ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եզդիների ցեղասպանությունը Հայոց եղեռնի միջազգայնորեն չճանաչման հետեւանքն է»

09.08.2017 15:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եզդիների ցեղասպանությունը Հայոց եղեռնի միջազգայնորեն չճանաչման հետեւանքն է»

Լրացավ Իրաքի հյուսիսային հատվածում եզդիների ցեղասպանության 3-րդ տարելիցը, սակայն մինչ օրս դեռ կան եզդի մայրեր, քույրեր, աղջիկներ, որոնք  գտնվում են գերության մեջ: Իսկ տեղի ունեցածի մասին միջազգային կառույցների կողմից թեպետ կան արձագանքներ, բայց պաշտոնական ճանաչում եւ դատապարտում չի եղել` արժանանալով Հայոց ցեղասպանության բախտին: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻ հետ, որը նաեւ Հայաստան-Իրաք պատգամավորական խմբի անդամ է:

«ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՈՐԵՎԷ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ»

Պարոն Մախմուդյան, եզդիների ցեղասպանությունից երեք տարի անց ի՞նչ իրավիճակ է Հյուսիսային Իրաքում:

– Այս պահին Իրաքի հյուսիսում կյանքը բնականոն հունով է ընթանում, իսկ թե որքանով է անվտանգ, չեմ կարող ասել, որովհետեւ անձամբ չեմ եղել, եւ կան իրարամերժ կարծիքներ: Ցավոք սրտի, 21-րդ դարում` այդ հրեշագործության հետեւանքով` կարծես թե, վերականգնվեց մի այնպիսի տգեղ եւ ոչ ընդունելի երեւույթ, ինչպիսին ստրկավաճառությունն է եւ ստրկությունը: Այսօր շուրջ 4 հազար կանայք գտնվում են ստրկության մեջ: «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները նրանց օգտագործում են` թե՛ աշխատեցնելով, թե՛ սեռական շահագործման ենթարկելով: Բոլորն էլ կհիշեն, որ անցյալ տարի «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցում էր եզդուհի աղջիկ Նադիա Մուրադը, որը ամիսներ շարունակ եղել էր գերության մեջ եւ կարողացել էր մի կերպ սողոսկել ու դուրս գալ: Նա այնպիսի վայրագությունների մասին էր պատմում, որը յուրաքանչյուր բանական էակ չէր կարող մինչեւ վերջ լսել, ինչը վկայում է, որ այդ վայրագությունները չեն ունեցել որեւէ չափ ու սահման:

Կա՞ն հստակ տվյալներ զոհերի քանակի եւ փախստականների մասին:

– Շուրջ 300 հազար եզդիներ դարձել են փախստականներ: Ինչ վերաբերում է զոհերին, 2014 թվականին զինված խմբավորման ոճրագործության հետեւանքով միայն Սինջար քաղաքում զոհվել է 3 հազար եզդի: Բայց նաեւ ասեմ, որ զոհերի թիվը  հստակ հնարավոր չէ նշել, որովհետեւ կան եզդիներ, որոնք ամիսներ, տարիներ շարունակ լեռներում, անհայտ ճանապարհների վրա ապրում են, եւ նրանց գոյությունն ըստ էության որեւէ մեկին հայտնի չէ: Եվ թեպետ նրանք այս պահին միգուցե ողջ են, բայց ընդգրկված են անհայտ զոհերի թվակազմում:

«ԴԱՍԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԵԶԴԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾԸ»

Որպես իրավաբան` Հայոց ցեղասպանության եւ  եզդիների ցեղասպանության միջեւ պատճառահետեւանքային կապ տեսնո՞ւմ եք:

– Միշտ հետեւյալ ձեւակերպումն եմ տալիս` եզդիների ցեղասպանությունը Հայոց եղեռնի միջազգայնորեն չճանաչման  հետեւանքն է, որովհետեւ անհրաժեշտ է ցեղասպանության կանխարգելում` միջազգային իրավական սկզբունքների համապատասխան պատժամիջոցների սահմանմամբ եւ կիրառմամբ, այլ կերպ հնարավոր չէ: Առհասարակ, ցեղասպանությունները տեղի են ունենում տարբեր գործոններից ելնելով` կրոնական, ազգային, ռասսայական հողի վրա եւ, ինչու ոչ, նաեւ խոշոր գերտերությունների կամ հզոր միջազգային կազմակերպությունների անտարբերության կամ անգործության հետեւանքով, ուստի` կոնկրետ ցեղասպանությունը բնորոշելիս` խոսել դրա պատճառահետեւանքային կապի մասին, այդքան էլ դյուրին չէ: Չեմ ցանկանա հարցի պատմական կողմին անդրադառնալ, բայց մի բան կարող եմ ասել` «ցեղասպանություն» հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիայի բոլոր դրույթները, կարծես թե, իսպառ նախանշում եւ ցույց են տալիս, թե որ դեպքում եւ ինչպիսի խմբավորումների կամ մարդկային խմբերի նկատմամբ կատարվածը կարելի է ոճրագործություն համարել: Եթե մենք փորձենք այդ հատկանիշները թվարկել, ապա կտեսնենք, որ դասական ցեղասպանություն էր 2014 թվականին եզդիների նկատմամբ կատարվածը:

Ինչպես գիտեք, ՀՀ Ազգային ժողովի նախորդ գումարման ժամանակ պատգամավորները քննարկեցին եզդիների ցեղասպանության ճանաչման օրինագիծը, սակայն այն այդպես էլ կյանքի չկոչվեց: Որպես ազգությամբ եզդի նորընտիր պատգամավոր` ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել այս ուղղությամբ:

– Չեմ ուզում գնահատականներ տալ ներկայացված նախագծին, բայց որպես իրավաբան` վստահաբար կարող եմ ասել, որ պետք է այնպիսի նախագիծ մշակվի, որը խոցելի չի լինի եւ զերծ կլինի տարընկալումներից: Պետք է ունենանք հստակ, միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան օրինագիծ: Ինքս, լինելով խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչ, կարծում եմ` ՀՀԿ-ն կաջակցի այդ նախագծին, որը դեռեւս սաղմնային վիճակում է: Մեր թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական գործընկերներն ունեն առանձնահատուկ վերաբերմունք այս հարցի նկատմամբ, եւ աշնանը եթե նախագիծը վերջնական տեսքի էլ չբերենք, ապա գոնե մեկնարկը կտանք, որպեսզի Հայաստանը` որպես ցեղասպանություն ապրած երկիր, ճանաչի կամ դատապարտի եզդիների ցեղասպանությունը` հենց Ազգային ժողովի մակարդակով:

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԵՆԴ ՉԷ, ՈՐ ԱՆԸՆԴՀԱՏ ԹՄԲԿԱՀԱՐԵՆՔ»

Ի դեպ, Շամիրամ գյուղի սգո սրահում օրերս արյունալի դեպք տեղի ունեցավ հենց ազգությամբ եզդիների միջեւ, որի հետեւանքով եղան նաեւ զոհեր: Ավելին` տեղի ունեցածը մամուլում որակվեց «ցեղասպանություն»: Չե՞ք կարծում, որ ներքին պառակտումը կարող է խանգարել եզդիների ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:

– Ինձ համար անընդունելի է, երբ «ցեղասպանություն» եզրույթը օգտագործում են պատեհ կամ անպատեհ առիթով: Ցեղասպանությունը բրենդ չէ, որ անընդհատ թմբկահարվի: Իհարկե, ցավալի է, կան զոհեր, բայց սա ցեղասպանություն չէր, այլ  ոճիր էր: Ինչպես գիտեք, դեպքը տեղի է ունեցել բարեկամների միջեւ, եւ առիթից օգտվելով` իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին: Իսկապես, շատ զարհուրելի տեսարան էր կատարվածը, եւ սա պատիվ չի բերում եզդի ժողովրդին, եւ այն ՀՀ անդորրը խարխլող գործընթաց էր, թեպետ հայ ժողովուրդը որեւէ տեսակի առնչություն այս պարագայում չուներ: Ասեմ, որ  կատարվել են հսկայածավալ օպերատիվ, քննչական եւ դատավարական գործողություններ: Արդեն կա մեկ ձերբակալած անձ, եւ վարույթ իրականացնող մարմինն այս պահին նախաքննությունը շարունակում է: Եվ թեպետ նախաքննությունից ելնելով` շատ փակագծեր չեն բացվում, բայց հայտնի են արդեն որքան վիրավորներ կան, ովքեր ինչ գործողություններ են կատարել, եւ նախաքննության ավարտից հետո դատարանն իր գնահատականը կտա:

Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ ներքին խռովությունները կարող են պայմանավորված լինել միջանձնային հարաբերություններով, բայց ցեղասպանություն ճանաչման կամ նմանատիպ միջազգային գլոբալ գործընթացների վրա ազդեցություն չեն կարող ունենալ: Չմոռանանք, որ հենց այս դեպքից ուղիղ երկու օր առաջ էլ Սեւանում էր մի վենդենտային դեպք տեղի ունեցել, որը պակաս ցավալի չէր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА