ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծիծաղելի է, երբ ԵՄ-ն ավելի շատ խոսում է գեյ-ամուսնությունների օրինականացման մասին, քան` ներդրումներ կատարելու»

28.07.2017 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ծիծաղելի է, երբ ԵՄ-ն ավելի շատ խոսում է գեյ-ամուսնությունների օրինականացման մասին, քան` ներդրումներ կատարելու»

Աշնանը Բրյուսելում հնարավոր է վերջապես ստորագրվի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, ինչի համար էլ կամաց-կամաց ԵՄ-ն սկսել է օրենքների մի ողջ տրցակ հրամցնել հայ հանրությանը` առանց որի, արի ու տես, նորին մեծություն Եվրամիության հետ չենք կարող ասոցացվել: Սակայն, ըստ Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԻ,  իր օրենքները պարտադրելու դիմաց այն, ինչ առաջարկում է Եվրամիությունը, այնքան էլ պարզ չէ, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

«ԼԱՎ, ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ՈՒՐԻՇ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ՞, ՈՐ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ»

Անդրեյ Գենադեւիչ, համեմատության մեջ դնելով Եվրասիական տնտեսական միության հետ` ի՞նչ կարող է Եվրամիությունն առաջարկել Հայաստանին: 

– Ինձ` որպես քաղաքագետի, անհանգստացնում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախաստորագրված համաձայնագիրը, որովհետեւ ի տարբերություն ԵԱՏՄ-ի` Եվրամիությունը խառնվում է երկրների ներքաղաքական գործընթացների մեջ: Իսկ ԵԱՏՄ-ն երբեք իր առաջ խնդիր չի դրել խառնվել պետությունների ներքին գործերին, եթե եղել էլ է, ապա դրանք վերաբերել են բացառապես մաքսային ծառայությունների վերանայմանը` ազատ շուկայի ստեղծման համատեքստում: Մինչդեռ մենք այսօր տեսնում ենք այն երկրների օրինակները, որոնք ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա): Համաձայնագրի ստորագրումը ցավալիորեն կապվում է այդ երկրներում ներքաղաքական փոփոխությունների հետ: Ընդ որում` այնպիսի պարտադրանքներով, որոնք, ըստ իս, այդքան էլ ակտուալ չեն քաղաքական օրակարգի համար: Ավելին` այն կարող է հրահրել հանրային դժգոհություն եւ բերել ներքաղաքական բախման: Ուղղակի, չեմ հասկանում, թե ինչու է Եվրամիության համար այդքան սկզբունքային, ասենք, գեյ-ամուսնությունների օրինականացումը: Եվ այսօր լուրջ քաղաքական գործիչներ հավաքվում են ու քննարկում ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններն, այլ այն, թե գեյ-ամուսնություններն օրինականացնեն, թե` ոչ: Իհարկե, դեմ չեմ, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն էլ օգտվեն մարդու իրավունքներից, բայց չեմ կարծում, թե այս հարցը սուպերակտուալ է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այն էլ այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, որոնց համար այդ հարցը ամենավերջինը կարող է լինել: Ի վերջո, այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու է Եվրամիությունն իր հետ համագործակցությունը տեսնում միայն ԼԳԲՏ համայնքի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գնով: Լավ, այս երկիրն ուրիշ խնդիր չունի՞, որ ստիպում են զբաղվել ԼԳԲՏ համայնքի հարցերով: Հայաստանում կան տնտեսական լուրջ խնդիրներ, եւ քաղաքական էլիտան առաջին հերթին պետք է մտածի դրա մասին: Եթե ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման շրջանակում դրվեր Հայաստանում ներդրումներ կատարելու հարցը, ընդունելի կլիներ ինձ համար, բայց այդպես չէ: Ու այս դեպքում ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու կարեւորությունը ո՞րն է:

«ԵԹԵ ԵՄ-Ն ՄՏԱՀՈԳ Է ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ, ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԲԵՐԻ ԱՅՍՏԵՂ»

Հայաստանյան քաղաքական էլիտայի որոշ շրջանակներ այս համաձայնագրի ստորագրումը կարեւորում են նրանով, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ ամուր հիմքեր ստեղծել, կառավարման համակարգի կառուցվածքը մոտեցնել Եվրամիության չափանիշերին եւ վերջապես` ստանալ դեպի Եվրոպա` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ...

– Մարդու իրավունքներ չեն ծնվում դատարկ տնտեսական հարթության մեջ: Մարդու իրավունքները սկսվում են այնտեղից, երբ քաղաքացին կարողանում է գոնե մինիմալ պայմաններով ապահովվել: Իսկ եթե Եվրամիությունը մտահոգ է Հայաստանում մարդու իրավունքներով, թող առաջին հերթին եվրոպացի ներդրողներ բերի այստեղ եւ նպաստի ոչ թե մի քանի անձերի, այլ Հայաստանի հարստացմանը: Ինչ վերաբերում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմի անցնելու` կոնֆետի պես փաթեթավորված խոստմանը, չե՞ք կարծում, որ դա էլ է հղի վտանգներով: Հայաստանը` փոքրիկ բնակչությամբ, ծնելիության ցածր մակարդակով երկիր է, եւ երիտասարդների Եվրոպա գնալով` այն դեմոգրաֆիկ լուրջ խնդրի առաջ է կանգնելու: Իհարկե, հասկանալի է Եվրոպայի ցանկությունը, նրանք ուզում են ընդունել հայերի, բելառուսների, ուկրաինացիների եւ հարստացնել իրենց գենոֆոնդը, մարդկային ռեսուրսները, բայց արդյոք դա լավ է Հայաստանի համար: Սա շատ մեծ հարց է: Այսօր աշխարհում տաղանդավոր մարդկանց «որս է» գնում, եւ վիզային ռեժիմի ազատականացումը կբերի նրան, որ տաղանդավոր մարդիկ կշտապեն Եվրոպա, ինչը քաղաքական մտահոգության առիթ պետք է լինի: Այ, սա պետք է քննարկեն քաղաքական գործիչները, թե ինչպես անել, որ տաղանդավոր մարդիկ չարտագաղթեն եւ մնան երկրում: Եվրոպան ուզում է սովորեցնել, թե ինչպես ապրել, բայց, չգիտես ինչու, նյութական աջակցության մասին չի խոսում: Էլի եմ ասում` նախ թող սուբսիդավորումների եւ մանր ու միջին բիզնեսին աջակցելու մասին խոսեն, հետո նոր` ԼԳԲՏ իրավունքների:

«ԱՅՍՕՐ ԵՎՐՈՊԱՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է, ԹԵ ՀԱՅՐԻԿԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ»

Գաղտնիք չէ, որ նույն Եվրամիությունը` իր դեսպանատներով հանդերձ, տարիներ շարունակ գրանտներ է տրամադրել, որպեսզի Հայաստանի քաղաքական օրակարգ մտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են յուվենալ արդարադատությունը, գենդերային օրենքները եւ այլն: Ինչպե՞ս պետք է պայքարենք ընտանեկան արժեքները խեղաթյուրող այսպիսի նախաձեռնությունների դեմ:

– Պայքարել պետք է առաջին հերթին քաղաքացիական հասարակության հարթակներում: Վերջիվերջո, մենք 19-րդ դարում չենք, կարելի է բանակցել, թող իրենք առաջարկեն իրենց ԼԳԲՏ-ական օրենքները Հայաստանին, բայց այստեղ կարեւոր է, որ հայաստանյան քաղաքական էլիտան այնքան ողջախոհ գտնվի, որպեսզի կարողանա նախեւառաջ մտածել իր երկրի ապագայի մասին: Իհարկե, Հայաստանի բախտը բերել է, որ քաղաքական էլիտայի շարքերում դեռ չկան այդպիսիք, սակայն չեմ ուզում գնահատականներ տալ, ինչը կոռեկտ չի լինի իմ կողմից:

Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, թե Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ չկան, բայց նրանցով պետք է զբաղվեն հոգեբանները, բժիշկները, այլ ոչ թե այն քաղաքական օրակարգի հարց դառնա: Մենք գիտենք, որ ընտանիքն ունի հայրիկ եւ մայրիկ, իսկ այսօր Եվրոպան սովորեցնում է, թե հայրիկը կարող է լինել նաեւ իգական սեռի, ընդունեք, որ հեշտ չէ ընկալել: Նաեւ չենք կարող ընդունել, որ երեխան իր կենսաբանական սեռն ունենալով` կարող է իր համար նոր սեռ ընտրել: Եթե ինչ-որ մեկն ուզում է փոխել իր սեռը, դա բացառապես իր խնդիրն է, բայց սա չի կարելի սարքել քաղաքական բանավեճի առարկա: Մի՞թե համասեռամոլների հարցը առաջին խնդիրն է, որոնց հարցով քաղաքական բարձրաստիճան էլիտան պետք է զբաղվի: Թող քննարկեն այս հարցը, երբ բոլոր խնդիրները լուծած կլինեն, ու էլ քննարկելու բան չի լինի: Յուրաքանչյուր մարդ, որը լույս աշխարհ է գալիս, ունի իր սահամանդրական իրավունքները, որը պետությունը պաշտպանում է` ով էլ նա լինի, թող բավարարվեն դրանով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաեւ մեր հարեւանների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին Ա. Ռուսակովի դիտարկումները կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА