ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՐՋԱԶԳԵՍՏՈՎ ԳԵՆԵՐԱԼԸ. ԻՆՉՊԵՍ 7 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐԸ ԴԱՐՁԱՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ (PHOTO)

11.08.2017 21:34 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՇՐՋԱԶԳԵՍՏՈՎ ԳԵՆԵՐԱԼԸ. ԻՆՉՊԵՍ 7 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐԸ ԴԱՐՁԱՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ (PHOTO)

«Սուպերդայակ». այսպես է մամուլում հիշատակվում Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։Նրան հաճախ համարում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի իրավահաջորդ, սակայն ի տարբերություն Մերկելի, տիկին Լյայենն ունի յոթ երեխա։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը 2013 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նրա նշանակումն անակնկալ էր անգամ զարգացած Գերմանիայում, որտեղ կանայք կարող են ծառայել բանակում, իսկ կանցլերն արդեն ութը տարի է կին է։

Մասնագիտությամբ բժիշկ նախարարը նախքան նշանակումն աշխատել է դաշնային կառավարությունում, սակայն զբաղվել է ավելի շուտ սոցիալական հարցերով։

Ինչպես է Ուրսուլան կարողանում հաջողել և ընտանիքում, և կարիերայում. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։

Ամուսնու՝ Հայկո ֆոն դեր Լյաենի հետ Ուրսուլան ծանոթացել է Հանովերյան համալսարանում։ Համարձակ աղջիկն առանց սպասելու նրա քայլերին, ինքն է առաջին քայլն անում։

«Ես նրան նկատեցի համալսարանում, սակայն չգիտեի՝ ինչպես մոտենալ։ Մի օր տեսա, թե ինչպես է մեքենայի անիվը փոխում եւ առաջարկեցի օգնությունս՝ չնայած դրանից ոչինչ չէի հասկանում»,- պատմել է նախարարը։

Ապագա ամուսինն օգնությունից հրաժարվում է, սակայն հաջորդ օրն ինքն է մոտենում ու նոր ծանոթուհուն առաջարկում ճաշել։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1986թ., երբ Ուրսուլան  27, իսկ Հայկոն՝ 31 տարեկան էր։

Հինգ տարվա ընթացքում նրանք երեք երեխա են ունենում, իսկ ապագա նախարարը ստանում է բժշկական գծով դոկտորական աստիճան։

«Այդ ժամանակ ես պարզապես խնդրում էի կլինիկային ինձ ոչ ամբողջական աշխատանքային օր տալ՝ հակառակ դեպքում չէի հասնցում երեխաներիս դաստիարակությամբ զբաղվել»,- պատմել է նա։

1992 թ. Ուրսուլան ամուսնու հետ տեղափոխվում է ԱՄՆ։ Այնտեղ նրանց ընտանիքը համալրվում է զույգով՝ Յոհաննայով եւ Վիկտորիայով։

«Եթե ԱՄՆ-ում ապրելու այդ շրջանը չլիներ, ես չէի դառնա քաղաքական գործիչ եւ իմ բոլոր երեխաներին լույս աշխարհ չէի բերի, քանի որ ԱՄՆ-ում բոլորն ուրախանում են երեխաներով եւ ողջունվում է այն փաստը, որ մայրերն աշխատում են»,- պատմել է Ուրսուլան։

Իր քաղաքական կարիերան Ուրսուլան սկսել է 43 տարեկանում։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նա ստանում է իր երկրորդ բարձրագույն կրթությունը, այդ ընթացքում եւս երկու երեխա է լույս աշխարհ բերում։

Քաղաքական նոր ֆիգուրին նկատում է Քրիստիան Վուլֆը, ով վերջինիս հրավիրում է նախարարների կաբինետ, որտեղ  2003- 2005 թթ. Լյայենը պատասխանատու էր առողջապահության եւ սոցիալական հարցերի մասով։

Յոթ երեխաների մայր նախարարուհուն սկսում է ուշադրություն դարձնել մամուլը։ Առաջատար քաղաքական ամսագրերը նրանից հարցազրույց են վերցնում, նա դառնում է քաղաքական թոք- շոուների աստղը։ Կանանց ամսագրերում նա հրապարակում է ընտանեկան լուսանկարները, կիսվում երեխաների դաստիարակության մասին խորհուրդներով։ Շատերն անգամ նրան մեղադրում էին կարիերայում հաջողությունների հասնելու համար ընտանիքը շահարկելու մեջ։

Քանի դեռ կինն իր կարիերան է կերտում, երեխաների դաստիարակությամբ զբաղվում է ամուսինը։

«Առանց նրա եւ մեր դայակի աջակցության, իմ աշխատանքն ահնար կլիներ»,- պատմում է Ուրսուլան,- տունն այն միակ վայրն է, որտեղ ինձ հաջողվում է լռել։ Համատեղ  27 տարիների կյանքից հետո ես եւ ամուսինս առանց բառերի էլ իրար հոյակապ ենք հասկանում»։

Հանգստյան օրերը նա փորձում է անցկացնել ընտանիքի հետ, որպեսզի մոռանա աշխատանքի մասին։ Այժմ երկու որդիներից եւ հինգ դուստրերից երկուսն են ապրում ծնողների հետ։ Մյուսներն ավարտել են դպրոցն ու  սովորում են համալսարանում։

Նախարարը խոստովանում է, որ երեխաների դաստիարակության գլխավոր սկզբունքը սերն է, սակայն բացի այդ անհրաժեշտ են հստակ կանոններ եւ երկաթյա կարգապահություն։ Դրա հետ մեկտեղ դաստիարակչական նպատակներով չպետք է կիրառել ուժ։ «Մի օր փոքրիկ տղաս գոռում էր, երբ խոսում էի մորս հետ եւ ես հարվածեցի նրա ձեռքին, սակայն մայրս պարզաբանեց, որ որդիս իմ ուշադրության եւ հոգատարության կարիքն ունի։ Այդ օրվանից ցանկացած ուժի կիրառումն ինձ համար տաբու է»,- պատմում է Լյայենը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА