ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը միաժամանակ Մոսկվայից եւ Պեկինից «դեղին քարտ» ստացավ

01.08.2017 21:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Թրամփը միաժամանակ Մոսկվայից եւ Պեկինից «դեղին քարտ» ստացավ


Եվ այսպես` ՌԴ-ն վերջապես պաշտոնապես պատասխանեց դեռ Օբամայի օրոք ԱՄՆ-ից ռուս 35 դիվանագետների արտաքսմանը: Մոսկվան կարտաքսի 775 ամերիկյան դիվանագետների: Ու սա ոչ միայն ռուս դիվանագետներին արտաքսելու, այլ նաեւ՝ ՌԴ-ի դեմ հերթական պատժամիջոցների մասին ամերիկյան Կոնգրեսի որոշման պատասխանն էր:

ԿՐԵՄԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ
Ինչո՞ւ հենց 775: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ այդ կերպ ռուսները՝ Ամերիկայում եւ ամերիկացիները՝ Ռուսաստանում կունենան հավասար թվով՝ 455-ական դիվանագետ: Այս հանգամանքը նման թվով դիվանագետների արտաքսման եւս մեկ հետաքրքիր նրբերանգ է ի հայտ բերում: Այսինքն` մինչ այս ԱՄՆ-ն ՌԴ-ում ուներ 1230 դիվանագիտական ներկայացուցիչ: ՌԴ-ն, իհարկե, մեծ երկիր է, սակայն դրանով հանդերձ էլ դժվար է պատկերացնել, թե այդ ի՞նչ դիվանագիտական գործունեություն կարող էր իրականացնել մեկ երկրի 1230 դիվանագետն այնտեղ: Քարտուղարուհիների քարտուղարուհիներով եւ վարորդների վարորդներով հանդերձ մի քանի հարյուր մարդու աշխատանք միգուցե ապահովեր, բայց 1230 աշխատակցի պարագայում պետք է որ քարտուղարուհիների քարտուղարուհիներն էլ իրենց հերթին երկու-երեք օգնական ունենային: Չնայած՝ ամերիկացիները գործնական մարդիկ են, հենց այնպես մի քանի հարյուր անիմաստ աշխատատեղ հազիվ թե պահեին: Եվ Մոսկվան էլ` 775 դիվանագիտական ներկայացուցչի արտաքսելով` թերեւս նաեւ ակնարկում է, որ խոսքը հիմնականում ամերիկյան դեսպանատան՝ ՌԴ-ում «գունավոր խաղերի» մեջ գտնվող աշխատակիցների մասին է: Այսինքն` այս որոշմամբ նաեւ Ռուսաստանում «հեղափոխական շարժումներին բավականին ծանր հարված հասցնելու խնդիր է լուծվում:
Բայց, իհարկե, նման աննախադեպ թվով՝ 775 դիվանագիտական աշխատակիցների արտաքսման որոշումը շատ ավելի խորը իմաստ ունի, քան ինչ-որ բանի պատասխան տալը կամ զրոյական էֆեկտիվությամբ «հեղափոխությունների» դեմ պայքարն է: Սկսենք նրանից, որ ամերիկյան կոնգրեսի ընդունած ՌԴ-ի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ այս վերջին պատժամիջոցների մասին որոշումը մեկ էական հանգամանք ի ցույց դրեց: Ինչքան էլ որ նախագահ Թրամփը փորձում էր անուղղակիորեն հասկացնել տալ, որ հատկապես հակառուսական պատժամիջոցներն այնքան էլ իր սրտովը չեն, դա քիչ բան է փոխում: Պատժամիջոցներին գրեթե միահամուռ կողմ քվեարկեցին ամերիկյան երկու առանցքային ուժերը՝ հանրապետականներն ու դեմոկրատները, ինչը ակնարկ է, որ այդ ուժերի քիչ տեսանելի վերին տերերը միասնական են կոշտ հակառուսական քաղաքականությունը շարունակելու հարցում: Այսինքն` Թրամփը իրականում կողմ էր պատժամիջոցներին թե՝ դեմ, դա արդեն քիչ բան է փոխում. նա սրտի խորքում դեմ լինելու պարագայում անգամ չի կարող փաստացի դեմ գնալ ամերիկյան գործնականում ողջ քաղաքական էլիտային: 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԼԻՏԱՆ ՓՈՐՁԵՑ «ԱՏԱՄ ՑՈՒՅՑ ՏԱԼ»
Սակայն հարցին մոտենանք մյուս կողմից. ինչո՞ւ է ամերիկյան քաղաքական էլիտան այն համառությամբ մնում կոշտ հակառուսական հարթությունում, որ անգամ նախագահը չի կարողանում գոնե ռազմավարական տեսանկյունից թեկուզեւ փոքրիկ տեղաշարժերի գնալ: Պատասխանը,  թերեւս, նույնն է, ինչ չորս-հինգ տարի առաջ ի հայտ եկած նմանատիպ հարցադրման պարագայում. ինչո՞ւ այն ժամանակների նախագահ Օբաման, որ իր պաշտոնավարման առաջին շրջանում սիրում էր խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնավորման մասին, հետագայում աստիճանաբար կոշտացրեց եւ ներկայիս լարվածությանը հասցրեց դրանք: Պատճառը, թերեւս, աչքի առաջ է: Վերջին օրերին ամերիկյան վերին էշելոններից քանիցս հնչեցին հայտարարություններ, որ իրենց հիմնական վտանգը համարում են ՌԴ-ին, ավելի կոնկրետ՝ ռուսական ռազմական պոտենցիալը: Տնտեսական առումով նույն վտանգը, ինչ խոսք, Չինաստանն է ներկայացնում: Սակայն չինական համեմատաբար թույլ ռազմական պոտենցիալի պարագայում Պեկինի վրա ներազդելու Վաշինգտոնի հնարավորությունները շատ են: Մոսկվայի պարագայում իրավիճակն այլ է. ռուսներն ունեն շատ ուղղություններով, այդ թվում՝ տանկաշինության, հակաօդային պաշտպանության, ավիացիայի, հրթիռային, միջուկային սպառազինության եւ այլն, որոշ դեպքերում` ամերիկյանին էլ գերազանցող սպառազինություն: Ընդ որում, խոսքն ամբողջովին ՌԴ-ում մշակված եւ արտադրող տեխնիկայի մասին է, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը վերականգնվել է եթե ոչ քանակական, ապա՝ որակական առումով բուռն զարգացման փուլում է: Ընդ որում, դրանք ոչ թե ընդամենը ենթադրություններ են, այլ, ինչպես ապացուցեց նաեւ սիրիական պատերազմը` իրողություն: Եվ այդ իրողությունը նշանակում է, որ ծայրահեղ իրավիճակներում ՌԴ-ի դեմ մասշտաբային հարձակման դեպքում անգամ պատերազմն առնվազն կունենա ոչ-ոքի արդյունք, ավելի կոնկրետ՝ կավարտվի բոլորի փոխադարձ ոչնչացմամբ: 
Ու, միաժամանակ նկատենք. ԱՄՆ-ն իր ներկայիս համաշխարհային հեգեմոնիային կարողացավ հասնել ոչ թե որպես պետության՝ ԽՍՀՄ-ի փլուզման, այլ՝ խորհրդային զինուժի եւ ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունների էական թուլացման արդյունքում: Իհարկե, կային այդ թուլացումը վերջնական փլուզման ենթարկելու ծրագրեր, որն ուրվագծել էր «երջանկահիշատակ» Բժիժինսկին՝ իր «Մեծ խաղում»: Սակայն այն միջուկային պոտենցիալը, որը ՌԴ-ն ժառանգեց ԽՍՀՄ-ից, կանխեց այդ ծրագրերը: Եվ եթե այդ կիսակործան վիճակում ՌԴ-ն կարողացավ դիմակայել, ուրեմն ի՞նչ կլինի, երբ հասցրել է էականորեն վերականգնել երբեմնի ռազմական պոտենցիալը: Այդ վերականգնման նախանշանները սկսեցին ավելի ու ավելի տեսանելի դառնալ հենց Օբամայի նախագահության երկրորդ փուլում: Իսկ ահա Թրամփի օրոք դրանք արդեն պարզ տեսանելի են: Արդյունքում՝ ԱՄՆ-ն արդեն իսկ գործնականում կորցրել է իր ռազմական հեգեմոնիան: Եվ քանի դեռ ամերիկյան էլիտան չի հրաժարվել գլոբալ հեգեմոնիան պահելու ծրագրերից ՌԴ-ի նկատմամբ, այս ծայրահեղ կոշտ քաղաքականությունն էլ կպահպանվի:
ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Այլ հարց է, թե ինչքանով այդ քաղաքականությունն էֆեկտիվ կլինի: Իր քայլերով Օբաման թեեւ հասավ ռուսական տնտեսական զարգացումների որոշակի արգելակման, բայց  այդ «մեդալը», ինչպես պարզվեց, «երկրորդ երես էլ ուներ»: Նախ` կոշտ հակառուսական քաղաքականությամբ ԱՄՆ-ը հասավ միայն Մոսկվա-Պեկին դաշինքի ամրապնդմանը: Եվ երկրորդ. հակառուսական տնտեսական քաղաքականության հետագա կոշտացումը, ինչպես արդեն ակնհայտ է, ծանր հարված է դառնում նաեւ Եվրոպայի համար: Թրամփը, թերեւս, մինչ նախագահ ընտրվելն արդեն իսկ տեսնում էր Օբամայի այդ քաղաքականության նեգատիվ կողմերը, եւ պատահական չէր, որ ընտրվելուց շատ չանցած արդեն իսկ խորքային քայլեր էր փորձում իրականացնել՝ ռուս-չինական հարաբերությունների հետագա զարգացումները կանխելու համար: Բայց ահա ամիսներ անց արդեն իսկ տեսանելի է, որ ամերիկյան էլիտան  Թրամփին տանում է նույն Օբամայի հետքերով...
Եվ այսպես` 775 դիվանագետների արտաքսելով` Մոսկվան, առաջին հերթին, Թրամփին ցույց տվեց, որ նրան հատկացված թայմ-աուտն ավարտված է: Չնայած Վ. Պուտինը այդ մասին բաց տեքստով էլ հայտարարեց. «Մենք բավականին երկար  սպասեցինք, որ միգուցե ինչ-որ բան փոխվի դեպի լավը: Բայց, ըստ ամենայնի, եթե փոխվի, ապա ոչ շուտ... Մենք հիմա ցույց տանք, որ ոչինչ առանց պատասխանի չի մնա»: Միաժամանակ նման ազդակ Վաշինգտոնը նաեւ Պեկինից ստացավ: Նկատի ունենք անցած շաբաթվա վերջին Հս.Կորեայի հերթական հրթիռային արձակումը, եւ այս դեպքում անգամ Վաշինգտոնը խոստովանեց, որ փորձարկվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Այսինքն, որ այն ի զորու է միջուկային լիցք հասցնել մինչեւ իսկ Վաշինգտոն եւ Նյու-Յորք: Իսկ նյարդային ռեակցիան, որը ցուցաբերեց ամերիկյան պետքարտուղարը, թե դրա համար պատասխանատու են ՌԴ-ն եւ Չինաստանը, հուշում է, որ հարվածը տեղ է հասել:
Ու մեկ էպիզոդ եւս հաշվի առնենք. նախօրեին ՌԴ ծազմածովային նավատորմի տարեդարձի հետ կապված ծովային շքերթներ տեղի ունեցան մի շարք վայրերում: Այդ թվում՝ առաջին անգամ Միջերկրական ծովում՝ սիրիական Տարտուսում եւ Սանկտ Պետերբուրգում: Պետերբուրգյան շքերթին մասնակցություն ունեցան նաեւ չինական նավերը, որոնք, այնուհետեւ, անցան Բալթիկ ծովում ռուսական նավատորմի հետ միասին համատեղ զորավարժությունների: Սա պարզ հիշեցում էր, որ ռուսներն ու չինացիները պատրաստակամ են համագործակցել ոչ միայն խաղաղօվկիանոսյան գոտում, այլ, գործնականում, ողջ համաշխարհային օվկիանոսում, եւ այս փաստը Արեւմուտքում բավականին ծանր տարան: Բայց դա նաեւ Թրամփին ուղղված ակնարկ էլ, որ ռուս-չինական դաշինքը տապալելու նրա փորձերը ձախողվել են: Դրանից հետո արդեն Սպիտակ տունը սկսեց խոսել նաեւ Չինաստանի դեմ պատժամիջոցներից:
Արդյունքում` ամերիկյան էլիտան ինչքան էլ որ դեռ փորձում էպահպանել գլոբալ հեգեմոնիան, բայց հիմա դիրքերը դեռ մի բան էլ թուլացել են Օբամայի ժամանակների համեմատ: Օրինակ` այն ժամանակ դեռ հարցականի տակ էր սիրիական պատերազմը, իսկ այս օրերին պատերազմն արագ տեմպերով ավարտվում է Ասադի օգտին, այսինքն՝ ամրապնդվում են ռուսական դիրքերը Մերձավոր Արեւելքում: Հաջորդը. եթե Օբամայի ժամանակներում հարցականի տակ էր Հս. Կորեայի ռազմական հնարավորությունները, ապա հիմա հաստատ է, որ Փհենյանի հրթիռները կարող են հասնել ԱՄՆ-ի բոլոր հատվածները: Գումարեն այս ամենին Եվրոպայի հետ Վաշինգտոնի խորը հակասությունները, եւ անտեսանելի են դառնում այն հեռանկարները, որոնց միջոցով ամերիկյան էլիտան կկարողանա իր գլոբալ դիրքերը պահել...
Իսկ Թրամփն իր «դեղին քարտերը» ստացավ միաժամանակ Մոսկվայից եւ Պեկինից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА