ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իգնատի Առաքելյանն այցելել է Արարատի մարզ. նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

19.08.2017 20:10
Իգնատի Առաքելյանն այցելել է Արարատի մարզ. նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր` գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետեւելու եւ ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ եւ այլ համայնքներ:

Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել համայնքապետերի, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Նրանք, մասնավորապես, մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ, նշելով, որ արդյունքում 550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը, մնացածը մնում է անմշակ:

Որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, որի տեղադրման առաջարկով կդիմեն ՀՀ կառավարություն: Նրա տեղեկացմամբ՝ ոռոգման խնդրի վերջնական կարգավորման նպատակով ընթացքի մեջ է ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 3,5 տարի անց: Արսեն Հարությունյանը նաեւ նշել է, որ մինչեւ ջրամբարի կառուցումը ուսումնասիրվելու է խորքային հոր հորատելու տարբերակը, որով լուծում կտրվի առկա հարցին:

Նախարարի հետ զրույցում բարձրացվել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հարցը: Այս առնչությամբ նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի շնորհիվ ժամանակակակից գյուղտեխնիկայի ծառայություններից կկարողանան օգտվել նաև փոքր եւ միջին տնտեսավարողները:

Երասխավան համայնքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ում, որտեղ հիմնվելու են կեռասի, ծիրանի եւ  խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով: Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը: Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա: Այգին ամբողջությամբ պատված կլինի հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրևային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է կաթիլային համակարգով, կներդրվի նաեւ հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա. «Վաղահաս եւ ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018 թվականից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով», - նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր հերթին տեղեկացրել է, որ մարզի համայնքներում արդեն տեղյակ են նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրի վերաբերյալ, եւ արդեն ցանկություն են հայտնել դիմել:

Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշել է, որ ընթացիկ տարում մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է, ինչը պայմանավորված է երաշտով եւ ջրի պաշարների անբավարար քանակով: Նախարարը հավելել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ:

Այցի ընթացքում Սայաթ-Նովա համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ  «ԲԻԳԱՄԱ-ՖՐՈՒՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Մարանդյանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում. «Ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք ստեղծել մի մոդել, որի հաջողության դեպքում այն հնարավոր կլինի ներդնել Արարատյան դաշտավայրի այլ ձկնաբուծարաններում եւս: Միջազգային փորձագետների հաշվարկներով` այս մոդելով ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75 տոկոսով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան», - նշել է Գայանե Նասոյանը:

Ներկայացնելով ձկնաբուծարանի գործունեությունը` Գալուստ Մարանդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են իշխանի, կարմրախայտի, սիբիրյան թառափի եւ ոսկեփայլ իշխանի բուծմամբ և վաճառքով: Արտադրության ծավալները կազմում են մոտ 100-150 տոննա, արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի Վրաստան եւ Ռուսաստան:

Նա նաև շեշտել է, որ հայկական ձկնամթերքը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում` շնորհիվ որակական եւ համային բարձր հատկանիշերի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА