ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարակաբանը` կոկսակի վիրուսի մասին. Խուճապի պետք չէ մատնվել, բայց անհանգստանալ պետք է

09.08.2017 13:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վարակաբանը` կոկսակի վիրուսի մասին. Խուճապի պետք չէ մատնվել, բայց անհանգստանալ պետք է

Կոկսակի վիրուսը էնտերովիրուսների ընտանիքի շարքից է: Եվ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ` անդրադառնալով վերջին երկու օրերին մամուլում աղմուկ հանած հիվանդությանը:  «Հիմնականում այն դրսևորվում է բշտիկավոր ցանի տեսքով, որը շատ հաճախ նմանեցնում են ջրծաղիկ հիվանդությանը, ինչը սխալ է»:

Վարակաբանի փոխանցմամբ`առաջացած ցանը հիմնականում տեղակայվում է ափերի մեջ, ոտքերին և բերանի խոռոչում: «Հեղուկով լցված բշտիկները կարող են պատռվել` առաջացնելով վերքեր, կարմրություն, և այս ամենն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ: Որոշ դեպքերում` մարսողական խանգարումներով (լուծ)»:

Մ. Դավիդյանցի խոսքով`էնտերովիրուսային վարակը կարող է բարդանալ` առաջացնելով ուղեղաթաղանթի բորբոքում`մենինգիտ:

«Այս հիվանդությունը չունի հակավիրուսային բուժում: Ուստի անհրաժեշտ է հետևել մարդու մարմնի ջերմաստիճանի տատանումներին. հիմնականում նշանակվում են ջերմիջեցնող, հակաալերգիկ դեղամիջոցներ»,- ասաց բժիշկը:

Ավելորդ բարդություններից խուսափելու համար` վարակաբանը խորհուրդ է տալիս կատարել մաշկի խնամք. «Երեխային ամեն օր պարտադիր լողացրեք, կարող եք սովորական օճառով: Հարկ է մաշկի մակերեսը պահել մաքուր` երկրորդային վարակից խուսափելու նպատակով»,- նշեց մասնագետը:

Մ. Դավիդյանցն ասաց, որ խուճապի պետք չէ մատնվել, բայց անհանգստանալ պետք է. «Այս հիվանդությունը հիմնականում ինքնալավացմամբ է ավարտվում: Սակայն, եթե ջերմությունը հասնում է բարձր թվերի`ահազանգ է բժշկի օգնությանը դիմելու: Սխալ է ինքնաբուժությամբ զբաղվելը»:    

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА