ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.08.2017 21:40 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Մեզ զարմացրեց ԱՄՆ փոխնախագահ ՄԱՅԿ ՓԵՆՍԸ, Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` հայտարարելով հետեւյալը. «Բացի անվտանգության ոլորտում համագործակցությունից` մենք հավատում ենք, որ ավելի ուժեղ ու զարգացած Վրաստանը կհասնի երկրի ամբողջականությանը, ԱՄՆ-ն կշարունակի նոր ուղիներ փնտրել, որի արդյունքում մենք ոչ միայն կուժեղացնենք Վրաստանի պաշտպանունակությունը, այլեւ երկրին տնտեսապես կօգնենք: Դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, տնտեսապես զարգանալ, եւ ես վստահ եմ` կգա այն օրը, երբ երկիրը կնշի իր տարածքների վերադարձը»: Զարմանալի է, ինչպես է ԱՄՆ փոխնախագահի պես լուրջ մարդը անիրականանալի խոստում տալիս վրացիներին: Չէ՞ որ 21-րդ դարում բացարձակապես չի երեւում այն հեռանկարը, որ որեւէ ինքնորոշված տարածք հետ վերադառնա այն երկրի տիրապետության տակ, որից ինքնորոշվել եւ առանձնացել է: 
Ճիշտն ասած, միշտ հետաքրքիր էր իմանալ այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է պատահում, որ մեր պատերազմող երկրում մարտական կորուստները շուրջ 10-12 անգամ ավելի քիչ են, քան` ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվողները:  Հարցի վրա որոշակիորեն լույս է սփռել «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Նրա խոսքով` վարորդական վկայականների տրամադրումը ծայրեծայր կոռումպացված է, եւ այդպիսի վկայական ստանում են անգամ հոգեկան հիվանդները: Ըստ նրա. «Ժամանակին հոգեկան առողջության մասին փաստաթուղթ ներկայացնելը կարեւոր էր վարորդական իրավունք տրամադրելիս: Բայց հետագայում, երբ շատ դեպքերում թե՛ այդ փաստաթուղթը, թե՛ վարորդական իրավունքը ստանալը տեղափոխվեց կոռուպցիոն հարթակ, բժշկական փաստաթուղթը դարձավ ձեւական, եւ այն վերացրին: Բայց, կարծում եմ, ոչ թե հարկավոր էր վերացնել, այլ պետք էր ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնել, որպեսզի փաստաթուղթը հնարավոր չլիներ կեղծել»: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը` մարդուն մեքենայի ղեկ վստահելուց առաջ չեն ստուգում նրա հոգեկան առողջությունը: Բանակ զորակոչելիս դա անպայման ստուգում են, իսկ փողոց եւ մայրուղի բացթողնելուց առաջ` ոչ, եւ ահա ձեզ պատասխանը, թե ինչու ավտոճանապարհներին այդքան շատ մարդ է զոհվում:
Իսկ հիմա մի շատ վատ լուր ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻ համար: ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած եւ արագ առաջընթաց արձանագրած երկիր: Ինչպես տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում: Ըստ պաշտոնական վիճակագրության` այդ ցուցանիշը 2014-ից մինչ օրս կրճատվել է շուրջ 40 տոկոսով, եւ այդ ամենը` սովորական առօրյա պետական աշխատանքի շնորհիվ: Այնպես որ, արդեն այնքան էլ չի ստացվի գրանտներ ուզել եւ ճչալ, իբր Հայաստանում ահավոր խտրականություն է, եւ աղջիկ երեխան ծնվելու շանս չունի: Դե ինչ, միգուցե, պարապ մնացած ֆեմինիստուհիների մի մասն ամուսնանան, եւ վերջապես պրծնե՞նք նրանց լաչառությունից:
Վերջապես հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ հայտնեց, որ սկսում են ուսումնասիրել, թե որ տեղանքներից է միտումնավոր կազմակերպվում  ադրբեջանական հայալեզու հաղորդումների հեռարձակումը մեր տարածքների վրա: «Ադրբեջանից մեր տարածքում այժմ հայերեն հաղորդումներ են հեռարձակվում: Այդ պատճառով, երբ պարզենք, թե որտեղ է ազդանշանը կանխամտածված կերպով ներթափանցում` քարոզի եւ ապատեղեկատվության նպատակով, մենք կմտածենք դրանց հակազդելու անհրաժեշտ միջոցների մասին»,- վստահեցրեց ՀՌԱՀ նախագահը: Անշուշտ, զարմանալի է, որ սույն պետական կառույցը նոր-նոր է սկսում զբաղվել այն խնդրով, որով վաղուց պետք էր զբաղվել: Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА