ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միջազգային հանրությունը պետք է հասունանա եւ սովորի կոնֆլիկտներ կարգավորել»

01.08.2017 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Միջազգային հանրությունը պետք է հասունանա եւ սովորի կոնֆլիկտներ կարգավորել»

Երեւանում էր Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս հայտնի քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ մեր հարեւան պետությունների հետ ունեցած հարաբերությունների մասին: Եվ, իհարկե, նախեւառաջ պարզեցինք ռուս քաղաքագետի տեսակետը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԿՌՎԵԼՈՎ ՀԱՐՑԵՐ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ» 

– Անդրեյ Գենադեւիչ, աշնանը նախատեսված է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը: Ձեր գնահատմամբ` այսօր արցախյան հիմնախնդրի կարգավորման ի՞նչ հեռանկարներ կան:

– Դժվար է ասել, թե ինչ արդյունք կարող է լինել, որովհետեւ խնդիրը պետք է լուծվի երկկողմ համաձայնությամբ: Կոնֆլիկտը, ցավոք, տեղի է ունենում հետխորհրդային տարածքում եւ, բնականաբար, բոլորի համար էլ ցանկալի է, որ վաղ թե ուշ այն լուծվի: Իսկ այն պետք է լուծվի բացառապես հումանիտար ճանապարհով, որովհետեւ Արցախում ապրում են խաղաղ մարդիկ, էլ չեմ ասում, որ ռազմական իրավիճակով պայմանավորված` տնտեսությունն էլ այնտեղ ցանկալի տեմպերով չի զարգանում: Իհարկե, խնդիրը միշտ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, բայց կոնֆլիկտը լուծվում է այն ժամանակ, երբ դա ուզում են հակամարտող կողմերը: Այս առումով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունները, որոնց թվում է նաեւ ՌԴ-ն, պետք է կարողանան ապահովել կողմերի միջեւ երկխոսությունը: Բայց ինձ թվում է` դեռ մեծ ջանքեր են հարկավոր, որպեսզի մի կողմին ստիպեն, որ մյուսին լսի, եւ կողմերը կարողանան կայացնել ընդունելի որոշումներ: Ցավոք, մեկ տարի առաջ տեղի ունեցած ռազմական գործողություններն ավելի հետաձգեցին հարցի լուծումը, թեպետ այդ շրջանում գնահատելի էր միջնորդների դերակատարությունը, որոնց շնորհիվ էլ ստեղծված լարված իրավիճակն էլ ավելի չթեժացավ: Երկու կողմերը մեղադրեցին միմյանց այդ լարվածության համար, բայց իրականում նախ պետք էր դադարեցնել ռազմական գործողությունները, հետո անցնել պայմամնավորելուն, ինչն էլ արվեց: Ամեն դեպքում, ինձ համար բարդ է ասել, թե ինչով այս ամենը կավարտվի, որովհետեւ լսել եմ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի արձագանքները, այստեղ կան կարմիր գծեր, որից ոչ մի կողմը չի ուզում դուրս գալ:

– Այս դեպքում` ելք տեսնո՞ւմ եք....

– Չգիտեմ ինչպես, բայց այստեղ կան բարձրակարգ փորձագետներ, դիվանագետներ, եւ այս հարցը պետք է լուծեն քաղաքական ուժերը, որոնք  տիրապետում են իշխանական ռեսուրսներին եւ ի վիճակի են սեփական հանրությանը համոզել, որ կոնֆլիկտը այս կամ այն կերպ պետք է լուծվի: Այն չի կարող հավերժ տեւել, եւ սա պետք է ընդունեն շահագրգիռ երկրներն ու նստեն, խոսեն: Ես հասկանում եմ, որ հիմա էլ թեժ իրավիճակ է սահմանում, բայց 21-րդ դարում այլեւս կռվելով հարցեր չեն լուծվում: Եթե մենք 100 տարի առաջ ապրեինք, հնարավոր էր այդ ճանապարհով ինչ-որ հարց լուծել, բայց այսօրվա աշխարհում հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով: Վերջիվերջո, միջազգային հանրությունը պետք է հասունանա եւ սովորի կոնֆլիկտներ կարգավորել:

«ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԹԵԺ ԳԻԾԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ Է»

– ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վ. Պուտինի եւ Դ. Թրամփի հանդիպումից հետո հույս կար, որ եթե ոչ Արցախյան հիմնախնդրի հարցում, ապա գոնե սիրիական պատերազմի վերաբերյալ դրական լուծումներ կգտնվեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եկեք լավատես լինենք, ամեն ինչն էլ ավարտվում է խաղաղությամբ: Ըստ իս, այսօր հասունանում է հանդիպման երկրորդ փուլը, որի համար պետք է նախապատրաստվի համաձայնագիր` սիրիական կոնֆլիկտի լուծման համար: Սա շատ լուրջ հարց է, որովհետեւ այնտեղ մեծ թվով զոհեր եղան: Գիտեմ, որ տեղի ունեցած ռազմական գործողություններից տուժել է նաեւ հայկական համայնքը: Սիրիան հոյակապ երկիր էր, այնտեղ տնտեսությունն անընդհատ զարգանում էր, կարծես, բոլորն այնտեղ լավ էին ապրում, նույնիսկ կարելի է ասել` հարուստ էին, բայց այդ ամենը զրոյացավ: Ահա սա վառ օրինակ է, թե ինչի կարող է բերել քաղաքական կոնֆլիկտը: Դ. Թրամփը Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ երկխոսությունը կկայանա, քանի որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով` երկրի ինչ-որ հատվածի պաշտպանությունն է ստանձնել, իսկ, այսպես ասած, ամերիկյան խորհրդականներն էլ իրենց հսկողության տակ ունեն Սիրիայի որոշակի հատված: Այնպես որ, այս հարցի մեջ մեծ թվով մասնակիցներ կան: Ամեն դեպքում, թեժ գիծը Սիրիայում ավարտված է: Իսկ թե ինչպիսի ավարտ կունենա կոնֆլիկտը, իմ կարծիքով` բոլորն իրար մեջ պայմանավորվածություն ձեռք կբերեն: Այդ քայլն իհարկե հեշտ չի լինի: Էլի եմ կրկնում` հանրությունը պետք է սովորի պայմանավորվել եւ չսպասի, որ աջից-ձախից հարվածներ հասցնեն, հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկի: Սիրիայի հարցում եւս պետք է գնալ հումանիտար ճանապարհով, որովհետեւ այնտեղ դեռ կան քաղաքացիական, խաղաղ մարդիկ: Նրանց պաշտպանությունը պետք է առաջնային դառնա բոլոր գործողությունների ժամանակ: Դրանից հետո նոր կարելի է անդրադառնալ քաղաքական ռեժիմի պահպանմանը: Այս առումով` պարոն Պուտինի առաջարկը տրամաբանական է` առաջին հերթին եկեք վերջ դնենք ահաբեկիչներին, հետո սկսենք քաղաքական հարցեր լուծել: Չէ որ այդ երկիրը կարող է եւ չլինել, որովհետեւ բնակչության մի մասը գաղթել է, մյուս մասը` զոհված է: Մինչդեռ բնակչություն ունենալն անհրաժեշտություն է` երկրի ամբողջականությունը պահպանելու համար:

– Որքանո՞վ կարելի է հավատալ, որ ԱՄՆ-ն, իսկապես, պատրաստ է ընդունել Վ. Պուտինի առաջարկը ու նախեւառաջ զբաղվել` ահաբեկիչների վերջը դնելով:

– Կարծում եմ` պարոն Թրամփը պատասխանատու մարդ է: Երկու նախագահները համաձայնության են եկել, որպեսզի Սիրիայում ստեղծվի երկխոսության եւ լարվածության հաղթահարման աշխատանքային խումբ: Ենթադրում եմ, որ դրան կհաջորդի ռազմական, դիվանագիտական մակարդակի աշխատանքներ, որոնք, բնականաբար, ինչ-ինչ պատճառներով չի հանրայնացվի: Չեմ բացառում, որ այդ փուլում կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ մնացյալ հարցերն այդքան էլ հրատապ չեն: 21-րդ դարում նման պատերազմ ունենալը նոնսենս է, եւ գերտերությունները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն` առաջին հերթին նման կոնֆլիկտները վերացնելու համար, այլ ոչ թե պայքարեն, թե ում է բաժին հասնելու Սիրիան:

«ԵԹԵ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՆԱ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ»»

– Անդրադառնանք նաեւ ՌԴ-Վրաստան հարաբերություններին. ՌԴ ԱԳ փոխնախարար Գ. Կարասինի եւ Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեի մակարդակով շարունակվում են բանակցությունները` 2011 թվականի համաձայնագիրը կյանքի կոչելու շուրջ, որը կնքվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շրջանակում: Ինչպես գիտեք, Հայաստանն այս հարաբերությունների կարգավորումից ակնկալում է, որ այլընտրանքային ճանապարհ կունենա` Աբխազիայի եւ Օսեթիայի միջով: Որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

– Այդ նախագիծը, իսկապես, տնտեսական կարեւորություն ունի, եւ այս հարցում դրական տրամադրվածություն կա ինչպես Աբխազիայում, այնպես էլ Վրաստանում: Ամեն դեպքում, նման մտադրություն կա, եթե, իհարկե, Վրաստանը կարողանա մի կողմ դնել իր քաղաքական «ամբիցիաները»: Այս հարցում շատ կարեւոր է մեր եւ ձեր փորձագիտական շրջանակների աշխատանքը, որպեսզի քննարկվեն բոլոր հնարավոր նախագծերը, որը տնտեսապես ձեռնտու կլինի բոլորին` այդ թվում նաեւ Հայաստանին: Իհարկե, Ձեր նշած խորհրդակցություններն ընթանում են, բայց դժվար է ասել, թե ինչով կավարտվեն, որովհետեւ սա ոչ թե փորձագիտական հարց է, այլ բացառապես` քաղաքական, ուստի` մնում է հուսալ, որ ողջամիտ որոշումներ կկայացվեն:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՍԹԱՓՎԵՑ ԵՎ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ ԱՊՐԵԼ»

– Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամենացավոտ հարցը շարունակում է մնալ այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումներն այս մասին:

– Այդ հարցը անընդհատ տրվում է, բայց այն քաղաքական ամենաբարձր մակարդակով արդեն իսկ քննարկվել է, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ: Հարցն այստեղ զենք վաճառելու մեջ չէ, այլ այս տարածաշրջանում ընդհանուր անվտանգության համակարգ ստեղծելու մեջ: Միայն կարող եմ ասել, որ, այո, այս հարցը առկա է ու անընդհատ հայ քաղաքագիտական շրջանակների կողմից պահվում է օրակարգում:

– Իսկ ի՞նչ կասեք ռուս-թուրքական հարաբերությունների մասին. եթե ընդամենը վերջերս խոսվում էր ռուս-թուրքական հնարավոր պատերազմի մասին, ապա այսօր կարծես գործընկերային հարաբերություններ են ձեւավորվել Թուրքիայի հետ:

– Յուրաքանչյուր հարաբերություն պայմանավորված է կողմերի ցանկությունից, թե ինչպես կողմերը այդ հարաբերությունները կպահպանեն: Պարոն Էրդողանը կարողացավ սթափվել, երբ տեսավ, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ ՌԴ նախագահն առաջիններից էր, որ զանգահարեց իրեն: Մինչդեռ եվրոպական լիդերները ձեռնպահ մնացին: Նրանք կարծում են, որ նորմալ է, երբ զինված մարդը վազում է երկրի նախագահի հետեւից եւ պահանջում նրա հրաժարականը ու այդ ամենի հանդեպ լռություն էին պահպանում:
Ինչ վերաբերում է այսօրվա ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես գիտեք, «Գազպրոմը» հաստատվում է նաեւ թուրքական տարածքում, կա փորձ` տնտեսական երկխոսության: Իմ կարծիքով` Եվրամիության հետ կոշտ բախումներից հետո, Թուրքիան սթափվեց եւ հրաժարվեց պատրանքներով ապրել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА