ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մատաղիսում՝ հանգստյան գոտի, Մարտակերտում՝ չրերի գործարան

12.08.2017 22:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Մատաղիսում՝ հանգստյան գոտի, Մարտակերտում՝ չրերի գործարան

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օրերս աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն  է հրավիրել այգեգործության թեմայով եւ ծանոթացել նորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին: Կառավարության ղեկավարը, նախ, Մարտակերտ քաղաքում, շրջանի պատասխանատուների եւ մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Ա. Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ եւ դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլային եղանակով. «Այգեգործությամբ զբաղվող եւ, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար: Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, եւ առկա ջրային պաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի: Հաջորդ տարվանից, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, պետական եւ բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորների քանակը»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝ կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաեւ վերամշակող գործարանների ստեղծմանը: Ա. Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտի բարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղ ծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվող տեսականուն եւ առաջիկա ծրագրերին: Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նոր աշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Այնուհետև Ա. Հարությունյանը ուղեւորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխան կառուցված քոթեջների, ռեստորանի եւ մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայությունների պայմաններին: Կառավարության ղեկավարը կարեւորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումը հատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով. «Խորհրդանշական եմ համարում այս երկու նախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջ գտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարում ենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակից գործարան»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА