ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե սա սառը պատերազմ չէ, ապա տնտեսական պատերազմ է ուղղված ՌԴ-ի դեմ»

02.08.2017 21:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե սա սառը պատերազմ չէ, ապա տնտեսական պատերազմ է ուղղված ՌԴ-ի դեմ»

Մինչ ներքաղաքական կյանքում հարաբերական անդորր է տիրում, բավական ակտիվ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում արտաքին աշխարհում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին: Վերջին օրերին տեղի ունեցած մեկ բացասական եւ մեկ դրական կարեւոր իրադարձության մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2050 ԹՎԱԿԱ՞ՆԸ

– Պարոն Նավասարդյան, ԱՄՆ-ն տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց հիմա սա տեղի ունեցավ եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

– Սա, իհարկե, պատահական եւ անսպասելի քայլ չէր ԱՄՆ-ի կողմից, որովհետեւ այն տեղավորվում է իր աշխարհաքաղաքական գործողությունների հիմնական նպատակների մեջ: Եվ եթե վերլուծելու լինենք ավելի լայն առումով, ապա այդ սանկցիաներն ընդունված է ոչ միայն ՌԴ-ի դեմ, այլեւ ունի թիրախ ե՛ւ Մերձավոր Արեւելքում` հանձին Իրանի, ե՛ւ Եվրասիական տիրույթում: Որոշ փորձագետներ ասում են, որ սա ժամանակավոր խնդիր է, արագ կկարգավորվի, ու ամեն ինչ կընկնի հունի մեջ: Բայց ես, ելնելով ամերիկյան իրողությունից եւ այն խնդիրներից, որ այսօր դրված է ԱՄՆ-ի առաջ, գտնում եմ, որ սա տեւելու է տասնյակ տարիներ: Ավելին` որոշ վերլուծաբաններ էլ այն կարծիքին են, որ դա կարող է տեւել մինչեւ 2050 թվականը: Խնդիրն այն է, որ Կոնգրեսի եւ Սենատի ընդունած որոշումը այլեւս կախված չէ որեւէ մի նախագահից, որեւէ մի քաղաքական կուսակցությունից կամ իրադրությունից, այլ սա այնպիսի մի հարց է, որը գրեթե անհնար է վերացնել: Եվ եթե սա սառը պատերազմ չէ` իր բոլոր դրսեւորումներով, ապա տնտեսական պատերազմ է` ուղղված ՌԴ-ի դեմ: ԱՄՆ-ն երբեք չի կարող հրաժարվել այն մտքից, որ պետք է լինի հեգեմոն ամբողջ աշխարհում: 

«ԱՄՆ-Ն ՀԻՄԱ ԳՏՆՎՈՒՄ Է ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

– Սանկցիաներից հետո եղավ նաեւ ՌԴ-ի կտրուկ պատասխանը` մի քանի հարյուրի հասնող ամերիկյան դիվանագետների հետ ուղարկելով ԱՄՆ: Ի՞նչ կարելի է սպասել Ռուսաստանի հետագա քաղաքական քայլերից:

– Կարծում եմ` Ռուսաստանը կգնա դեպի Արեւելք, այսինքն` կփոխի իր քաղաքական վեկտորը եւ կշարունակի զարգացնել հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Հնդկաստանն է, Չինաստանը եւ այլն: Մասնավորապես` նկատի ունեմ ռազմական համագործակցությունը: Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ Ռուսաստանը եւ Չինաստանը Հյուսիսային Կորեայի ծոցում եւ Բալթյան ծովում  ունեցան ռազմական զինավարժություններ: Այստեղ կասկածից վեր է, որ նման գործողություններ նրանք կարող են շարունակել եւ ամերիկյան ուղղությամբ` Ֆլորիդայի ծոցում կամ Կուբայի մոտակայքում: Խոսքն այն մասին է, որ այսօր երկու գերտերություններն էլ կանգնած են ռազմական մրցավազքի ճանապարհին:  Միացյալ Նահանգները 64 միլիարդ ավելացրեց իր բյուջեն, իսկ ՌԴ-ում եղան ռազմածովային նավատորմի եւ տանկային զորախաղեր` բոլորովին նոր տեխնիկայով: Սա, փաստորեն, խոսում է այն մասին, որ երկու կողմից էլ ցուցադրում են մկանային քաղաքականություն: Ինչ վերաբերում է ամերիկյան սանկցիաների վերաբերյալ ՌԴ-ի պատասխանին, սա աննախադեպ քայլ էր, որին գնաց Մոսկվան` 1200 դիվանագետից կրճատվեց 755-ը: Նման բան ընդհանրապես դիվանագիտական պատմության մեջ գոնե նոր շրջանում ինձ հայտնի չէ: Չնայած Մոսկվան սկզբնական շրջանում մի քանի անգամ կրկնեց, որ այս քայլը սիմետրիկ է եւ հայելային պատկեր է: Մինչդեռ իմ կարծիքով` սիմետրիկ չէր, եւ ԱՄՆ-ն հիմա գտնվում է շփոթության մեջ` ոչ միայն անձնակազմի կրճատման առումով, այլեւ ՌԴ-ում իրենց երկու խոշոր պահեստների փակվելով կամ սառեցմամբ: Սա նշանակում է պարալիզացնել բոլոր ամերիկյան դիվանագիտական կազմակերպությունների գործունեությունը Մոսկվայում:

«ԿՆԵՂԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

– Իսկ ինչպե՞ս ռուս-ամերիկյան հերթական լարվածությունը կանդրադառնա Հայաստանի վրա:

– Առաջին հերթին` եթե քաղաքական առումով դիտարկենք, կարծում եմ` բացասական կանդրադառնա` կնեղանա Հայաստանի դիվանագիտության մանեւրելու հնարավորությունը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Եվ երկրորդ` ՌԴ-ն կկարծրացնի իր դիրքորոշումը` անգամ դաշնակիցների նկատմամբ: Ինչ վերաբերում է տնտեսական խնդրին, այստեղ կա երկու կարծիք. ասում են, որ մի կողմից` դա կարող է բացասական անդրադառնալ, մասնավորապես` ՌԴ-ի տնտեսական դժվարություններն անմիջականորեն իրենց ազդեցությունը կունենան հայկական տրանսվերների վրա, մյուս կողմից էլ` առկա է ճիշտ հակառակ տեսակետը: Բայց, ըստ իս, եթե մեծ տերություններն առճակատվում են, երբեք փոքր պետությունները դրանից չեն շահում:  

– Երկու գերտերություններն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ են: Այս պարագայում Արցախյան հակամարտությունը կարո՞ղ է դառնալ նրանց ձեռքում որպես խաղաթուղթ, թե՞ այս հարցը դուրս կմնա միմյանց միջեւ հարաբերություններ պարզելու շրջանակից:  

– Արցախյան խնդիրը փոքր հարց է, բայց, իհարկե, համաձայն եմ, որ փոքր հարցերն էլ կարող են դառնալ շահարկումների առարկա: Ամեն դեպքում, Արցախի հարցում առ այսօր Մինսկի խմբի բոլոր համանախագահների միջեւ գոյություն է ունեցել կոնսենսուս: Այս պահին դժվարանում եմ ասել, թե որքան կխորանա հակասությունը, իսկ որ կխորանա, դրանում կարող եք համոզված լինել` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով: Այնպես որ, կապրենք, կտեսնենք: Մեր դիվանագիտությունն այսօր շատ բարդ խնդիրների առաջ է կանգնած եւ պետք է կարողանա ճկուն լինել` ստեղծված իրավիճակում, ինչպես ասում են, քիչ արյունով դուրս գալու համար: Բայց այստեղ մի ուրիշ հարց կա` եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ սրվեն, այն կարող է անդրադառնալ Հայաստանի հետագա քայլերի վրա` եվրոպական ուղղությամբ: Նկատի ունեմ Եվրամիության հետ փաստաթղթերի ստորագրումը, որն արդեն նախատեսված է: 

«ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԵՐԿՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

– Անդրադառնանք նաեւ հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացմանը: Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այս ամենից:

– Սա արդեն դրական երեւույթ է: Մեր դիվանագիտության մեջ 25 տարվա ընթացքում երկու մեծ վրիպում է եղել` այն, որ Իսրայելին աչքաթող ենք արել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո դեսպանատուն չենք բացել այդ երկրում: Եվ երկրորդ, որ 1998 թվականին Արցախյան կողմը բանակցային գործընթացից դուրս մնաց: Երկրորդը եթե դժվար է շտկել, ապա առաջինը պետք է անպայմանորեն շտկել, որովհետեւ Իսրայելը շատ կարեւոր երկիր է մեզ համար` ե՛ւ տարածաշրջանային առումով, ե՛ւ որպես պետություն, որն այսօր իր համար կարողանում է ստեղծել այնպիսի պայմաններ, որին նույնիսկ կարելի է նախանձել: 

– Ի՞նչու հենց հիմա օրակարգային դարձավ այս հարաբերությունների սերտացումը, ընդ որում` իրենց կողմից ակնհայտ շահագրգռվածությամբ:

– Գտնում եմ, որ այնտեղ տեղի են ունենում արտաքին քաղաքականության որոշակի վերանայումներ: Եթե նկատեցիք, դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի դեպքերից հետո, երբ ԱՄՆ-ն այնտեղ ստեղծեց երկրորդ ՆԱՏՕ, որը որքան էլ պրոամերիկյան է, բայց բոլոր դեպքերում սուր ծայրով ուղղված է դեպի Իսրայելը: Եվ որպեսզի չհայտնվի երկու թշնամական ուժերի արանքում (նկատի ունի Իրանը եւ Սաուդյան Արաբիան, - հեղինակ)  եւ չդառնա «բուտերբոտ», Իսրայելը փորձում է այստեղ հավասարակշռել քաղաքականությունը: Հետաքրքրիր է, որ Իսրայելն այն երկիրն է, որը լավ հարաբերություններ ունի եւ հաջող զարգացնում է այն Բաքվի հետ:

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՍՈՎՈՐԵՑՆԻ ՉԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ «ԱՐՎԵ՞ՍՏԸ»

– Հենց դա հաշվի առնելով` արդյոք իրատեսական է, որ հայ-իսրայելական հարաբերությունները կկարողանան գնալ կայունացման:

– Հավատացնում եմ Ձեզ, որ անպայման այդպես կլինի: Այն, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ դրա պատճառով մենք չենք կարող նրանց հետ նորմալ հարաբերություններ զարգացնել, անմիջապես իսրայելական կողմն արձագանքում է, թե ձեզ էլ զենք կվաճառենք, որովհետեւ սա զուտ բիզնես է, ինչպես ՌԴ-ն է ասում, թեպետ ես այստեղ բիզնես չեմ տեսնում միայն: Այնպես որ, նրանք պատրաստ են մեզ հետ բազմակողմանի հարաբերություններ զարգացնել: Ըստ իս, մենք կարող ենք մեր հարաբերությունները զարգացնել ոչ թե ռազմական առումով, որովհետեւ առանց այդ էլ ՌԴ-ի հետ ունենք լավ հարաբերություններ այդ բնագավառում եւ կարող ենք ծածկել մեր կարիքները, այլ Իսրայելից կարող ենք օգտվել մի շարք այլ հարցերում: Առաջինը նկատի ունեմ բարձր տեխնոլոգիաները եւ գիտությունը, որն Իսրայելում գտնվում է շատ առաջատար դիրքերի վրա, երկրորդ` իսրայելյան բժշկությունը լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում, եւ երրորդ` մեզ հետ շփումների ժամանակ իսրայելցիները պնդում են, որ Հայաստանին կարող են հուշել եւ օգնել, թե ինչ ճանապարհով եւ ինչպես կազմակերպել քաղաքացիների արտագաղթը կանգնեցնելու գործընթացը: Նրանք այս հարցում շատ մեծ հաջողություն ունեն եւ կարողացել են ստեղծել ուժեղ պետություն` վերադարձնելով իրենց քաղաքացիներին հայրենիք: Հիմա կարեւորն այն է, որ հաջորդ քայլը լինի դեսպանատների բացումը, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն զարգանալ: Ուստի` առիթից օգտվելով` կոչ եմ անում ուշադիր մոտենալ այս հարաբերություններին եւ աչք փակել դրանում առկա բացասական կողմի վրա, որովհետեւ այն չի բխում մեր երկրի շահերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА