատաղի պայքարը: Ամեն ինչ սկսվեց մի շարք նահանգներում որոշ պատմական դեմքերի եւ կերպարների հուշարձաններն ապամոնտաժելու պաշտոնական որոշումներից: Շատ չանցած, արդեն արձանները տապալվում էին տարաբնույթ ցուցարարների կողմից՝ առանց որեւէ պաշտոնական թույլտվության: Եվ ահա հերթը հասել է այնպիսի հուշարձաններն ապամոնտաժելու մասին ակտիվ քննարկումներին, ինչպիսին է Ռաշմոր լեռան ժայռերին քանդակված ամերիկյան հիմնադիր-հայրերի լեգենդար արձանախումբը: Ապամոնտաժման կողմնակիցներն այն կարծիքին են, թե պետք է արձանախումբը ոչնչացնել, քանի որ այնտեղ պատկերված են նաեւ ԱՄՆ հիմնադիր-նախագահ Ջորջ Վաշինգտոնը, նրա հաջորդներից՝ Թոմաս Ջեֆերսոնը, ովքեր եղել են ստրկատերեր, այսինքն՝ նաեւ ռասիստներ, որոնց համար ԱՄՆ-ում տեղ չկա: Բայց ահա մեկ դիտարկում. եթե պահանջում են մարդկանց հիշողությունից ջնջել ամերիկյան ստրկատեր-նախագահների մասին ամեն մի հուշ, ապա ի՞նչ են անելու ամերիկյան դոլարի հետ, որտեղ եւս այդ նախագահների պատկերները կան: 


Հիշենք, որ հուշարձանների դեմ «պայքարը» յուրահատուկ էր նաեւ մեզ՝ հետխորհրդային առաջին տարիներին: Եվ մեծ հարց է, թե ինչ ստացանք մեր պատմության որոշ էջեր այդպես ոչնչացնելով: Հուշարձանների դեմ պայքարել սիրում են նաեւ մի շարք ահաբեկչական խմբավորումներ, իսկ դրանց թվում` ԻՊ-ին հաջողվեց նույնիսկ հսկայական վնաս պատճառել մինչեւ իսկ Պալմիրայի հազարամյա պատմական արժեքներին: Վերջապես, արձանների դեմ պայքարելու թվում էին նաեւ նույն ԱՄՆ-ի օգնությամբ «գունավորված» երկրները, ասենք՝ Ուկրաինան: Կամ հիշենք, թե ամերիկյան աջակցությամբ ինչպես էին մեկը մյուսի հետեւից տապալվում Սադամ Հուսեյնի արձանները: 
Կարճ ասած, սկսած ԽՍՀՄ փլուզումից մինչեւ վերջին տարիները արձանաջարդությունն ամերիկյան «գունավոր» ծրագրերի բաղկացուցիչներից էր: Դրան էլ հաջորդում էր ներքին երկպառակությունները, հաճախ՝ պատերազմները: Ու հիմա, երբ հասել է ամերիկյան արձանաջարդության հերթը, իրավիճակը թեւակոխել է ռասսայական  եւ ազգամիջյան բախումների փուլ, թերեւս միայն կարելի է հիշել բումերանգի մասին, որն ամեն անգամ վերադառնում է նետողի մոտ: Հասկանալի է, խնդիրը Թրամփից ազատվելն է: Բայց այն ուժերը, որոնք «գունավոր հեղափոխություն» կոչվող քաղաքականությունը տեղափոխեցին ԱՄՆ, թող չմոռանան, որ մինչեւ վերջին պահը ԽՍՀՄ-ի փլուզմանը եւս ոչ ոք չէր հավատում...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА