ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի դերն Իրանի համար զգալիորեն մեծանալու է». իրանագետ

02.08.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանի դերն Իրանի համար զգալիորեն մեծանալու է». իրանագետ

Հաշված օրեր անց` օգոստոսի 5-ին, տեղի կունենա ԻԻՀ վերընտրված նախագահ Հ. Ռուհանիի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, նախագահի այցը բավական լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ-ներում: Մինչեւ Իրան մեկնելը, Ս. Սարգսյանն արդեն իսկ հարցազրույց է տվել իրանական երկու հանրահայտ լրատվամիջոցի` «Շարղ» օրաթերթին եւ «IRNA» պետական լրատվական գործակալությանը: Իսկ իրանական մնացյալ լրատվամիջոցները ողողված են ՀՀ նախագահի այցի մասին մեկնաբանություններով ու տարատեսակ վերլուծություններով: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

– Պարոն Իսրայելյան, ՀՀ նախագահի այցը ԻԻՀ կարելի՞ է դասել որպես արարողակարգային մասնակցություն` նախագահի երդմնակալության արարողությանը, թե՞ այն էական նշանակություն կունենա հայ-իրանական միջպետական հարաբերությունների խորացման համար: 

– Նախագահի այցն Իրան Հասան Ռուհանիի երդմնակալությանը մասնակցելուց բացի, պետք է դիտել որպես պատասխան այց: 2016 թ. դեկտեմբերին Իրանի նախագահը Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սարգսյանին հրավիրել էր այցելել Թեհրան: Այն փաստը, որ նախագահին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում ուղեկցելու են արտաքին գործերի եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարները, վկայում է, որ Թեհրանը ու Երեւանը քննարկելու են օրակարգում գտնվող կարեւորագույն հարցեր: Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, փոխվել են Իրանի առաջնահերթությունները: Ռուհանիի պաշտոնավարման առաջին շրջանում Թեհրանը փորձում էր Բաքվի հետ ունեցած տարաձայնությունները անտեսելով` շեշտը դնել տնտեսական բաղադրիչի վրա եւ այլ ուղղությամբ եւս մուտք գործել Հարավային Կովկաս, սակայն Ադրբեջանի եւ Սաուդյան Արաբիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ օրեցօր խորացող հարաբերություններով պայմանավորված` Իրանում Ադրբեջանի նկատմամբ որոշակի զգուշավորություն են ցուցաբերում: Պետք է սպասել, որ Հասան Ռուհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում Թեհրանը վերանայելու է իր հարավկովկասյան քաղաքականությունը: Իսկ այս պարագայում Հայաստանի դերն Իրանի համար զգալիորեն մեծանալու է: 

– Ձեր դիտարկմամբ` որո՞նք էին իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին տված ՀՀ նախագահի հարցազրույցի կարեւոր շեշտադրումները: 

– Նախագահի հարցազրույցի մեջ կարելի է առանձնացնել երեք բաղադրիչ` քաղաքական, տնտեսական եւ անվտանգային: Բարձր գնահատելով երկու տարբեր կրոնների հետեւորդների` քրիստոնյաների եւ մուսուլմանների բազմադարյա արդյունավետ փոխգործակցությունը` հանրապետության ղեկավարը Իրան-Հայաստան հարաբերությունները որակել է որպես օրինակելի եւ առանձնահատուկ:
«Շարղ» օրաթերթը հարցազրույցը վերնագրելիս բավականին ուշագրավ շեշտադրում է կատարել, այն է` «Հայաստանը Եվրոպա մուտք գործելու անվտանգ դարպաս է»: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը, անդրադառնալով իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա առաքելու հնարավորությանը, նշել է, որ Հայաստանը խոշոր նախագծերին մասնակցություն ունենալու հարցում իր պատրաստակամությունը հայտնել է, եւ եթե համապատասխան քննարկումներից հետո շահագրգիռ բոլոր կողմերին ձեռնտու լինի, ապա հնարավոր է դա իրականացնել: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա հայ-իրանական սահմանը, պետք է նկատի առնել նաեւ Արցախի սահմանը, Իրանի թերեւս ամենաանվտանգ սահմանն է, սահման, որի միջոցով Իրանը կապվում է Եվրոպայի հետ: Թուրք-իրանական սահմանն այլեւս հուսալի չէ, Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ եւ Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ գործող վահաբիական ծայրահեղական խմբավորումները լուրջ սպառնալիք են ներկայացնում Իրանի անվտանգությանը: Ուշագրավ է նաեւ նախագահի` հայերի եւ իրանցիների` տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ լինելու եւ առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու հանգամանքի շեշտադրումը: Սա կարեւոր է այն հանգամանքով, որ Ադրբեջանի` պատմությունը կեղծելու քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի դեմ, որի հյուսիսային նահանգների մեծ մասը Բաքուն համարում է որպես «ադրբեջանական»: 

– Իրանի նկատմամբ` ԱՄՆ-ի հերթական սանկցիաների կիրառումը հաշվի առնելով` արդյոք կարելի է ենթադրել, որ Իրանը կրկին կվերադառնա իր պասիվ արտաքին քաղաքականությանը, եւ այն որքանո՞վ ազդեցություն կունենա հայ-իրանական դեռ նոր-նոր ծիլեր տվող հեռանկարային հարաբերությունների վրա:

– Նախորդ տարիներին սահմանված պատժամիջոցները պարզապես երկարացվում են, պետք է նշել, որ մեծ հաշվով բոլոր պատժամիջոցները չեղյալ չէին էլ հայտարարվել: Ըստ միջուկային համաձայնության գործողությունների ծրագրի` պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն առաջիկա տարիների ընթացքում: Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առաջացած լարվածությունը պետք է դիտարկել Դ. Թրամփի` մերձավորարեւելյան քաղաքականության տիրույթում: 
Եվրամիության ազդեցիկ երկրների` ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ հայտնած անհամաձայնությունը հույս է ներշնչում, որ միջուկային համաձայնությանը գոնե այս պահին վտանգ չի սպառնում, ե՛ւ Պարսից ծոցում, ե՛ւ Սիրիայում իրավիճակի կայունացումից հետո, այնուամենայնիվ, Իրանն ու Միացյալ Նահանգները կկարողանան հետագա քայլերի հարցում գալ ընդհանուր հայտարարի: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան հարաբերություններին, ապա Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխհարաբերություններում առաջացած լարվածությունը մեծ հաշվով ազդեցություն չի ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: Գուցե, որոշ գործոններով պայմանավորված, խնդիրներ առաջանան, պարզապես պետք է օրակարգային հարցերը հստակ սահմանել եւ հետեւողական քայլեր ձեռնարկել` դրանք իրականացնելու ուղղությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА