ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղցկեղը կարելի է բուժել ոսկու փոշու օգնությամբ. հետազոտություն

09.08.2017 14:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Քաղցկեղը կարելի է բուժել ոսկու փոշու օգնությամբ. հետազոտություն

Բրիտանացի կենսաբանները քիմիաթերապիայի անվտանգ տեսակ են ստեղծել, որը բջիջները սպանում է միայն այն դեպքում, եթե դրանց ներսում կամ շուրջը ոսկու ատոմներ կամ նանոմասնիկներ կան: «Մենք ոսկու նոր քիմիական հատկություններ ենք բացահայտել, որոնց մասին նախկինում չգիտեինք: Մեր փորձերը ցույց տվեցին, որ այդ մետաղը կարելի է կիրառել՝ հենց ուռուցքի ներսում անվտանգ կերպով քիմիաթերապիա «միացնելու» համար»,- ասել է Էդինբուրգի համալսարանից (Շոտլանդիա) Ասիր Ունչիտի-Բրոչետան: Ունչիտի-Բրոչետան եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ նանոմասնիկները կարելի է օգտագործել ոչ միայն քաղցկեղային բջիջներ դեղորայք հասցնելու, այլեւ դրանց ազդեցությունն ուժեղացնելու համար: Նրանք ուսումնասիրել են նախկին փորձերի արդյունքները, որոնց շրջանակում այլ գիտնականներ հետազոտել են մարդու օրգանիզմում ոսկու եւ այլ մետաղների ատոմների հայտնվելու արդյունքում առաջացող կողմնակի էֆեկտները: Վերլուծելով այդ փորձերի արդյունքները՝ կենսաբաններն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ոսկին արագացնում է օրգանիզմում բազմաթիվ ռեակցիաներ եւ բարդ օրգանական մոլեկուլներին ստիպում մասնիկների բաժանվել կամ նոր կառուցվածքում միավորվել: Սա մասնագետներին թույլ է տվել ենթադրել, որ նանոմասնիկների նման հատկությունները կարելի է օգտագործել քիմիաթերապիայի հատուկ տարբերակ մշակելու համար, որը կգործի միայն ոսկու ատոմների կամ նանոմասնիկների առկայության պարագայում: Առաջնորդվելով այս գաղափարով՝ կենսաբանները մի քանի հակաքաղցկեղային դեղամիջոց եւ լուսավորվող սպիտակուցներ են ստեղծել, որոնք միանում են միայն ոսկու ներկայության պարագայում, եւ փորձել, թե դրանք ինչպես են ազդում քաղցկեղային բջիջների եւ այլ հյուսվածքների նմուշների վրա, որոնցում Ունչիտի-Բրոչետան եւ նրա գործընկերները թանկարժեք մետաղի նանոմասնիկներ են ներարկել: Այս փորձերը ցույց են տվել, որ նանոմասնիկները քաղցկեղային բջիջներն ավելի ակտիվորեն են սպանել, քան «պարզ» քիմիաթերապիան: Դրանք, միաժամանակ, չեն վնասել հարեւանությամբ գտնվող այլ բջիջները: Գիտնականներն ընդգծել են, որ առայժմ գիտափորձեր չեն անցկացրել կենդանիների կամ մարդկանց մասնակցությամբ, այդ պատճառով քիմիաթերապիայի այս տեսակը հիվանդանոցներում չի կիրառվի առնվազն 4-5 տարի: Մյուս կողմից, եթե այն հավանության արժանանա, դա կնշանակի, որ բժիշկներն ուղեղի քաղցկեղի դեմ պայքարելու առաջին հուսալի միջոցը կունենան, քանի որ նախնական փորձերը ցույց են տալիս, որ ոսկու նանոմասնիկները կարելի է գանգատուփ ներարկել՝ առանց նյարդային բջիջների համար լուրջ հետեւանքների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА