ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդական հնգօրյա համախմբում-հավաք Ռումինիայի Բուխարեստ եւ Սուչավա քաղաքներում

17.08.2017 19:43 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդական հնգօրյա համախմբում-հավաք Ռումինիայի Բուխարեստ եւ Սուչավա քաղաքներում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, օգոստոսի 10-14-ը Ռումինիայի Հայոց թեմում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանում հնգօրյա համախմբում-հավաքը։

Համախմբանը մասնակցում էին 33 երկրներից, այդ թվում` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Վրաստանից, Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից, 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդներ իրենց թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ։

 Համախմբման համար որպես թեմա էր ընտրված «Եկեղեցի եւ ընտանիք» կարգախոսը` դիտարկելով Եկեղեցին իբրեւ մեծ ընտանիք, իսկ ընտանիքը` որպես փոքր եկեղեցի:

Պաշտոնական բացման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքի ընթերցումով:

Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ Դանիել Պատրիարքի խոսքն ընթերցեց պատրիարքական փոխանորդ Հերոնիմոս եպիսկոպոս Սինաիտուլը: Խոսքով հանդես եկավ Ռումինիայի Կրոնից նախարար Վիկտոր Օպասկին՝ խոսելով Հայ եւ Ռումին Եկեղեցիների եղբայրական կապերի մասին: Իր հերթին ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ և ՀԵՀԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը իր երախտագիտությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներին եւ ողջունեց հայ երիտասարդությանը: Հավաքի մասնակիցներին ողջունեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, ով մեկ անգամ եւս իր երախտիքի խոսքը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ նման տեսլական ունենալու եւ նմանատիպ կարևոր նախաձեռնությունն օրհնելու համար, ինչպես նաև Ռումինիայի կառավարությանը՝ ի դեմս Կրոնների նախարարության, որը մշտապես աջակցում եւ ֆինանսավորում է Հայոց թեմի ծրագրերն ու նախաձեռնությունները, Ռումին պատրիարքությանը, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանին, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը, բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին եւ հայ երիտասարդությանը։

Միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները առիթ ունեցան մասնակցելու հոգևոր թեմատիկ քննարկումների, բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ, մասնակցել ուխտագնացությունների եւ կապեր հաստատել միմյանց հետ։

Հավաքին քննարկվեցին նաեւ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո 2018 թ. երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական հարցեր։

Համախմբումը կազմակերպվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եւ Ռումինիայի Հայոց թեմի ծխական համայնքների։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА