ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քնի պակասն ավելի վտանգավոր է, քան ալկոհոլիզմը

10.08.2017 19:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քնի պակասն ավելի վտանգավոր է, քան ալկոհոլիզմը

Մշտական քնի պակասը (օրական 6 ժամից պակաս) կարող է նույնպիսի ծանր հետեւանքների հանգեցնել, ինչ ալկոհոլիզմը: Քնի պակասը մեծացնում է ճարպակալման, դեպրեսիայի, սրտի եւ ուղեղի կաթվածների վտանգը: Այս թեմայով հետազոտություն են անցկացրել Medisys ընկերության աշխատակիցները:

Դրա համաձայն՝ 18 ժամ արթուն մնալը կոգնիտիվ ֆունկցիաների վրա նույնքան բացասաբար է ազդում, որքան ալկոհոլիզմը: Տուժում է ուշադրության կենտրոնացումը, որոշակի խնդիրներ կատարելու ունակությունը: Այդ պատճառով քրոնիկական անքնության դեպքում ավտոմեքենա վարելը նույնքան վտանգավոր է, որքան ոչ սթափ վիճակում ղեկին նստելը, ասում են գիտնականները:

«Քունը կարեւոր դեր է կատարում հորմոնների կարգավորման գործում, որոնք ազդում են քաղցի վրա (գրելին, կորտիզոլ եւ լեպտին), այդ պատճառով քնի պակասը հանգեցնում է ախորժակի մեծացման եւ քաշի ավելացման»,- հայտարարել է Արեւմտյան համալսարանից նյարդակենսաբան, Medisys-ի աշխատակից Ադրիան Օուենը:

Վերջերս անցկացված եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ քնի պակասի դեպքում ուղեղը սկսում է ինքն իրեն «ուտել»: Գիտնականները համեմատել են երեք խմբի բաժանված մկների ուղեղը: Առաջին խմբի կրծողները քնել են այնքան, որքան ցանկացել են, երկրորդ խմբինը՝ 8 ամից պակաս, իսկ երրորդ խմբի մկները 5 օր շարունակ արթուն են մնացել, այսինքն՝ քրոնիկ քնի պակաս են ունեցել:

Հետազոտողներն ուսումնասիրել են աստրոցիտներն ու միկրոգլիայի բջիջները: Առաջիններն ուղեղը մաքրում են անպետք սինափսներից, երկրորդները՝ վնասված բջիջներից եւ այլ աղբից:

Արդյունքում մասնագետները պարզել են, որ այն մկների մոտ, որոնք շատ են քնել, աստրոցիտներն ակտիվ են եղել 6%-ով, 8 ժամից պակաս քնողների մոտ՝ 8%-ով, իսկ քրոնիկ քնի պակաս ունեցող կենդանիների մոտ՝ 13.5%-ով: Այսինքն՝ քնի պակասի դեպքում ուղեղի բջիջներն ավելի շատ սինափսներ ու աղբ են քայքայել: Մասնագետները նշել են, որ այդ բջիջների չափազանց ակտիվությունը կարող է բացասական հետեւանքների հանգեցնել, օրինակ՝ նյարդային խանգարումների եւ Ալցհեյմերի հիվանդության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА