ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրդերի հանրաքվեն Վաշինգտոնի համար հերթական գլխացավանքն է դարձել

20.08.2017 17:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քրդերի հանրաքվեն Վաշինգտոնի համար հերթական գլխացավանքն է դարձել

Ինչպես հայտարարել է Իրաքում քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նախատեսվածի պես տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Այդպիսով, Բարզանին հերքել է ավելի վաղ տարածված լուրերը, թե հանրաքվեն կարող է հետաձգվել:

Նկատենք, որ մինչ այս՝ հանրաքվեի հետաձգման հարցով քրդերի հետ հեռախոսային բանակցություններ էր ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Մի շարք վերլուծական գնահատականների համաձայն, այդ հանրաքվեն, որին նախկինում աջակցում էր Վաշինգտոնը, հիմա նրա համար լուրջ գլխացավանք է դարձել: Այն առումով, որ ԱՄՆ-ին եւ Իսրայելին այդպես էլ չհաջողվեց ստվերային խողովակներով համոզել Իրաքի ղեկավարությանը՝ ընդունել քրդերի անկախությունը: Իսկ այդ պարագայում, ենթադրելի է, որ անկախություն հայտարարելու պարագայում Քուրդիստանը կենթարկվի ոչ միայն Իրաքի, այլ նաեւ՝ առնվազն Իրանի եւ Թուրքիայի քաղաքական եւ նույնիսկ՝ ռազմական հարվածներին: Ընդ որում, վերլուծաբաններն այն կարծիքին են, որ դա կարող է լինել միջազգային օրենքի համաձայն, եթե Իրաքի կառավարությունը օգնության խնդրանքով դիմի Թեհրանին եւ Անկարային: Մինչդեռ ինչպես քրդերը, այնպես էլ՝ Բաղդադը պաշտոնապես համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցները, եւ նշված իրավիճակում Վաշինգտոնը ստիպված է լինելու երկընտրանքի առաջ կանգնել: Եթե հրաժարվի Քուրդիստանին աջակցել, ապա դա կարող է մի կողմից՝ քրդերին վերջնականապես տեղափոխել ռուսական աշխարհաքաղաքական ուղղություն: Իսկ եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել քրդերին, ապա միանգամից կորցնելու է Իրաքի հետ դաշինքը: Սակայն Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի կողմից շրջապատված Քուրդիստանին օգնություն ցուցաբերելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այսինքն, ռազմական բախումների դեպքում քրդերն անգամ ԱՄՆ-ի օգնության դեպքում հաղթելու շանսեր գրեթե չունեն: Արդյունքում, ԱՄՆ-ն այս տարբերակի դեպքում եւս կորցնում է նաեւ քրդերի հետ դաշինքը:

Այսպիսով, միակ ելքը հանրաքվեի հետաձգելն էր, որը, սակայն, պարզվեց, որին Վաշինգտոնը գոնե այս պահին չի կարողանում հասնել:

Վարդինե Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА