ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկը` կոկսակի վիրուսի մասին. «Հիվանդությունն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում»

10.08.2017 23:32 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժիշկը` կոկսակի վիրուսի մասին. «Հիվանդությունն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում»

Վերջերս լուրերում  (հատկապես ռուսական մամուլում) հայտնված ինֆորմացիան այն մասին, թե Թուրքիայի լողափերում վիրուսային համաճարակ է, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նման տեսակետ հայտնեց ալերգաբան-իմունոլոգ ՍԵՎԱՆ ԻՐԻՑՅԱՆԸ:

Ըստ նրա` չկա որևէ խուճապի պատճառ, քանի որ ոչ մի պաշտոնական լուր այդ մասին չի եղել, ինչպես նաև թեժ գծով ահազանգեր չեն ստացել: «Ե՛վ Հայաստանում, և՛ հարևան երկրներում կան հիվանդացության դեպքեր, որոնք համաճարակային բնույթ չեն կրում: Ուստիև չկա ավելորդ զգուշության առիթ»:

Մասնագետի խոսքերով` կոկսակի վիրուսը ՌՆԹ պարունակող էնտերովիրուսներից է, ունի մի քանի շճատիպ (շտամ): «Անվանումն առաջացել է Նյու Յորք նահանգի համանուն քաղաքից, որտեղ առաջին անգամ առանձնացրել են: Այն ունի տարբեր շճատիպեր, հետևաբար իմունիտետ առաջանում է այն շտամի նկատմամբ, որի հետ եղել է կոնտակտը: Էնտերովիրուսների հանդեպ պատվաստանյութեր, բացի պոլիովիրուսի, դեռ կիրառության մեջ չկա: Կլինիկական 3-րդ փորձաշրջանում գտնվող պատվաստանյութը ցուցաբերել է լավ արդյունքներ էնտերովիրուս A71, C4 ենթագենոտիպի հանդեպ, սակայն դեռ պարզ չէ, դրա արդյունավետությունը նշված խմբից դուրս, ինչպես նաև դեռ պարզ չէ, թե ինչքան երկար կպահպանվի առաջացրած իմունիտետը»,- պարզաբանեց Ս. Իրիցյանը:

Բժիշկն ասաց, որ ամենատարածված տարբերակը` «ձեռք-ոտք-բերան» հիվանդության հարուցիչ, A խմբի էնտերովիրուսներին պատկանող շճատիպերն են, որոնց մասին էլ վերջերս  հաճախացել են խոսակցությունները: «Սովորաբար նման զարգացման դեպքում հիվանդությունն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում ու 10 օրվա ընթացքում ինքնալավացում է գրանցվում: Սակայն միշտ պետք է լինել չափավոր զգույշ և հետևել ջերմությանը, ինքնազգացողությանը և երեխաների դեպքում նաև սնման կարողությանը (ափերին և ոտնաթաթերին դիտվող ցավոտ ցանը զարգանում է նաև բերանի լորձաթաղանթին): Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի»:

Ս. Իրիցյանը զգուշացրեց, որ որոշ դեպքերում հիվանդությունից 1-2 ամիս հետո կարող է դիտվել եղունգների շերտազատում, սակայն այս դեպքում էլ խուճապի մատնվել պետք չէ. «Բժշկի դիմելու կարիք կա միայն այն դեպքում, երբ այդ վնասվածքները բարդանում են երկրորդային ինֆեկցիաներով»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА