ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐՎԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ

25.05.2016 14:07 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐՎԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ


Երեկ «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսելով ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց. «Պետք է մաքրենք մեր կյանքը կոռուպցիայի բացասական երեւույթներից, որովհետեւ դա է այսօր պահանջում կյանքը, արտաքին մարտահրավերները: Պետք է լինենք կուռ, համախմբված հասարակություն, որը կարող է մոբիլիզացված ձեւով հանդես գալ ներկա փուլում, եւ եթե չկարողանանք մեր անվտանգության հարցը լուծել, այսինքն` անվտանգություն կոռուպցիայից, մոնոպոլիաներից, կհայտնվենք ոչ շահեկան վիճակում»:-Հակակոռուպցիոն գործընթացը պետք է սկսել ներքեւից վերե՞ւ, թե՞ հակառակը:
– Պետք է նոր մեխանիզմ ձեւավորվի, քանի որ հին ձեւով պայքարը կարծես թե արդյունավետ չէ: Պետք է ընտրվի մի նոր տարբերակ: ՍԻՄ կուսակցությունն առաջարկում է ստեղծել արտակարգ լիազորություններով հանձնաժողով, որը կարող է գործել գուցեեւ Անվտանգության խորհրդի շրջանակներում, քանի որ խնդիրը վերաբերում է երկրի անվտանգությանը: Այդ հանձնաժողովը պետք է ունենա շատ լայն լիազորություններ եւ պետք է ունենա օրենքով տրված հնարավորություններ, որպեսզի կարողանա կոորդինացնել մի շարք այլ գերատեսչությունների աշխատանքը, որոնք պետք է համատեղ պայքարեն կոռուպցիայի դեմ:
– ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ որտեղ պաշտոնյա` այնտեղ կոռուպցիա: Ի՞նչ կասեք: 
– Եթե այդպես է, շատ տխուր է: Պետք է կազմակերպել այնպես, որ որտեղ պետպաշտոնյա` այնտեղ կազմակերպված, պատասխանատու աշխատանք: Եթե չհասնենք դրան, կունենանք խնդիրներ բոլոր տեղերում` տնտեսության, գիտության, բանակի եւ այլ ոլորտներում:

ԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ
–Ձեր կարծիքով` ՀՀ վարչապետը որտեղի՞ց պետք է սկսի օպտիմալացումը:
– Պետք է վերանայվի ամբողջ համակարգը: Կան գերատեսչություններ, որոնք այսօր ավելորդ են: Այս պահին եկեք շրջանցենք, թե որոնք են դրանք: Հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, բայց պետական ապարատը պետք է շատ կրճատվի, ստուգող-վերահսկող, բռնող համակարգը դադարի ուռճացված լինելուց, եւ պետք է կարողանանք ստեղծել ուսումնասիրող խումբ: Հատուկ հանձնախումբ  պետք է ստեղծվի, որը ուսումնասիրի` արդյո՞ք մեզ պետք են այդքան շատ գերատեսչություններ, աշխատողներ, վերահսկողներ: Անցած տարի 18 տեսչությունից հասանք 13-ի, որը լուրջ աշխատանք էր: 
– Խոսվում է օպտիմալացումից, ու հիմնականում միջին օղակի մասին` ՊՈԱԿ-ներ, որոնք ուռճացված են, բայց գիտենք, որ կոռուպցիան ավելի խորն է ոչ թե ՊՈԱԿ-ներում, այլ ուրիշ տեղերում: Ինչպե՞ս եք տեսնում այս պայքարը: Բացի այդ, մոտ 800 ծառայողական մեքենաներ կրճատվեցին, դա կարո՞ղ ենք համարել առաջին քայլ, եւ ի՞նչ է լինելու երկրորդ քայլը: Ինչո՞ւ հենց հիմա որոշեցին գնալ այդ քայլերին, եւ կառավարությունը որոշեց կրճատել մեքենաներ, որոնք հիմնականում սպասարկում են պաշտոնյաների ընտանիքներին: 
– Եկեք տարանջատենք օպտիմալացումը կոռուպցիայից, դրանք տարբեր են: Կոռուպցիայի հետ կապված արդեն ասացի, թե ինչ է պետք` ստեղծելով արտակարգ լիազորություններով հանձնաժողով: Իսկ օպտիմալացման հարցը պետք է լուծի մեկ այլ ուսումնասիրող հանձնաժողով, որը կտա ամբողջ համակարգի արդյունավետության բանաձեւը, դա պետք է կատարվի կառավարության շրջանակներում: 
Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, դա խայտառակություն է: Ամեն միջին կալիբրի պաշտոնյա ունի մի քանի օգնական, վարորդներ ու քարտուղարուհիներ, ինչը անթույլատրելի է: Իմ կարծիքով` կառավարությունը պետք է սահմանի մի շեմ, ըստ որի` դրանից բարձր արժողությամբ մեքենաներ չթույլատրվի վարելու: Բարձր պաշտոնյան ունենա մի շեմ, միջին պաշտոնյան ավելի ցածր շեմ եւ այլն:
Իսկ ինչու հենց հիմա` կարող եմ ասել, որ այս տարվա փետրվարի 12-ին երկրի նախագահը իր հայտնի ելույթով խնդիր է դրել լուծել բազմաթիվ այն հարցերը, որոնք կուտակվել են մեր կառավարման համակարգում, որովհետեւ նոր Սահմանադրությունը նոր հարաբերություններ է ենթադրում, նոր ճանապարհ է բացում մեր հասարակական, քաղաքական զարգացման համար, եւ պետական շինարարությունը պետք է համապատասխանի այդ նոր պահանջներին: Երկրի նախագահի ուղենիշը շատ հստակ է, եւ կառավարության ղեկավարը` վարչապետը, այդ ուղենիշի շրջանակներում մանրամասնեց խնդիրը: Ասեմ ավելին, թե ինչու հիմա: Գիտեք, որ յուրաքանչյուր պետության, ազգի համար կան ժամանակահատվածներ, որ պետք է գնալ մոբիլիզացիայի: Խոսքը այս պահին զինվորականների մոբիլիզացիայի մասին չէ, այլ մեր տնտեսական, քաղաքական, պետական շինարարության, հասարակական հարաբերությունների, ամենուր պետք է գնանք դրան:

ՀԻՄԱ ԿԱՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ, ՔԱՆ ՑՈՒՑԱԿԸ
–2017 թվականին կլինե՞ք ՀՀԿ-ի ցուցակում:
– Հիմա կան ավելի կարեւոր հարցեր, քան ցուցակում լինել-չլինելու հարցը: Կգա ժամանակը, եւ դրա պատասխանը կհայտարարենք: 
– Այսօր ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ Ընտրական օրենսգիրքը վերջնական տեսքով քննարկվելու է: Ինչպիսի՞ն են ակնկալիքները այս ԸՕ-ից: Այսինքն` այն բոլոր մեխանիզմները, որոնք ներդրվեցին այս օրենսգրքով` սկսած մատնահետքերից, տեսանկարահանող սարքերից, սա բարելավելո՞ւ է ՀՀ-ում ընտրությունների որակը, թե, այսպես ասած, քաղաքական կամքի դրսեւորում է բերելու մեր երազած ընտրություններին:
– Այն, որ բարելավվելու է, անկասկած է, քանի որ տեսնում ենք, թե ինչքան մեծ աշխատանք արվեց, բազմաթիվ պաշտպանիչ շերտեր ստեղծվեցին` ընտրակեղծիքներից, ու դա ակնհայտ է: Ինչ վերաբերում է կամքին, ապա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հասարակական կամք է պետք` լավ ընտրություններ կատարելու համար: Ի վերջո, հասարակությունն  է ընտրություն կատարում, այլ ոչ թե կուսակցությունը, իշխանությունը, թեկնածուները: Եվ ինչպես հասարակությունը կտրամադրվի, այդպես էլ կընթանան ընտրությունները: Ես վստահ եմ, որ մոտակա ընտրությունները կլինեն ավելի թափանցիկ:
– Ընդդիմադիր ուժերն ասում են, որ այս օրենսգրքում խութեր կան, որ իրենց համար բարդացվելու է ընտրական գործընթացը, եւ առաջ են բերում, որ սահմանադրությամբ համամասնական  ընտրությունն է սահմանված, բայց ռեյտինգային են առաջ բերում: Իրո՞ք բարդացված է նրանց համար;
– Պետք է հասկանանք, եթե կուսակցությունն ունի փոքր ռեսուրս, պետք է միանա այլ կուսակցություններին, որպեսզի ռեսուրսը բավարար լինի` մասնակցելու ընտրական գործընթացներին: Իսկ եթե նրանք հայտնում են իրենց փոքր ռեսուրսի մասին, ապա ինքնախոստովանություն են անում:
Ինչ վերաբերում է խութերին, ապա խութ` որպես այդպիսին, հատուկ ստեղծված չէ:

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ 
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՆՁԵՐ, ՔԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
–Իսկ այն, որ օրը մի կուսակցություն է բացվում, օրինակ` Օսկանյանը, Վահան Բաբայանը: Կարծում եք, որ սրանք պրոեկտնե՞ր են, որ պատրաստվում են ընտրությունների համար, թե՞ իրոք ունեն հնարավորություն` դառնալու լուրջ քաղաքական ուժեր:
– Մեր քաղաքական դաշտում ավելի շատ գործում են անձինք, քան գաղափարախոսություններ: Ես մանրամասն տեղյակ չեմ նորաստեղծ կուսակցությունների գաղափարախոսություններին, որովհետեւ դրանք մանրամասն չեն տեղեկացվել, բայց չկա մի գաղափարախոսություն, որը ներկայացված չէ մեր քաղաքական դաշտում:  Ազատ երկիր ենք, եթե մեկը գտնում է, որ կարող է ստեղծել քաղաքական մի պրոեկտ, հանդես գա ընտրողների առաջ եւ ստանա նրանց հավանությունը` թող փորձեն:
– Ընտրություններից մեկ տարի առաջ ստեղծել կուսակցություն եւ հասնել հաջողության` հնարավո՞ր է:
– Ժամանակը ցույց կտա: Մարդիկ շարժվել են օրենքով սահմանված կարգով, ստեղծել կուսակցություն, այլ բան է, որ համամիտ չեմ մի շարք հայտարարությունների, մասնավորապես` Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ, բայց բոլոր դեպքերում թող ստեղծվեն եւ գտնեն իրենց տեղը ընտրողների մոտ, քաղաքական դաշտում: 
– Ինչպե՞ս եք վերաբերվում 1-ին նախագահի` 3-րդ նախագահի շուրջ համախմբման կոչին:
– Ինձ պետք չէ, որ ինչ-որ մեկը կոչ անի կամ չանի: Իմ կարծիքով` այս դժվար փուլում երկրի նախագահը տանում է շատ ճիշտ, հավասարակշիռ, չափված եւ հաշվարկված քաղաքականություն, եւ նոր չէ, որ պետք է համախմբվեինք, բայց հիմա հասարակությունը պետք է էլ ավելի միասնական լինի, որպեսզի մեր լիդերի շուրջ համախմբված գնանք առաջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.- Իսկ թե ինչու 1992-ին Հ. Բաբուխանյանը պահանջում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը` կարդացեք կայքում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА