ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում առնվազն գարնանային որսը անհապաղ պիտի արգելվի». Հ. Մանուկյան

19.08.2017 23:13 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայաստանում առնվազն գարնանային որսը անհապաղ պիտի արգելվի». Հ. Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ուշագրավ փաստեր է ներկայացրել՝ տարբեր երկներում որսի վերաբերյալ ընդունված որոշումներից. «Կոստա Ռիկան արգելել է որսը 2012 թվականին, Բոտսվանան՝ 2014 թվականին: Քենիան համապարփակ արգելք է սահմանել որսի եւ ցանկացած որսավարի առուվաճառքի նկատմամբ 1977 թվականից։ Քենիայի օրինակը աֆրիկյան մայրցամաքի առաջին եւեւ յուրահատուկ փորձն էր, երբ երկիրը առաջին անգամ կոմերցիոն օգուտ սկսեց ստանալ ոչ թե կենդանական աշխարհի ոչնչացումից, այլ դրա պահպանությունից։ Այս երկրի ֆաունայի փրկությունն իրականացավ տուրիզմի օգնությամբ։ Ստեղծվեցին եւ ամրապնդվեցին ազգային պարկերը, լիակատար վերացվեց որսագողությունը»:

Վերադառնալով՝ եվրասիական տարածաշրջան եւ մշակութաբանորեն մեզ առավել մոտ իրականություն, Հ. Մանուկյանն ընդգծել է. «Ղազախստանը 2016 թվականի նոյեմբերից լիակատար արգելեց գարնանային որսը (փետրվարի 16-ից հունիսի 14-ը ժամանակահատվածում)։ Բնական, տեխնածին եւ այլ աղետները հաճախ խթանիչ են դառնում հասարակությունում վաղուց հասունացած խնդիրների լուծումներն արագացնելու համար։ Կարծում եմ՝ վերջին աղետը հենց այս օրինակներից է։ Հայաստանում անհրաժեշտ է արգելել որսը (առնվազն գարնանային որսը միարժեք եւ անհապաղ պիտի արգելվի)»։ 

Նախկին նախարարի պնդմամբ՝ մեր երկրում որսը չունի արդյունաբերական նշանակություն. «Սիրողական եւ սպորտային որսը մարդկանց փոքր խմբի համար ժամանցային եւ վայելքի նշանակություն ունի եւ հանրային որեւէ պահանջ չի բավարարում։ Պետությունը պարտավոր չէ փոքրաթիվ անհատների ժամանցի համար տրամադրել հանրային սեփականությունը, առավել եւս վտանգի տակ դնել երկրի բնաշխարհի էկոհամակարգը: Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարականը որս, կառավարության կանոնակարգած արտոնագրման ընթացակարգով եւ խիստ հանրային վերահսկողության ներքո: Որոշակի առանձնահատկություն կարող է սահմանվել ստորջրյա որսի համար, բայց դա բացառությունների շարքից է»:
Եզրափակելով թեման՝ Հ. Մանուկյանը նաեւ ընդունում է, որ հայ քաղաքական ներկապնակում կանաչների կամ էկոլոգիական գաղափարախոսությունը պոպուլյար չէ. «Չկա այս ծրագրային պլատֆորմով քաղաքական պայքար մտած ուժ, իսկ հիմնական քաղաքական խաղացողների օրակարգում այս թեմատիկան կամ բացակայում է կամ դեկլարատիվ բնույթ է կրում։ Այս դաշտում բավականին ազդեցիկ եւ ակտիվ է հանրային էլեմենտը եւ դա թերեւս ներգործության միակ ռեսուրսն է այս կարեւոր ուղղությամբ։ Ժամանակն է խթանել հանրային քննարկումները այս ոլորտում եւ ակտիվացնել բոլոր սուբյեկտների (պետություն, քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ եւ այլն) ջանքերը խնդրի արագ եւ արդյունավետ լուծման համար։ Վաղը ուշ կլինի…», - զգուշացնում է փորձառու իրավաբանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА