ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղեցիկ լինելու ութ պարզ կանոն

06.08.2017 10:25 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Գեղեցիկ լինելու ութ պարզ կանոն

Նորաձևության աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Կարլ Լագերֆելդը, շատ ճիշտ դիտարկում է արել․ «Գեղեցկությունը գումար արժե»։ Իսկ նրանից առաջ նրա ուսուցիչը հանդիսացող անկրկնելի Կոկո Շանելը հավաստիացնում էր՝ գեղեցիկ լինելու համար նախ պետք է սկսել ներաշխարհից ու սրտից, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի։ Իրավամբ, որքան էլ հիանալի ներգործություն ունեն խնամքի թանկարժեք միջոցներն ու հագուստը մարդու արտաքին տեսքի գրավչության վրա, այդուհանդերձ  իրական գրավչության, գեղեցկության և խնամված արտաքին ունենալու համար բավարար է իմանալ մի քանի պարզ, ոչ թանկարժեք կանոն ու մեթոդ․

1․ Մաքրությունը գեղեցկության հենասյունն է

Փնթի արտաքին տեսքը, վատ հարդարված մազերն ու ճմրթված հագուստը դեռ ոչ մի կնոջ չեն զարդարել, ավելին, դրանք խոսում են մարդու ներքին խնդիրների մասին, այն մասին, որ տվյալ վիճակով ներկայացող մարդուն նախ հարկավոր է իր մտքերը կարգի բերել, այսպես ասած՝ «դասավորել դարակներում»։ Եթե ցանկանում եք պահպանել մարմնի և հոգու ներդաշնակությունը, կարգի բերեք Ձեզ շրջապատող իրերը, ավարտին հասցրեք անավարտ գործերն ու մարմնի հատուկ խնամքի օրեր կազմակերպեք ինքներդ Ձեզ համար հենց Ձեր լոգարանում, վառեք բուրավետ մոմերն ու լոգանք ընդունեք Ձեր սիրելի օճառով, թույլ տվեք Ձեր մարմնին վայելել ջրի մոգական ազդեցությունը՝ կտրվելով առօրյա հոգսերից ու խնդիրներից։

Content woman lying in bathtub with candles

2․ Խնամված արտաքին տեսքը

Խնամված արտաքին տեսքն ամենևին էլ ֆինանսական մեծ ներդրումներ չի պահանջում։ Խնամված լինելու առաջնային պայմաններն են՝ առողջ մաշկը, մաքուր, փայլուն մազերը, խնամված ձեռքերն ու ոտքերը։ Պարտադիր չէ մշտապես թանկարժեք մատնահարդարում կրել, սակայն եղունգների խնամքն ամենևին չարժե անուշադրության մատնել։ Կոտրտված եղունգները, դրանց վրա լաքի մասնակի առկայությունն ու չներկված մազարմատները Ձեզ կարող են վատ ծառայություն մատուցել՝ փչացնելով խնամված կնոջ Ձեր կերպարը։

Մաշկի ամենօրյա խնամքի փուլերը (մաքրում, խոնավեցում, սնուցում, պաշտպանում) պահպանելով՝ Դուք կարող եք մշտապես թարմ և առողջ տեսք ունենալ։ Ընտրեք հակաալերգիկ մաքրող միջոց, որը չի չորացնում Ձեր մաշկը, ինչպես նաև ուշադրություն դարձրեք գեղեցկության այն բաղադրատոմսերին, որոնք դարեր ի վեր օգնել են կանանց փայլուն տեսք ունենալ, օրինակ՝ մաշկը մաքրելու, թարմացնելու հիանալի միջոց է սառույցը, որը կարող եք պատրաստել երիցուկի, վարդի, եղեսպակի և այլ օգտակար բույսերի թուրմերից և ամեն առավոտ այդ սառույցով մաքրել դեմքը։ Գեղեցկության նմանատիպ բանաձևերը բազմաթիվ են, դրանց մեր կայքը պարբերաբար կանդրադառնա առաջիկայում։

fast-twitch-muscle-workouts-for-legs-i11

3․ Առողջ կենսակերպը

Առողջ կենսակերպը լավ ինքնազգացողության գրավականն է, լավ ինքնազգացողությունը՝ գեղեցկության անհրաժեշտ պայմանը։

  • Հրաժարվեք վնասակար սննդից՝ պահածոյացված, կիսաֆաբրիկատ, արագ սննդի կետերում պատրաստվող «գայթակղիչ» բույրով խորտիկներից։ Ի դեպ, օգտակար սնունդն ամենևին էլ թանկարժեք չէ։
  • Թարմ օդ շնչեք․ մաքուր օդում զբոսանքները լավացնում են մաշկի գույնն ու ինքնազգացողությունը։
  • Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության, սպորտի մասին։ Կազմվածքի գեղեցկությունը պահպանելու և կատարելագործելու համար բավական են ամենօրյա 15-20 րոպեանոց պարզ վարժություններն ու իհարկե, քայլելը կամ վազելը։        

4․ Ուղիղ կեցվածքն ու գեղեցիկ քայլվածքը

Եթե կարողանում եք «պահել Ձեր մեջքը», ապա կհասնեք հաջողության։ Ցանկանում եք սովորել գեղեցիկ քայլել՝ փորձեք սովորել քայլել գլխին որևէ ծանր գիրք դրած։ Գիրքը կարող եք քայլելիս Ձեր գլխին պահել միայն այն դեպքում, եթե ճիշտ կեցվածք ունենաք։

5․ Սեփական ոճ

Պարտադիր չէ կրել միայն բրենդային թանկարժեք հագուստ սեփական ոճն ընդգծելու համար։ Մի մոռացեք բազային զգեստապահարան կազմելու անհրաժեշտության մասին, գնեք իրար հետ համադրվող հագուստ, և իհարկե ընտրեք Ձեր անհատականությունն ընդգծող աքսեսուարներ։

slider-img4

6․Չմոռանաք ժպտալ

Ժպիտը միշտ գրավիչ է, եթե այն անկեղծ է, այն չի աղքատացնում քեզ, սակայն հարստացնում է դիմացինին՝  նրան դրական լիցքեր հաղորդելով։

7․ Չափի զգացում

Չափավորություն ամեն ինչում՝ սա է էլեգանտության երաշխիքը․ պարզություն՝ հագուստի, դիմահարդարման, խոսելու, ծիծաղելու մեջ։

8. Եվ իհարկե ժամանակ, որը կարող եք ծախսել միայն Ձեզ վրա

Խնամված լինելու համար ժամանակ է հարկավոր, որը խիստ անհատական է մեզնից յուրաքանչյուրի համար․ մեկին բավարար է 15-20 րոպեն, իսկ մեկ ուրիշը միայն երկժամյա հարդարումից հետո կարող է իրեն թույլ տալ տանից դուրս գալ։ Եթե ցանկանում եք պահպանել գրավչությունը,  որքան էլ մեծ լինի զբաղվածությունը, այնուամենայնիվ մի մոռացեք նվիրել Ձեզ այդքան բաղձալի  րոպեները․ ժամանակ, որը միայն և միայն Ձերն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА