ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանդիպում՝ մարզի հիվանդանոցների տնօրենների հետ

10.08.2017 16:08 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հանդիպում՝ մարզի հիվանդանոցների տնօրենների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի նախաձեռնությամբ մեկնարկել են հանդիպումները մարզերի առողջապահության կազմակերպիչների հետ։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրին,որ առաջինը հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի հիվանդանոցների տնօրենները մարզի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի հետ։

«Այս հանդիպումները նպատակ են հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարումը»,-ասել է նախարարը` հավելելով, որ ավելի շատ մարզային առողջապահության կազմակերպիչներին հնարավորություն է տրվելու ծանոթացնելու խնդիրների լուծման իրենց մոտեցումներին։

Ներկայացնելով մարզի առողջապահության ոլորտի ցուցանիշներն ու դրանց բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրները` մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը նշել է, որ ներքին աուդիտի անցկացումը, ֆինանսական մոնիտորինգի խստացումը, գնումների գործընթացի, ինչպես նաև առողջության առաջնային օղակի կողմից ուղեգրումների նկատմամբ հսկողությունը նպաստել են ընդհանուր ցուցանիշների բարելավմանը։ Անդրադարձ է կատարվել նաև բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բժշկական անձնակազմի գործառույթների նորմավորմանը, բժշկական ծառայությունների որակական և քանակական գնահատման ցուցանիշների ներդրմանը վերաբերող և այլ հարցերին։

Թեև մարզում մեծացել են վճարովի ծառայություններից գոյացող ֆինանսական մուտքերը, սակայն իրավիճակը նույնը չէ բոլոր հիվանդանոցներում։

Հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակների գործունեության կես տարվա վերլուծության արդյունքում ակնհայտ է դարձել, որ բարձր է թերապևտիկ հիվանդների, մասնավորապես՝ արյան զարկերակային գերճնշում ունեցողների հիվանդանոցային բուժման բարձր տոկոսը։ Բանախոսը միաժամանակ առաջարկներ է ներկայացրել այս և առկա մի շարք խնդիրներին համատեղ լուծումներ տալու ուղղությամբ։ Իրենց մտահոգող խնդիրներն անկաշկանդ ներկայացրել են նաև մարզի հիվանդանոցների տնօրենները։

Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի, Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև համակարգի առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատող հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են բարձրացված բոլոր հարցերը։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումը և հիվանդանոցներում առկա ստվերի վերացումը։ Ընդգծվել է, որ այդ միջոցների ուղղումը դեպի դրամարկղ կմեծացնի վճարովի ծառայությունների ծավալը։ Դա կնպաստի բժիշկների բարեկեցության ապահովմանը` այդ վճարներից նրանց աշխատավարձին փոխանցվող տոկոսների ավելացման հաշվին։

Լևոն Ալթունյանն առաջարկել է մեկ շաբաթվա ընթացքում նախարարություն ներկայացնել այս և քննարկված մյուս հարցերի լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները։ Նախարարը նաև նշել է, որ բոլոր մարզերի առողջապահության կազմակերպիչների հետ նման քննարկումների արդյունքում կմշակվեն անհրաժեշտ գործողություններ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА