ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱՄԲԻԹԸ»

02.08.2017 21:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱՄԲԻԹԸ»



Այս շաբաթվա վերջին` օգոստոսի 5-ին, ՀՀ նախագահն ընդհատելու է իր արձակուրդը, որպեսզի ներկա գտնվի Իրանի իր պաշտոնակցի երդմնակալության արարողությանը: Բնականաբար, ակնկալելի են երկու նախագահների բանակցություններն ու պայմանավորվածությունները, իսկ թե ինչպիսի կարեւորություն ունի այդ այցը` կարելի է դատել նրանից, որ Իրանի մամուլը լեփ-լեցուն է առաջիկա այցին նվիրված նյութերով: 
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ
Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցը Սերժ Սարգսյանը սկսեց շատ կարեւոր շեշտադրումով. «Մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը: Երկու հարեւան ժողովուրդների միջեւ բարեկամությունն այնքան ամուր է, որ մնում է միայն, պահպանելով մեզ միավորող դարերի խորքից ավանդված ընդհանրությունները, հոգ տանել դրանց հետագա զարգացման ու խորացման մասին, ինչը եւ մեր հարաբերությունների հուսալի հիմքն ու պատվարն է: Մեր երկրները տարածաշրջանի հնամենի եւ հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարեւանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով»: Հարցազրույցի վերջում էլ ՀՀ նախագահը ուղերձ հղեց. «Ցանկանում եմ դիմել թե՛ Իրանի եւ թե՛ Հայաստանի ժողովրդին. հայ-իրանական բարեկամությունը տրված չէ ի վերուստ, այլ ստեղծվել, ամրացել եւ իր այսօրվա ձեւն ու խորը բովանդակությունն է ստացել տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում: Վստահ եմ, որ մենք` որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, շարունակելու ենք մեր պատմության խաղաղ եւ հաստատուն ընթացքը դեպի նոր հազարամյակներ` փայփայելով ու շարունակաբար սնելով մեր հարաբերությունները»: Այսինքն` շեշտվում է, որ մեր երկրների հարաբերություններն ունեն ավելին, քան բարիդրացիության բնույթ, դրանք քաղաքակրթական են եւ միտված հազարամյակների կտրվածքին: 
Պատահական չէ, որ հենց հիմա է շեշտադրվում այդ հանգամանքը: Աշխարհում խոշորագույն փոփոխություններ են տեղի ունենում, ընդ որում` սպասվում է, որ բավականին մոտ ապագայում Իրանի դերակատարությունն աշխարհում կտրուկ աճելու է: Այսպես, ստվերային կառավարման ամենաքաջատեղյակ փորձագետներից մեկը` Վալերի Պյակինը, քանիցս առիթներ է ունեցել շեշտելու, որ բավականին մոտ ապագայի աշխարհում Իրանը դառնալու է ամբողջ Իսլամական աշխարհի առաջնորդը: Ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ թերթը երկու կրոնների փոխգործակցության մասին հարց ուղղելիս, միանգամից շեշտեց ՀՀ նախագահ-Հռոմի պապ անցյալ տարվա հանդիպումը: Իր պատասխանում Սերժ Սարգսյանը շեշտեց. «Վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ` զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը` առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների եւ ժողովուրդների համար: Համոզված եմ` դարերի ընթացքում ձեւավորված բարիդրացիական հարաբերությունների մեկնակետը հանդիսացող համամարդկային արժեքների` քրիստոնեության եւ իսլամի երկխոսության վրա հիմնված երկու ժողովուրդների սերտ կապերը, մշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը նպաստում են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները շարունակաբար բարձրանան որակական նոր մակարդակի»: Այսինքն` Իրանի հետ հարաբերություններ խորացնելով, մեր երկիրը ինչ-որ պահի կարողանալու է հավակնել` լինելու կամուրջ իսլամի եւ քրիստոնեության միջեւ: Չմոռանանք, որ հայկական քրիստոնեությունը եզակի է եւ ամբողջովին հարմարեցված է հայերին, իսկ իսլամի շիա ուղղությունը հենց Իրանի ստեղծած ուղղությունն է: Եվ երկու համաշխարհային կրոնների երկխոսությունը հենց հնագույն բնիկ ժողովուրդների կողմից կազմակերպելը թերեւս ամենաարդյունավետն է: 
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՂՆԵՐ
Իր հարցազրույցում ՀՀ նախագահը հատուկ շեշտադրում է ահաբեկչության դեմ պայքարը. «Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն եւ անհանգիստ տարածաշրջանների հարեւանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը»: 
Նշելով ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու կարեւորությունը` ՀՀ նախագահը շեշտեց. «Ըստ էության` մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն եւ խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Հայաստանը եւ Իրանը, ըստ իս, ունեն մի կարեւոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարեւոր է` առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ եւ հիմնավոր լուծման առումով»: 
Ավելի լայնորեն դիտարկելով ծայրահեղականության եւ ահաբեկչության հանգամանքները` հարկ է նշել, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Իրանը հաջողությամբ չեզոքացրել են «գունավոր» հեղաշրջումների բոլոր փորձերը: Արդի փուլում Իրանի ներքին կայունությունը փորձում են խախտել «Իսլամական պետության» ահաբեկիչները, ինչը եւ հիշատակվեց ՀՀ նախագահի հարցազրույցում: Իսկ Հայաստանի պայմաններում ահաբեկչության եւ այլ զինյալ հակասահմանադրական գործողությունների պահը մի քիչ այլ է: Մեր երկում չեզոքացվել են չորս զինյալ խմբեր: Մեկը` Ժիրայր Սէֆիլյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների ծրագրած զինյալ գործողությունն էր, հաջորդը` նրանց հետ սերտորեն կապակցված եւ իրենց «Սասնա ծռեր» անվանող խումբը: Ժամանակագրական առումով առավել շուտ հայտնաբերվել եւ չեզոքացվել է իսպանաբնակ Արթուր Վարդանյանի խումբը` Մարաշի առանձնատանը պահած հսկայական զինանոցը, ընդ որում, ըստ գործի նյութերի` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը խմբակիցների հետ քննարկել էր եւ ՀՀ նախագահի օդանավը խոցելու տարբերակները: ՕՐՕ դաշինքին ասոցացված Սամվել Բաբայանի «Իգլայի» գործի շուրջ նույնպես շրջանառվել է նախագահական օդանավի վարկածը: Սակայն այստեղ կարեւորը ոչ թե այդ գրոհայինների խմբերի գործողությունների եւ ծրագրերի մանրամասներն են, այլ այն, որ դրանք բոլորը սկսվեցին այն պահից ի վեր, երբ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն սկսեցին կյանքի կոչել սահմանադրական բարեփոխումները, որոնք ապահովում են անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ: Նման է, որ որոշ արտաքին խաղացողներին ձեռք չի տալիս Սերժ Սարգսյանի կողմից մատնանշված` անձնիշխանության ռեժիմի չեղարկումը եւ դրանով, թերեւս, պետք է բացատրել մեկը մյուսի հետեւից գրոհային խմբերի ի հայտ գալը: Ու չպետք է բացառել, որ մինչեւ 2018-ի կեսերը, երբ ավարտվելու է անցումը դեպի խորհրդարանական համակարգ, կարող են եւ նոր խմբեր հայտնվել: 
Սակայն վերադառնանք հարցազրույցի նյութին: Կարեւորելով ահաբեկչության դեմ միջազգային եւ միջպետական ամենասերտ համագործակցության հանգամանքը, Սերժ Սարգսյանը նաեւ շեշտեց` ակնհայտորեն նկատի ունենալով մեզ հարեւան երկու թուրքական պետությունները. «Ցավալի է, սակայն մեր տարածաշրջանի որոշ երկրներ, տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Նմանօրինակ վարքի նկատմամբ պետք է դրսեւորվի համընդհանուր անհանդուրժողականություն»: 
ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ԵԱՏՄ ԵՎ ԵՄ
Սկսենք մեջբերումով, որը առավել քան խոսուն է. «Մենք բազմիցս ենք նշել, որ պատրաստակամ ենք ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առեւտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել` իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա կարեւոր է նշել, որ մենք դրանք չենք դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ: Հայաստանն ամենակարճ եւ անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար: Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, եւ պատրաստ ենք հարթակ տրամադրել իրանցի եւ եվրոպացի գործարարներին` փոխշահավետ գործունեություն ծավալելու համար: Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը եւս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում»: 
Ի դեպ, հարցազրույցում շատ մանրամասն շոշափվեց հայ-իրանական էներգետիկ, տնտեսական, գիտակրթական համագործակցությունը: Ուշագրավ է, որ Իրանի լրատվական դաշտում Սերժ Սարգսյանի առաջիկա այցին նվիրված նյութերում Հայաստանը ներկայացվում է որպես անվտանգ եւ ապահով կամուրջ դեպի Եվրոպա: Այդ ամենի մեջ առանձնացնենք այն, ինչ լրիվ նորույթ է: 
Այսպես, մեր երկրի ՏՏ ոլորտի որոշ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանի իրանյան այցին ընդառաջ արդեն խոսում են տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանից Իրան արտահանելու հեռանկարների մասին: Այսինքն` մեր երկրում բուռն զարգացող այդ ոլորտն էլ այսօր արդեն պատրաստ է մեր հնագույն հարեւանին տրամադրել ապահով կամուրջ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 
Ինչեւէ, օրեր անց ամեն ինչ կտեսնենք սեփական աչքերով: Բայց մի բան կարելի է հիմիկվանից վստահաբար ասել` այդ այցից հետո այցի մասին դեռ շատ երկար է խոսվելու, ինչպես նաեւ ականատես ենք լինելու նորանոր ծրագրերի իրականացմանը: Եվ մի կարեւոր պահ, թե ինչու են Իրանում մեր երկիրը դիտարկում «ապահով կամուրջ»: Թուրքիայով եւ Ադրբեջանով կոմունիկացիաներն անվտանգ չեն եւ հղի են ծայրահեղական կրոնական խմբավորումների սպառնալիքներով: Իսկ Հայաստանի հետ սահմանն ամենաապահովն է, ընդ որում, իրանական կողմը փաստացի հաշվի է առնում եւ Արցախի Հանրապետության հետ ունեցած սահմանը, ու թերեւս վստահ է, որ այդ տարածքը միշտ մնալու է հայկական վերահսկողության տակ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА