ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ակտիվացումն ուղղակիորեն կապված է զինված խմբի դատավարությունը տապալելու հետ»

01.08.2017 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ակտիվացումն ուղղակիորեն կապված է զինված խմբի դատավարությունը տապալելու հետ»

Եթե այս ամառ միայն նեղսրտում ենք տապից ու ժամանակ առ ժամանակ սահմանային լարվածության մասին լուրերից, ապա նախորդ տարի ուղիղ նույն ժամանակաշրջանում գերլարված իրավիճակ էր հենց Հայաստանի սրտում: Ապրիլյան պատերազմի զոհերի կորստի վերքը դեռ չսպիացած` հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ՊՊԾ գունդը, որը գրավվել էր զինված խմբի կողմից, որոնց գործողությունների հետեւանքով էլ զոհվեց երեք ոստիկան: Հատկանշական է այն, որ տեղի ունեցածից մեկ տարի անց կրկին ակտիվացել են զինված խմբին պաշտպանողները ու դեպքերը, ըստ իրենց նպատակահարմարության ներկայացնողները` այդ ամենը համեմելով ապստամբության կոչերով: Իսկ թե այս ամենն ինչո՞վ է պայմանավորված, «Իրավունքը» պարզեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ տեսակետը:

«ՍԷՖԻԼՅԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՉ ԱՆԼՈՒՐՋ Է»

– Անազատության մեջ գտնվող «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը օրերս կոչ է արել հանրությանը մասնակցել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող ՊՊԾ գունդը գրաված խմբի դատավարությանը ու բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը եւ «գաղութային» ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել իրենց «ռազմագերիներին»: Չե՞ք կարծում, որ սա հրապարակավ հակասահմանադրական կոչ է եւ, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

– Բնականաբար, ցանկացած բռնության կոչ հակասահմանադրական է։ Ժիրայր Սէֆիլյանն ու իր համակիրները մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը եւս նմանատիպ կոչեր էին անում։ Իրենց գործունեության ողջ տրամաբանությունն ուղղված է եղել պայքարի բռնի մեթոդների կիրառմամբ` սահմանադրական կարգը տապալելուն։ ՀՀ քրեական օրենսգիրքը հստակ պատասխանատվություն է սահմանում հակասահմանադրական կոչերի համար, բայց ինչպես մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը, այս պարագայում եւս ՀՀ համապատասխան մարմինները հանցավոր անգործությամբ են զբաղված, եւ չի բացառվում, որ այս կոչը եւս մի քանի բախտախնդիրների մղի բռնի գործողությունների, ինչը եւս կլինի պատկան մարմինների հանցավոր անգործության արդյունքում։ Վերոգրյալը վերաբերում է հարցին իրավական առումով, իսկ քաղաքական նշանակության առումով` Սէֆիլյանի ցանկացած կոչ անլուրջ է, իսկ դրան հետեւողների քանակը խիստ սահմանափակ։

«ԱՐՎԱԾ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱԾԱՅՐԱՀԵՂ ՓՈՐՁՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՁԱԽՈՂՄԱՄԲ»

– Ի դեպ, այս կոչին զուգահեռ լայն տարածում է գտել նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի բաց նամակը, որտեղ կրկին նա ապստամբության կոչեր է անում: Առհասարակ, որքանո՞վ նման կոչերը կարող են հանրային ընկալում գտնել:

– Վարուժան Ավետիսյանի կոչը եւս նախորդ հարցի տրամաբանության մեջ է տեղավորվում։ Նրանց կողմից արված ցանկացած կոչ ընդամենը «մի բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու» հերթական փորձն է` զուգորդված տարատեսակ հանցակազմերով, իսկ արդյունքը` այն, ինչ եղել է այդ խմբակի կողմից նախաձեռնած բացառապես բոլոր գործընթացների վերջնարդյունքում։ 

– Բավական հատկանշական է նաեւ այն, որ Վ. Ավետիսյանը հիմա էլ մտավորականներին է փորձում ներքաշել այս ամենի մեջ: Օրինակ, նա նշել էր, որ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իրավունք չունի խոսել Նժդեհից ու կանգնել ՀՀ նախագահի կողքին, մինչդեռ իրենք իրենց իրավունք են վերապահել «Սասնա ծռեր» կոչվելու: Կարելի՞ է ասել, որ սա հենց հանրային խռովություններ հրահրելու մի նոր մեթոդ է, որոնք կամաց-կամաց գործի են դրվում:

– Նրա այդ կոչին բավականին կոռեկտ եւ սպառիչ պատասխանել էր հենց Գագիկ Գինոսյանը, որին ոչինչ ավելացնելու կարիք չկա։ Հանրային խռովություններ հրահրելու մասով էլ ասեմ, որ ՀՀ բնակչության մեկ տոկոսից պակասի աջակցությունը վայելող հանցավոր խմբի կողմից արված անգամ ամենածայրահեղ փորձն ավարտվելու է ձախողմամբ։

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ ԹԵԼԱԴՐՈՂ ՄԻԱԿ ԲԵՎԵՌԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»

– Վերջին շրջանում բավական ակտիվացել են ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների կողմնակիցները: Ձեր գնահատմամբ` սա ի՞նչ գործընթացների սկիզբ կարող է լինել:

– ՊՊԾ գունդը գրաված խմբի կողմնակիցները բացարձակ փոքրամասնություն են կազմում մեր երկրում։ Նրանց կողմից որեւէ լուրջ գործընթաց սկսել ակնկալելը միամտություն է։ Այդ ակտիվացումն ուղղակիորեն կապված է զինված խմբի դատավարությունը տապալելու հետ։ Այդ մարկանց խմբակը շատ լավ հասկանում է, որ բաց դատավարություն անցկացվելու պարագայում ամբողջությամբ պատռվելու է զինված խմբի «հերոսի» դիմակը եւ հանրության լայն զանգվածներին հասանելի է լինելու օբյեկտիվ իրականությունը։ Այդ նեղ մարտավարական նպատակն իրականացնելու մղումով էլ պայմանավորված է նրանց ակտիվանալը։

– Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ մարդկանց հեշտ է ամառվա տապին տանից դուրս հանել` ցույցեր իրականացնելու համար, որովհետեւ նախ հով է, հետո ավելի շատ ժամանակ ունեն քաղաքականությամբ զբաղվելու: Արդյոք այս ամառը գոնե առանց վայրիվերումների կանցնի:

– Ներկա ներքաղաքական դասավորումներից ելնելով` կարելի է կանխատեսել, որ ամառվա ընթացքում էական ցնցումներ չեն լինի, քանի որ նախ հանրությունն է հոգնել կեղծ խոստումներով մարդկանց հրապարակներում «մաշող» ուժերից եւ երկրորդ` հենց այդ քաղաքական ուժերն են հոգնել իրենց կողմից կազմակերպված անպտուղ գործընթացներից։ Այսօր մեր երկրում, ցավոք սրտի, քաղաքական օրակարգ թելադրող միակ բեւեռը իշխանական կուսակցություններն են, եւ եթե անգամ ինչ-ինչ գործընթացներ էլ լինեն, դրանք պայմանավորված են լինելու իշխանական կուսակցությունների քաղաքական օրակարգով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА