ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունական համայնքն առաջարկում է Երեւանի փողոցներից մեկն անվանել Հոմերոսի անունով

21.08.2017 23:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հունական համայնքն առաջարկում է Երեւանի փողոցներից մեկն անվանել Հոմերոսի անունով

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» միության նախագահ  ԷԴՈՒՐԱԴ ՊՈԼԱՏՈՎԸ (Պոլատիդիս)  առաջարկով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. «Այս նամակով Հայաստանի եւ Արցախի  «Պատրիդա» հունական համայնքը Ձեզ է դիմում Ֆիրդուսու փողոցի օրինակով Երեւանի փողոցներից մեկը «Իլիական» եւ « Ոդիսական» հռչակավոր դյուցազնավեպերի հեղինակ, հույն առասպելական բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով: Երեւանում Հոմերոսի անվան փողոցը համաշխարհային քաղաքակրթության ընկալման մեր ձգտման եւս մեկ ապապցույց կլինի: Աշխարհում միայն երեք բանաստեղծ  համամարդկային նշանակության  գլուխգործոց ստեղծող են ճանաչվել: Դրանք Հոմերոսը, Նարեկացին ու Ֆիրդուսին են: Այսօր աշխարհում չեն դադարում վեճերը, թե նրանցից ով է առաջինը  մարդկային հանճարի գագաթին: Նարեկացին ու Ֆիրդուսին հասակակիցներ էին,  նույն  ժամանակաշրջանի ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին Նարեկացուն սրբացրել է, դասել է Եկեղեցու ուսուցիչների շարքը, նրան արձան կանգնեցրել: Մեծ բանաստեղծի անունը հայտնի է տասնյակ երկրներում, որտեղ երկու միլիարդից ավել մարդ է ապրում: Ֆիրդուսու արձաններ կամ նրա անվան փողոցներ, ամենայն հավանականությամբ,  միայն պարսկախոս երկրներում կան:  Բայց չէ՞ որ  Նարեկացու անունն էլ նախկինում քչերը գիտեին: Երկար տարիներ Նարեկացու անվան փողոց նույնիսկ Երևանում չկար»:

Ելնելով վերոնշյալից Հայաստանի եւ Արցախի  «Պատրիդա» հունական համայնքը  առաջարկում է լրացնել այդ փառավոր եռյակը եւ Երեւանում՝  Նարեկացու եւ Ֆիրդուսու փողոցների հետ, ունենալով նաեւ Հոմերոսի փողոց, որ համապատասխանելու է մեր ազգային աշխարհահայացքին. «Հետեւելով քրիստոնեական «Մեծարի՜ր՝  եւ կմեծարվե՜ս» ուսմունքին, մենք գովերգում ենք մարդկային հանճարի  արարածը: Հանճարների ոգին գովերգելով՝ մենք գովերգում ենք մեզ եւ մեր ապագա սերունդներին»:

Իսկ նամակի վերջում «Պատրիդայի» նախագահ  Էդ. Պոլադովը քաղաքապետ Տ. Մարգարյանին հիշեցրել է, որ Հոմերոսի դյուցազնավեպերն ուսումնասիրում են աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Նրա ստեղծագործություններով աշխարհի բոլոր ծայրերում բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել. «Դիմելով Ձեզ Հայաստանի եւ Արցախի հունական համայնքի անունից, ես առաջարկում եմ  Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներից մեկը վերանվանել Հոմերոսի անունով: Այդ անվանումը դառնալու է հայ եւ հույն ժողովրդների բարեկամական կապերի, դեպի վեհն ու ազնիվը մեր ձգտումների եւս մի ապացույց: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը», - եզրափակելով նամակն ասել է Էդ. Պոլադովը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА