ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուռնա-դհոլով հարսանիք` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

11.08.2017 04:26 ՄՇԱԿՈՒՅԹ
Զուռնա-դհոլով հարսանիք` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

Օգոստոսի 10- ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բեմադրվեց հայկական ավանդական հարսանիք`զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Այստեղ հայկական տարազներով էին ներկայացել հարսն ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը:

Արգելոց-թանգարանի տարածքն անսովոր տեսք ուներ: Հայկական մոտիվներով էր զարդարված. գորգեր, կճուճներ:

Ներկա էին  «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Զվարթնոց» կվարտետը ( գեղ. ղեկավար` Տիգրան Կոնինյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան): Նրանք միջոցառմանը մեծ շուք հաղորդեցին:

 «Իրավունքի» հետ զրույցում «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի գեղ. ղեկավար ԳԱՅԱՆԵ ԱԲԵԼՅԱՆՆ ասաց, որ նմանատիպ միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում. «Տպավորություն կա, որ մեր ազգը տխուր ազգ է, և մենք միայն տխուր երգեր ենք երգում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մենք շատ գեղեցիկ հարսանեկան երգեր ունենք, որոնց մասին մոռացել ենք: Օրինակ` կատակ-երգերը»:

Գ. Աբելյանի խոսքով դրական շարժ կա. «Բարեբախտաբար, այսօր կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնում ինչ-որ տեսարաններ բեմադրել իրենց հարսանեկան արարողության ժամանակ, իսկ դա շատ հաճելի փաստ է. դուրս կմղվեն օտարածին տարրերը»:

ՍՄԲԱՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ու ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ էր վստահված հարսի և փեսայի դերերը. առաջին բեմելն էր: «Լսելով միջոցառման մասին`ցանկություն հայտնեցինք ներկայանալ հարսի ու փեսայի դերում, և մեզ չմերժեցին: Ի դեպ, մենք իրական զույգ ենք, և մի քանի օրից տեղի կունենա մեր հարսանեկան արարողությունը»:

Սմբատն ու Աննան խոստովանեցին, որ իրենց հարսանեկան արարողության ժամանակ, անպայման, կբեմադրեն տեսարաններ հայկական ավանդական հարսանիքից: «Մեզ շատ դուր եկան և՛ երգերը, և՛ պարերը… Կազմակերպիչները ահռելի աշխատանք էին տարել»:

Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Տերյան» մշակութային կենտրոնը: Միջոցառման բեմադրող ռեժիսորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանն էր:   

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА