ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԱՏՕ-ին դիտարկել որպես անվտանգության այլընտրանք` մի փոքր էմոցիոնալ մոտեցում է»

08.08.2017 00:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՆԱՏՕ-ին դիտարկել որպես անվտանգության այլընտրանք` մի փոքր էմոցիոնալ մոտեցում է»

Թբիլիսիի մոտակայքում գտնվող երկու ռազմակայաններում կայացավ ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր 2017» երրորդ զորավարժությունները, որին այս տարի մասնակցեցին 8 երկիր` Հայաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, ինչպես նաեւ Սլովենիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները, իսկ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել զորավարժություններին: Այս հանգամանքը, հատկապես ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաների ֆոնին` խիստ ոգեւորել է արեւմտամետ շրջանակներին, ավելին` նրանք արդեն սկսել են հույսեր կապել, որ ՆԱՏՕ-ն կարող է դառնալ Հայաստանի անվտանգության այլընտրանքը: Թե որքանո՞վ է այս ամենն իրատեսական, «Իրավունքը» պարզեց «Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄեԼՔՈՆՅԱՆԻ տեսակետը:

– Իսկապես, ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ կապված` վերջին շրջանում սոցիալական ցանցերում եւ որոշ վերլուծաբանների կողմից մեծ ոգեւորություն է նկատվում, սակայն ՆԱՏՕ-ին դիտարկել որպես անվտանգության այլընտրանք` մի փոքր էմոցիոնալ մոտեցում է: Ըստ էության, Հայաստանի քաղաքական, ինչու ոչ նաեւ հասարակական դաշտում չկա նման օրակարգ, եւ երբեւէ այն չի էլ եղել: Իհարկե, կան մի քանի վերլուծաբաններ, որոնք այս հարցը հետեւողական բարձրացնում են, բայց կրկնում եմ` այսօր Հայաստանի անվտանգության հետ կապված` այլընտրանքի քաղաքական օրակարգ չկա: Համենայնդեպս, 1994 թվականից հայ-թուրքական սահմանը պահպանվում է ռուսական սահմանապահ զորքերի կողմից եւ այս տարիների ընթացքում որեւէ տարակուսանքի տեղիք չի տվել: Բացի այդ, ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունները որպես անվտանգության այլընտրանք դիտարկելուց առաջ չմոռանանք, որ Արցախյան հիմնախնդիր ունենք:

Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ հակասության մեջ է Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը` լինելով ՀԱՊԿ անդամ:

– Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային զորավարժություններին` ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված: Բայց սա չի նշանակում, որ, մասնակցելով ՆԱՏՕ-ի ծրագրերին, հրաժարվում ենք ՀԱՊԿ-ից: Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է եւ ունի պարտավորություններ, որի մասին խոսել է նաեւ ՀՀ նախագահը: Ավելին` որոշ ժամանակ առաջ էլ, ՀԱՊԿ համաժողովի ժամանակ ՀՀ նախագահն առաջարկեց ՀԱՊԿ-ում ստեղծել արագ արձագանքման համակարգ: Սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստակամ է ոչ միայն պահպանել, այլեւ խորացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Եվ եթե սրան գումարում ենք նաեւ այն, որ ՌԴ Պետդումայի եւ ՌԴ նախագահի կողմից վերջերս վավերացվեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրինագիծը, ապա սա վերահաստատում է, որ այսօր ՀՀ եւ ՌԴ քաղաքական օրակարգերում կա Հայաստանի անվտանգությունը խորացնելու նպատակ, այլ ոչ թե` այլընտրանք փնտրելու:

Որոշ վերլուծաբաններ, դեպի ՆԱՏՕ-ի կողմը շրջվելու անհրաժեշտությունը պայմանավորում են նաեւ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված սանկցիաներով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե, կարելի է ասել, որ ուղղակի կամ անուղղակի ձեւով սանկցիաները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսության մեջ կան նաեւ բավականին մեծ թվով ռուսական ընկերություններ: Բայց նաեւ պետք է ասենք, որ Հայաստանի տնտեսության ներգրավվածությունը միջազգային հարթակում այդքան մեծ չէ, ուստի` այդ սանկցիաները մեզ չեն բերի տնտեսական մեծ չափով վնասներ: Իսկ այն, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ազդելու է տարածաշրջանի վրա, ընդ որում` ոչ միայն տնտեսական առումով, ավելի քան հավանական է: Այնպես որ, այստեղ կարեւոր է նաեւ քաղաքական բաղադրիչը: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկու գերտերությունները` ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, Արցախյան հարցում մինչեւ հիմա տարակարծություն չեն ունեցել, եւ պահպանվել է ստատուս քվոն: Դրա համար պետք է փորձենք այնպես անել, որ այս հարաբերություների վատթարացումը չանդրադառնա Արցախյան հիմնախնդրի վրա:

Այս շրջանում բավական ուշագրավ էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսի «գայթակղիչ» առաջարկը` 8 միլիարդ դոլար ներդրում կատարելու մասին: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

– ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վերաբերում էր էներգետիկ ոլորտին եւ, չեմ կարծում, թե օդում հնչեցված խոստում էր: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն փորձում է առաջարկել այլընտրանքային էներգետիկ հնարավորություն, բայց մյուս կողմից էլ գոյություն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը պարտավորություններ ունի պետության նկատմամբ եւ պայմանագիր: Դրա համար էլ այս խնդիրը դուրս է եկել տնտեսական ոլորտից դեպի քաղաքական, ինչի համար էլ կառավարությունը նախընտրեց լռել, քան որեւէ պատասխան տալ: Բոլորն էլ հասկանում են, որ պայմանագիր ունենք եւ երկուստեք պարտավորություններ` կապված ՀԷՑ-ի եւ ռուսական ընկերությունների հետ:

Իսկ, միգուցե, ամերիկյան առաջարկի նպատակը հենց հայ-ռուսական հարաբերությունները 8 միլիարդով փչացնե՞լն էր:

– Չեմ ուզում այստեղ հատուկ միտում տեսնել, սա, պարզապես, ցույց տվեց, որ ամերիկյան կողմը, ընդ որում` արդեն վաղուց, մեծ հետաքրքրություն ունի հայկական էթնիկ եւ բնական պաշարների նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА