ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՈՎՔԵՐ ԵՆ ՍՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

01.08.2017 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՈՎՔԵՐ ԵՆ ՍՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Ահավոր շոգերը ազդում են բոլոր տեսակի վարձու քարոզիչների ուղեղների վրա` անկախ ազգային պատկանելությունից: Այսպես, քաղաքագետ Գագիկ Համբարյանի տեղեկացմամբ. «Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարող» կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյը հայտարարել է, որ նրանց կազմակերպությունը պայքարելու է, որ արցախյան գերեվարությունից ազատի 3000 ադրբեջանցու, որոնք գտնվում են Արցախում արդեն 25 տարի: Ըստ Գյուլբեյի` նրանց առկայության մասին իրեն պատմել են վրացիները եւ իրանցիները, որոնք այցելել են Արցախ եւ իրենց աչքերով են տեսել սոված եւ ծարավ ադրբեջանցիներին, որոնք ամբողջ օրն աշխատում են»: 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԱՆՏԱՍՏԻԿԱ` ԴՐՍՈՒՄ ԵՎ ՆԵՐՍՈՒՄ
Պատկերացնում եք չէ՞, թուրք քարոզչի բորբոքված ուղեղը այդ ինչեր է մոգոնել: Հավանաբար, Գյուլբեյը ոչ միայն արեւային հարված է ստացել, այլեւ ինչ-որ թունդ թունավոր բան է ծխել, որ նկարագրում է` իբր Արցախում կան 3000 թուրք ստրուկներ: Մինչդեռ այդ երկրամասում բանտարկված են ընդամենը 2 թուրք դիվերսանտ` շատ կոնկրետ հանցագործությունների համար: 
Այստեղ առավել կարեւոր է այն հանգամանքը, որ թուրքական քարոզչությունը` իր երկու ճյուղերով (փոքրասիական եւ կովկասյան), ըստ էության ձգտում է էլ ավելի բորբոքել հակահայկական տրամադրությունները: Հիմա էլ դրան հավելվեց Թուրքիայում օրենքով որոշակի եզրույթների արգելումը` Քրդստան, Հայոց ցեղասպանություն եւ այլն: Անգամ դեպքեր են գրանցվել, որ մարդկանց ձերբակալում էին վերնաշապիկի վրա անգլերեն «հերոս» գրառման համար... 
Թուրքական հեքիաթների մեջ շատ չխորանանք, քանզի մեր քարոզիչներն էլ առանձնապես հետ չեն ընկնում: Այսպես, քանի որ ոչ ոք այլեւս չի հավատում «հողեր հանձնելու» մասին հեքիաթներին, հիմա էլ խուճապ ու տագնապ հարուցելու համար հայտնվել են նոր քարոզչական հեքիաթներ, որոնք իբր թե պետք է հաստատեն Ադրբեջանի ՊՆ-ի պնդումները` մեր «Իսկանդերները» խփող միջոցներ ունենալու մասին եւ հերքեն ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի եւ Արցախի ՊԲ-ի հրամանատարի խոսքերը այդ հզոր զինատեսակի մասին: ԱՄՆ-ի «շպիոնական» կուրսերից վերադարձած «Ժառանգության» նախկին խոսնակ Դավիթ Սանասարյանը, զորօրինակ` հայտարարել է, իբր Թուրքիայի կողմից գնվելիք ռուսական C-400-ները տեղակայվելու են հայ-թուրքական սահմանին եւ այդտեղից հարվածելու են մեր «Իսկանդերների» արձակվող հրթիռներին: Այդ սուտը հերքելու համար ոչ միայն հարկ չկա քաղաքագետ լինել, այլեւ բավարար է ընդամենը ռազմական հանրագիտարանային որոշակի նյութերի ծանոթանալ: 
Ի դեպ, հենց խուճապային տրամադրություններ սերմանելու տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ այն, թե ինչու ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, կամ նրա անունից հանդես գալու լիազորություն ունեցողը այդպիսի անպատկառ ագրեսիայի թիրախ ընտրեց Գագիկ Գինոսյանի պես անբասիր մտավորականին: Բանն այն է, որ Գինոսյանը բավականին ակտիվորեն մասնակցում է Վիգեն Սարգսյանի նախաձեռնած բանակային բարեփոխումների քննարկումներին, ելույթներով եւ առաջարկություններով հանդես է գալիս, եւ ամենակարեւորը` մշտապես շեշտում, թե ինչ նշանակություն ունի պատերազմողի ոգին, որը հաջողությամբ չեզոքացնում է հակառակորդի սպառազինության թվացյալ առավելությունը: Ի դեպ, պատահական չէ, որ հենց ոգու եւ մարտական պատրաստվածության ենթատեքստով Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավար Լեւոն Մնացականյանը ցրում է այն միֆը, իբր ռազմական բալանսը խախտված է` հօգուտ Ադրբեջանի: Բնականաբար, բոլոր նրանց, ովքեր ձգտում են խուճապ եւ տագնապ տարածել, այդ ամենը խանգարում է հայ հանրության աչքը վախեցնել Ադրբեջանի` միլիարդավոր դոլարների գնված ռուսական եւ իսրայելական սպառազինությամբ: 
ԶԻՆՅԱԼ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԱԼԱՐԸ
Լեւոն Մնացականյանը նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն հակահարձակողական գործողություններ, եւ կընդլայնվի անվտանգության գոտին: Այսինքն` Ադրբեջանը կկրի նոր տարածքային կորուստներ: Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից սպառազինության կիրառման արդյունավետությանը, ապա. «Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, մինչեւ 250-300 հատ հրետանի եւ ականանետ` մինչեւ 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր` արդի եւ խոշոր տրամաչափի` մինչեւ 60 հատ, հակատանկային միջոցներ` մինչեւ 600-700 հատ եւ անձնակազմ` մինչեւ 20000, եւ ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ եւ ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն»: 
Իսկ այժմ մտովի գնանք դատարանի դահլիճ, ուր ընթանում է զինված խմբի դատավարություն: Հիմա էլ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է հետեւյալը. «Մեր օրակարգը մեկն է` առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ, որի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձեւավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով եւ Նախիջեւանով հանդերձ` Կուր-արաքսյան Հանրապետություն) եւ ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը` հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը` պետական կառավարման ազգային համակարգը»: Այստեղ գալիս է հետեւյալ հարցը` իսկ ինչո՞ւ այդ ծրագրով նույն «Հիմնադիր խորհրդարանը» ընտրություններին պատրաստվելու փոխարեն գերադասեց սահմանադրական կարգի դեմ արյունալի հանցագործությունները, ստեղծելով անկայունություն, որը վտանգի տակ էր դնում Արցախը:
Իսկ հիմա մի կողմից` ամբողջովին ձախողված եւ լուսանցքում մնացած քաղաքական ծայրահեղական ուժերը հրապարակային ասպարեզում ոչինչ չեն անում` բավարարվելով խոսակցություններով, աշնանը իբր սպասվող «ֆորսմաժորի» մասին, մյուս կողմից` նորանոր ռեսուրսներ են նետվում` զինված խմբի հերոսացման եւ հակասահմանադրական զինյալ խռովությունների քարոզչության ուղղությամբ: Օգտագործվում են ոչ միայն բուն քարոզչական ռեսուրսները, այլեւ գործի են դրվում իրավապաշտպանությունը, փաստաբանների քաղաքական հայտարարությունները, սանձարձակ հայհոյաբանությունը սոցիալական ցանցերում: Այսպես, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում է, իբր զինված խմբի անդամներին իշխանությունը խոստացել էր մեղմ պատիժներ, իսկ հիմա դրանք դրժում է. «Իշխանության խոստումները` հատկապես ապրիլի 2-ի ընտրություն կոչված միջոցառումից հետո, ոչ միայն չկատարվեցին, այլ մեղադրանքներն էլ ավելի խստացան: Օրինակ, զրո հանցանքի դիմաց անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանին մեկ տարի էր տված, բայց ընտրությունից հետո նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց: Իշխանությունը ամրապնդվեց ու իր խոստումները չկատարեց: Իսկ Հայաստանում ցանկացած արարք, ինչպես նաեւ հանցանք, իրավական հարթության մեջ չի կարելի դիտարկել, միայն քաղաքական հարթության մեջ, քանի որ Հայաստանում չկան անկախ դատարաններ, որոնք օրենքի պահանջը կկատարեն»:
Իսկ փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Միլս Մուժնիեկսին: Կազմելով մի երկարաշունչ տեքստ, որի մեջտեղը հասնելուց հետո մոռանում էր` սկզբում ինչ էր գրված, նա հայտարարում է, թե իշխանությունը համակարգված հետապնդումներ է սկսել պաշտպանյալների, ամբաստանյալների, նիստերին ներկա գտնվող աջակից քաղաքացիների նկատմամբ: Իսկ իր դիմումը փաստաբանն ավարտում է ՀՀ ներքին գործերին միջամտելու աղիողորմ աղաչանքով. «Մեծարգո պարոն Մուժնիեկս, ամեն ինչ արվում է, որպեսզի գործերը քննվեն առանց ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք խորհուրդներ եւ հանձնարարականներ տալով` միջամտել, որպեսզի սույն գործերի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների լիազորությունների իրականացման շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»: 
Ինչեւէ, կարելի է արձանագրել, որ ինչ-ինչ արտաքին ուժեր ձգտում են հետեւողականորեն փոխել հանրային տրամադրությունները` հօգուտ զինյալ խռովության մասնակիցների գաղափարի, այդտեղ օգտագործելով ցանկացած միջոց, մյուս կողմից` փորձ է արվում անվստահություն սերմանել մեր բանակի կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ: Ու թերեւս, հենց այդ պատվիրատու արտաքին ուժերն են ինչ-ինչ մշուշոտ խոստումներ տվել լուսանցքային ռադիկալ ընդդիմադիրներին, որ աշնանը թեժ է լինելու, «ֆորսմաժոր» է լինելու, եւ այլն: Խորհրդարանի ներսում ծայրահեղական գործողությունների դիմող ուժեր չկան, խորհրդարանից դուրս հանրությունը չի հավատում հեղափոխական առաջարկությունների հաջողությանը: Ուրեմն ո՞վ է հասցեատերը այդ ամենի: Արդյո՞ք հեշտությամբ ներշնչվող եւ մանիպուլացվող այն չնչին փոքրամասնությունը չէ, որը տոկոսով զրոյին մոտ է, սակայն քանակով կարող է հասնել մի քանի հարյուրի: Արդյո՞ք փորձ չի արվոմ նրանց վերածել ֆանատիկոս զոմբիների, ում հետո հնարավոր է զինել եւ ուղարկել` շենքեր գրավելու եւ փողոցային մարտեր սարքելու: Եվ եթե մեր պետական համապատասխան օղակները այս անգամ էլ կարողանան կանխել հնարավոր նախապատրաստվող հանցագործությունները, ապա ուրեմն 2018-ին քչից-շատից հանգիստ շունչ քաշել կլինի: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА