ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետն այցելել են մարզի մի շարք համայնքներ

17.08.2017 20:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետն այցելել են մարզի մի շարք համայնքներ

Գյուղատնտեսության նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ օգոստոսի 16-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Նախարարը եւ մարզպետը նախ այցելել են Շորժա համայնքի ծիրանի այգի: Մեկ տարի առաջ 10 հեկտարի վրա հիմնված այգում աճեցվում են հայկական ծիրանի սորտեր: Ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով, որը այգու համասեփականատերը կատարյալ եւ չափազանց արդյունավետ է համարում: Այգում ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա: Ծիրանի առատ բերքին այստեղ սպասում են 1-2 տարի հետո:

Մեծ Մասրիկ համայնքում գյուղատնտեսության նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը հանդիպել են տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, իսկ Վարդենիկ համայնքում ծանոթացել 2016 թվականին հիմնված «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության արտադրության նմուշներին ու ծավալներին: Սոցիալական ձեռնարկությունում իրականացվում է տարբեր բանջարատեսակների եւ խոտաբույսերի հավաքում, չորացում ու սառեցում: Կազմակերպության հիմնադիրը զեկուցել է, որ իրացման հետ կապված խնդիրներ չկան, իսկ հաջորդ տարվանից կաշխատեն ընդլայնել արտադրության ծավալները և արտահանում կազմակերպել նաև արտերկրում:

Համայնքների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, կարեւորելով մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը՝ ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը խոսել է նաեւ աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու մասին. «Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն` հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, եւ եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,-նշել է նախարարը:

Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ ԿԱՐԵՆ ԲՈԹՈՅԱՆԸ նշել է, որ թեեւ մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի եւ կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաեւ այգեգործության զարգացման համար: Ըստ մարզպետի Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ կարելի է հիմնել նաեւ Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկկոլիի մշակություն: Կարեն Բոթոյանը հավելել է նաեւ, որ մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները եւ հարկավոր է հետեւողական լինել դրանց շուտափույթ ձեռքբերման հարցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА