ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վստահ եմ` Արցախը երբեք թշնամու ձեռքում չի հայտնվելու». Պերճ Զեյթունցյան

21.08.2017 15:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Վստահ եմ` Արցախը երբեք թշնամու ձեռքում չի հայտնվելու». Պերճ Զեյթունցյան

«Իրավունքն» անդրադարձել է, որ  79 տարեկանում այսօր կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ: Ականավոր դրամատուրգը «Իրավունքի» լավագույն բարեկամն էր` մշտական ընթերցողը, որը հաճախ  նաեւ իր հրապարակումներով էր հանդես գալիս «Իրավունք» թերթի էջերում: Վերջին տարիներին, ցավոք, չարաբաստիկ հիվանդությունը թույլ չէր տալիս, որ վարպետը գրչին հանձներ մտքերն ու մտահոգությունները` հրապարակախոսության, վեպերի ու պիեսների տեսքով:

Գրեթե երկու տարի առաջ, երբ «Իրավունքը» հյուրընկալել էր մեծ մտավորականին` հանձնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փարիզյան դատավճիռը» պիեսի համար, «Իրավունքի» կողմից գրականության ասպարեզում լավագույն գործիչ ճանաչված նրա պատվոգիրը, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նոր գործեր ունի գրված, հուզված պատասխանեց. «Թույլ տեղերիս մի կպեք, առողջականս թույլ չի տալիս վեպ գրել: Վեպ գրելու համար շատ առողջություն է պետք, պատմվածքներ շատ վաղուց չեմ գրում ցավոք, 50-ական թվականներին եմ գրել: Պիեսը բոլոր ժանրերից ամենադժվար ժանրն է, բայց 3 պիես ունեմ` Սունդուկյան, 3-ը` Դրամատիկական թատրոններում բեմադրված»: Անկախ ամեն ինչից, վարպետն այդ օրը հուզված էր ու շոյված, ինչն էլ առիթ հանդիսացավ հետաքրքիր զրույցի:

 Պ. Զեյթունցյանին մշտապես անհանգստացնում էր երկրի բարօրությունն ու կայունությունը, մտավորականների` գրողի արժեզրկված համբավը, չէր կարողանում հաշտվել, որ ուսումն ու բժշկությունն այսօր դարձել է վճարովի, չէր հաշտվում նաեւ արտագաղթի հետ. «Այնքան բան է փոխվել այսօր, մի մասը` լավ, մի մասը` վատ: Չեմ հաշտվում, որ բժշկությունը եւ ուսումը փողով է: Ինձ համար չեմ ասում, այլ` ժողովրդի: Այն մեծամասնության համար եմ ասում, որոնք այսօր լավ չեն ապրում: Բաներ կան, որոնք դուրեկան չեն, բայց բոլորից վեր անկախության գաղափարն է: Դրանից ավելի մեծ բան չկա ժողովրդի, ազգի համար: Դե, դա հիմա մեզանից է կախված` այդ անկախությունը մենք ինչպես պիտի կառուցենք: Շատ վատ դրվեցին անկախության հիմքերը Լեւոնի օրոք, հիմա` ոչինչ: Թե՞ մենք սովորեցինք չգիտեմ: Պետք է «յոլա» գնալ, սովորել, ուրիշ ճար չկա: Ինչ է, վեր կենանք գնա՞նք. դա ելք չէ, ես դա չեմ ընդունում: Հայաստանից որ շատ են գնում, ինձ համար մեծ ցավ է: Մտածում ես, պարզունակ բան է, բայց գիրքն ո՞ւմ համար եմ գրում, այս պիեսն ով է գալու նայելու»:

Իսկ Արցախը վարպետի թույլ կողմն էր, ու մշտապես ասում էր. «Մի բանում վստահ եմ` Արցախը երբեք թշնամու ձեռքում չի հայտնվելու: Արցախը կմնա անկախ, եթե անգամ վերջին հայը մնա այնտեղ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА