ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխարհի ամենահամով կերակուրը հայերն են». երեք տարի առանց Մետաքսեի

10.08.2017 23:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Աշխարհի ամենահամով կերակուրը հայերն են». երեք տարի առանց Մետաքսեի

Այսօր լրացավ հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ եւ հասարակական գործիչ ՄԵՏԱՔՍԵՅԻ մահվան երրորդ տարելիցը: Շատերի համար նորություն չէ,  որ նա մեծ ներդրում է ունեցել արցախյան շարժման ժամանակ, բայց քչերը գիտեն, թե ինչպես իր հայրենիքի դարդուցավով ապրող բանաստեղծուհին ապրեց Արցախյան հաղթանակի բերկրանքը: Մի առիթով «Իրավունքի» հետ զրույցում բանաստեղծուհին այս մասին անկեղծացավ. «Առաջ տղամարդիկ իմ աչքից ընկել էին ու տղամարդկանց դեմ էի: Իմ բանաստեղծությունները, որ  գրում էի ոչ սիրային էին, ասում էի` էս ի՞նչ տղամարդիկ են, շաքարը թողել են շան բերանը՝ նկատի ունենալով Արցախը: Երբ ինձ 1980 թվականին հրավիրեցին Արցախ, տեսա այդ բիբլիական երկիրը շատ հուզվեցի, կանգնել արտասվում էի: Ասում էի՝ ինչպե՞ս կարելի է այս երկիրը տալ թշնամուն ու հանգիստ քնել: Բայց մեր տղամարդիկ աչքիս բարձրացան, երբ ազատագրեցին այն: Այդ տարիներին գուլպաների կոչ էի արել: Հիշում եմ՝ արտասահմանյան սիրուն  զգեստներ, տաք կոշիկներ էի դրել առանձին, տղերքից ուզողներ եղան, մերժեցի, ասացի, չէ տղաներ ջան, ոչ մեկի չեմ տալու, ով լուրը բերի, որ Շուշին ազատագրվել է, նա է հագնելու: Եւ մի տղա բերեց այդ լուրը, ես համբուրեցի նրա ճակատն ու ուրախությամբ դրանք տվեցի նրան: Գտնում եմ, որ Շուշին մեր ամենամեծ նվաճումն էր, որովհետեւ մեր ամենահարուստ ու քաղաքակիրթ տարածքն է եղել, մեր շատ մտավորականներ այնտեղից են դուրս եկել:  Ախր, մեր տղաները շատ խիզախ են, խորամանկ, խելոք, խելացի, ծուռ ու ծռտիկ ճանապարհով գնացին, զոհեր տալով պաշտպանեցին, ու հաղթանակը բերեցին թուրքի քթի տակ դրին: Գնահատում եմ այդ հաղթանակը ու սկսել եմ լավ վերաբերվել տղամարդկանց»: Թեպետ ոգեւորված պատմում էր հայ քաջորդիների սխրանքների մասին, բայց նաեւ շեշտում, որ դեմ է դրա մասին շատ խոսելուն ու շտապում էր մայրաբար զգուշացնել.  «Շատ լոպազանալն էլ մի բան չէ, կկատաղացնես թշնամուն, ինչո՞ւ իզուր տեղը շան վրա քար գցենք: Կարծում եք աշխարհում մեզ բոլորը սիրո՞ւմ են: Թուրքերից բացի ուրիշներն էլ կան, որ չեն սիրում: Աշխարհի ամենահամով կերակուրը հայերն են, դրա համար էլ մեզ անընդհատ փորձում են յուրացնել: Բայց չեն կարող, որովհետեւ Աստված մեզ հետ է: Հիսուսը միշտ գնահատում է, որ մենք առաջինն ենք իր հետեւից գնացել»: Վերջում էլ հավելում. «Թվում է, թե մենք միասնական չենք, բայց հոգեւոր միասնություն ունենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ                                                                                                           

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА