ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարզվել է Բարսելոնայում մարդկանց վրաերթի ենթարկած միկրոավտոբուսի վարորդի ինքնությունը

19.08.2017 15:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պարզվել է Բարսելոնայում մարդկանց վրաերթի ենթարկած միկրոավտոբուսի վարորդի ինքնությունը

Իսպանական լրատվամիջոցները պարզել են, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի մարդաշատ փողոցներից մեկում հետիոտների ամբոխի մեջ մխրճված և 13 մարդու մահվան պատճառ դարձած Fiat-ի ղեկին եղել է ծնունդով մարոկկացի Յունես Աբույաքուբը: 

Ինչպես նշում է BBC-ն՝ ոստիկանությանը հղումով, ահաբեկիչը, ենթադրաբար, ողջ է ու գտնվում է փախուստի մեջ: Աղբյուրը հավելում է, որ ահաբեկչության գլխավոր կասկածյալը 17-ամյա Մուսա Ուքաբիրն է, որը սպանվել է իրավապահների կողմից:

Նշվում է, որ Բարսելոնայում ու կատալոնական այլ քաղաքներում ահաբեկչությունների գործով 4 մարդ է ձերբակալվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, միկոավտոբուսը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:

Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  


Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ կասկածյալներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:


 Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА